

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»
Հոկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Կանանց դերը համայնքների կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման գործում» խորագրով երկօրյա ուսուցողական աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից՝ Հայաստանի համայնքների միության և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի հետ համատեղ։
Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել թիրախային լսարանի իրազեկվածությունը Քաղաքապետերի դաշնագրի նպատակների և առաջընթացի, Հայաստանում կլիմայի փոփոխության մարտահրավերների և ազդեցությունների, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործում կանանց դերի, կլիմայական ռազմավարություններում գենդերային հարցերի ինտեգրման և այլ հարցերի վերաբերյալ:
Աշխատաժողովին մասնակցեցին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանն անդամակցող համայնքապետարանների 30-ից ավելի կին մասնագետներ, ովքեր ՏԻՄ-երում ներգրավված են որոշումներ կայացնելու գործընթացներում և/կամ պատասխանատու են Դաշնագրին առնչվող գործողությունների համակարգման համար։ Աշխատաժողովը մեկ հարկի ներքո համախմբեց նաև համայնքներում բնապահպանության, կլիմայի, էներգետիկայի ոլորտներում գործող կանանց կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ ոլորտներում աշխատող տեղական և միջազգային կազմակերպությունների փորձագետներին:
Ընդգծելով միջոցառման կարևորությունը և յուրահատկությունը՝ Արտեմ Խարազյանը նշեց. «Ինչպես բովանդակության, այնպես էլ ձևաչափի առումով, այս աշխատաժողովը նոր է մեր ծրագրի համար, քանի որ որպես թիրախային խումբ ընտրված են բացառապես կանայք, իսկ ներկայացվող և քննարկվող թեմաները նվիրված են կանանց դերին համայնքների կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման գործընթացներում: Երկրորդ յուրահատկությունն այն է, որ ի տարբերություն նախկինում կազմակերպված միջոցառումների, որոնց մասնակցում էին միայն համայանքապետարանների մասնագետները, այս աշխատաժողովին հյուրընկալում ենք նաև համայնքներում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչը կարող է լինել ծրագրի և ՀԿ-ների միջև հեռանկարային համագործակցության սկիզբ»։
Անդրադառնալով կլիմայի փոփոխության ազդեցություններին՝ Արտեմ Խարազյանն ընդգծեց, որ դրանց հետևանքներն արդեն զգացվում են ամբողջ աշխարհում՝ նկատելի վնասներ պատճառելով էկոհամակարգերին և տնտեսություններին, սպառնալով համայնքների կայուն զարգացման գործընթացին։ Միևնույն ժամանակ, կլիմայի փոփոխությունը սրում է առկա սոցիալական և գենդերային անհավասարությունները՝ ստեղծելով անհամաչափ բարձր ռիսկեր ամենախոցելի խմբերի համար, որոնց թվում են նաև կանայք և աղջիկները։ Մյուս կողմից կանայք հանդիսանում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ամենաակտիվ ջատագովներ, ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ համայնքային և պետական կառավարման մակարդակում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում համագործակցության պատասխանատու Սոնյա Լոպեսը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշեց. «Համայնքապետարանները կարող են աջակցել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում իրենց ծրագրերի միջոցով։ Տեղական մակարդակում նրանք կարող են բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության և դրա ազդեցության վերաբերյալ»։ Նա փաստեց՝ կլիմայի փոփոխությունն անհամաչափ է ազդում կանանց վրա և վստահեցրեց՝ ԵՄ-ն ամեն ինչ անում է տարբեր միջոցառումների իրականացմամբ, որ կանանց մասնակցությունն ավելի ակտիվանա կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտում։
Տեսաուղերձով մասնակիցներին ողջունեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Քաղաքականության և ինստիտուցիոնալ հարաբերությունների համակարգող Մարիա Ֆալալեևան։
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանն իր ողջույնի խոսքում նշեց՝ կանայք առաջամարտիկ են գոյություն ունեցող խնդիրները լուծելու հարցում իրենց համայնքներում, ընտանիքներում և տարբեր ոլորտներում։ Նա, դիմելով կին-մասնակիցներին, վստահեցրեց՝ պետք չէ սպասել կատարյալ համակարգերի, փոխարենը պիտի սկսել գործել համարձակ ու վճռական՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր համայնքում բարիք ստեղծելով։
«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը շեշտեց կանանց առաջնորդության և համատեղ գործողությունների կարևորությունը կլիմայական ու էներգետիկ մարտահրավերների հաղթահարման գործում։ Նա բացեց «Կանանց դերը կլիմայի և էներգետիկայի ոլորտում» խորագրով պանելային քննարկումը, որի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները և ոլորտային փորձագետները խոսեցին ամենատարբեր խնդիրներից, որոնց բախվում են կանայք իրենց գործունեության ընթացքում։
Զեկուցումներով հանդես եկան ոլորտային մասնագետները։ ՄԱԶԾ Հայաստանի Կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյան ներկայացրեց «Կլիմայի փոփոխությունը՝ մարտահրավերներն աշխարհում և Հայաստանում. քաղաքականության զարգացումներ» թեման, Խոցելիության և գենդերային հարցերով փորձագետ Աստղիկ Միրզախանյանը խոսեց կլիմայի փոփոխության գործողություններում համայնքների, երիտասարդության, խոցելի խմբերի և գենդերային բաղադրիչի ներառման կարևորության մասին, Կլիմայի փոփոխության հարմարվողականության փորձագետ Գոհար Հովհաննիսյանը ներկայացրեց «Կլիմայի փոփոխությունը Հայաստանում. խոցելիություն և հարմարվողականության հարցերը համայնքներում և սոցիալական ներառականությունը» թեման, իսկ Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը՝ «Կլիմայի փոփոխության մեղմման լուծումները Հայաստանում և համայնքային մակարդակում» թեման։
Աշխատաժողովի 2-րդ օրն անցկացվեց «World Café» խմբային քննարկումների ձևաչափով, «Կանայք առաջ են մղում էներգետիկ արդար անցումը. առաջնորդություն, նորարարություն և ազդեցություն» խորագրով պանելային քննարկումը՝ համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչների և ոլորտային հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։ World Café ձևաչափը հնարավորություն տվեց ավելի ինտերակտիվ, մասնակցային, բաց և գրավիչ միջավայր ստեղծել մասնակիցների համար՝ փորձի փոխանակման, գաղափարների փոխանակման և գործնական լուծումների շուրջ համագործակցելու համար։
Խմբային քննարկումների միջոցով մասնակիցներն ուսումնասիրեցին ոլորտային քաղաքականությունների մշակման, խոցելիության վերհանման, կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմման և հարմարվողականության ծրագրերում, ինչպես նաև տնային տնտեսությունների մակարդակում կանանց և խոցելի խմբերի առնչությամբ, իրավիճակը և խնդիրները, քաղաքականության բացերը, հնարավոր լուծումները։
Միջոցառման եզրափակիչ մասը ներառեց «Կանայք առաջ են մղում էներգետիկ արդար անցումն. առաջնորդություն, նորարարություն և ազդեցություն» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցեցին Սևան, Արթիկ, Ապարան, Վանաձոր և Ակունք համայնքների ներկայացուցիչները:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ԵՄ կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը ներկայացնել Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին: Ծրագիրը աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման և էներգամատակարարման անվտանգություն ամրապնդման գործում և նպաստում նրանց մասնակցությանը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացներում: Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականի սեպտեմբերին: Ծրագրի առաջին փուլը (2011-2015թթ.) ընդգրկել է ԱլԳ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների 11 երկիր: Երկրորդ փուլի շրջանակներում (2016-2020թթ.) ծրագրում ընդգրկվել են ԱլԳ տարածաշրջանի վեց երկրները: Երրորդ փուլը (2021-2025թթ.) աջակցում է ԱլԳ 5 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) համայնքներին: Հայաստանում ծրագիրը համագործակցում է Դաշնագրին անդամակցող ՀՀ 30 համայնքների հետ։
Հոկտեմբեր 10, 2025 at 15:22
