

Երևանում ջրապահանջը տարեցտարի ավելանում է՝ պայմանավորված կառուցապատման ավելացման, բնակչության թվի աճի, կլիմայի փոփոխությամբ։ Ջրապահանջի ավելացման մասին նշված է նաև Երևանի նոր հատակագծում, որը Երևանի ավագանին հաստատեց 2024թ. սեպտեմբերի 10-ին:
Ըստ նոր գլխավոր հատակագծի՝ մայրաքաղաքում խﬔլու և արտադրական նպատակներով ջրի պահանջարկը փաստացի 254.563 հազար խմ/օր-ից հեռանկարում կհասնի 330.932 հազար խմ/օր-ի: Արտադրական կարիքների համար տեխնիկական որակի ջրի պահանջարկը փաստացի 50.889 հազար խմ/օր-ից հեռանկարում կհասնի 66.156 հազար խմ/օր-ի: Միևնույն ժամանակ, հատակագծից պարզ է առնում, որ Երևանի խﬔլու ջրամատակարարման աղբյուրների մի մասի պաշարները կա՛մ հաստատված չեն, կա՛մ վերագնահատման կարիք ունեն։ 13 ջրաղբյուրներից 5-ի՝ Արզականի, Գյումուշի, Արզնիի, Ծարավ աղբյուրի, Գետաﬔջի շահագործման պաշարները հաստատված չեն։ 3 ջրաղբյուրի՝ Գառնիի, Ապարանի, Կաթնաղբյուրի դեպքում նշվում է վերանայման կամ վերագնահատման անհրաժեշտության մասին։ Միայն 2 ջրաղբյուրի՝ Ձորաղբյուրի և Երևանյան ՀԷԿ-ի աղբյուրների պաշարներն են հաստատված։ Առինջի դեպքում նշվում է, որ աղբյուրը կարելի է պահեստավորել՝ խիստ անհրաժեշտ պայմանների համար։ Շոր-Շորի դեպքում նշվում է, որ անհրաժեշտ է վերանայել նրա օգտագործման նպատակահարմարությունը Երևանի խﬔլու ջրամատակարարման համար: Գայ-Հայկաշեն Առաքելյան I-II, III-IV հերթ-ի համար ընդհանրապես ոչինչ չի նշվում:
Էկոլուրը հարցում է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու․
· Արդյո՞ք նախարարությունը գնահատում է Երևանին խմելու և տեխնիկական որակի ջուր ապահովող ջրաղբյուրների պաշարների վիճակը կլիմայի փոփոխության պայմաններում ջրի ռացիոնալ օգտագործման համար պաշարների վերաբերյալ հստակ պատկեր ունենալու համար։
· Ուսումնասիրե՞լ է, թե կառուցապատման աճով պայմանավորված Երևանին մատակարարվող ջրային ռեսուրսների պահանջարկի ավելացման դեպքում ինչ նոր ջրաղբյուրներ են շահագործվելու այդ պահանջարկի բավարարման համար։
· Ինչի՞ հիման վրա է չգնահատված ջրաղբյուրներից ջրամատակարարում իրականացվում և արդյոք կա՞ ջրաղբյուրներից օգտվելու ջրօգտագործման թույլտվություն և ի՞նչ ծավալով։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության 05․09․2025թ․ № 5/07.3/9983 նամակում որևէ տեղեկություն չկա ջրաղբյուրների պաշարների վիճակի գնահատման, նոր ջրաղբյուրների շահագործման համար ուսումնասիրությունների մասին։ Նախարարության տրամադրած հղմամբ ՋԹ-ների մասին տեղեկատվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ստացել է ՋԹ-ներ ինչպես չհաստատված պաշարներով, այնպես էլ վերագնահատման, կամ նպատակահարմարության գնահատման անհրաժեշտություն ունեցող ջրաղբյուրներից ջրառ իրականացնելու համար։ Նախարարության նամակում նշված է․ «Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին 2018 թվականի փետրվարի 23-ից մինչև 2023 թվականի փետրվարի 23-ը գործողության ժամկետով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք 2022 թվականին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված դիմումի համաձայն երկարաձգվել են նույն պայմաններով մինչև 2028 թվականի օգոստոսի 21-ը։
Տրվել է 43 ջրօգտագործման թույլտվություն, այդ թվում՝ Երևան քաղաքի սպասարկման համար՝ 9 ջրօգտագործման թույլտվություն: Համաձայն վերոնշյալ ջրօգտագործման թույլտվությունների՝ Երևան քաղաքի ջրահեռացումն իրականացվում է 2 կետով՝ 1-ին կետով իրականացվում է Աէրացիա մաքրման կայանից դեպի Հրազդան գետ և 2-րդ կետով՝ Հրազդան գետ: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրված գործող ժամկետով ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։
Երևան քաղաքի ջրամատակարարման համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ջրառը և ջրահեռացումն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունների պայմաններին և պահանջներին համապատասխան»։
Երևանը ջրով ապահովող ջրային ռեսուրսների պաշարների փոփոխության վերաբերյալ որոշ տվյալներ Էկոլուրին տրամադրել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։ Էկոլուրի հարցմանն ի պատասխան Ընկերության 17․09․2025թ․ թիվ ՄԾ/33933 նամակում նշված է․ «․․․Բացահայտվել է, որ 2013թ-ից մինչև 2023թ-ը ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է շուրջ 24%-ով։ Բացի այդ, աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում առաջանում է ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման և ու հզորացման պահանջ։ Մեր հաշվարկներով՝ 2017-2024թթ․ ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտներին տրվել է ավելի քան 2000լ/վ ջրաքանակի տեխնիկական պայման, որը կազմում է դեպի Երևան մատակարարվող ջրի շուրջ 20%-ը։ Գնահատելով քաղաքի զարգացման ներկայիս տենդենցը՝ ընկերությունը ՀՀ կառավարությանը և պատկան մարմիններին ներկայացրել է իր մտահոգությունները, և ներկայումս այդ ուղղությամբ ընթանում են ուսումնասիրություններ և քննարկումներ»։
«Վեոլիա ջուր»-ը պարզաբանում է, որ 2017թ. հունվարի 1-ին մեկնարկած ՀՀ կառավարության հետ կնքված վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ստանձնել է մեկնարկային օրվա դրությամբ առկա տեխնիկական վիճակում գտնվող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեին ամրացված և պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի գույքի օգտագործման իրավունքը։ Պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվություն է կրում միայն վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների համար: Սպասարկման ողջ տարածքի բնականոն ջրամատակարարման և ջրահեռացման ապահովման համար Ընկերության ներդրումային պարտավորությունը Վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 40.86 միլիարդ դրամի (առանց ԱԱՀ) «Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի» իրականացմամբ, որը խիստ անբավարար է համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու, այն վերակառուցելու և արդիականացնելու համար: Պայմանագրով սպասարկման տարածքում գույքի խոշոր նորոգումների, ցանցի ընդլայնման և նորացման կապիտալ աշխատանքների ֆինանսավորումը Վարձատուի՝ ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունն է։
Միևնույն ժամանակ «Վեոլիա ջուր»-ը հայտնում է, որ տասնյակ տարիներ անհրաժեշտ չափով ներդրումներ չեն կատարվել համակարգի հուսալիության ապահովման, օրեցօր զարգացող Երևան քաղաքի ավելացող կարիքների բավարարման համար առկա համակարգերի հզորացման և/կամ նորերի կառուցման, նոր ջրաղբյուրների ներգրավման համար։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի համաձայն՝ 2014-2023թ․ ընթացքում Երևանում տրամադրվել է 23 995 շինարարական թույլտվություն, 14564 նախագծման թույլտվություն:
Օրերս լրատվավամիջոցների հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով Էկոլուրի հարցին, թե արդյոք նորակառույցների ավելացման պայմաններում ունենք բավարար ջրային ռեսուրսներ՝ սպասարկելու նոր շենքերը, ասաց․ «Այս հարցը պետք է տալ մեր կառավարության գործընկերներին և «Վեոլիա ջուր» ընկերությանը, ովքեր այս թեմայով ունեն կոնկրետ բանակցություն, որովհետև նոր ջրագիծ պետք է կառուցվի նոր աղբյուրից, որը, լրիվ նոր գիծ է ապահովելու Երևան քաղաքի համար։ Բայց այս պահի դրությամբ, համենայնդեպս, լավ-վատ ջրամատակարարումն ապահովվում է։ Նաև պետք է հաշվի առնենք, որ կորուստները տարին տարին տարու վրա նվազում են նաև «Վեոլիա» ընկերության աշխատանքների շնորհիվ»:
Նշենք, որ Կենտրոնական Հայաստանի, որտեղ գտնվում է մայրաքաղաք Երևանը, խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը համարվում են Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը, որոնք տարեցտարի նվազում են ջրային ռեսուրսների գերշահագործման, կլիմայի փոփոխության հետևանքով։
Սույն նյութը պատրաստվել է «Նոր մարտահրավերներ Երևանի զարգացման համար և դրանց հաղթահարման հնարավորությունները» ծրագրի շրջանակներում՝ CEE Bankwatch միջազգային ցանցի աջակցությամբ։
Սեպտեմբեր 19, 2025 at 16:22
