

Մերի Ալեքսանյան, Երկիր
Մինչ Հայաստանում մենք վայելում ենք բավականին մեղմ ձմեռային եղանակը, աշխարհի տարբեր ծայրերում գրեթե ամեն օր բնակլիմայական աղետներ են գրանցվում: Եղանակը դարձել է անկանխատեսելի եւ անկառավարելի:
Եղանակային տհաճ անակնկալները, ըստ մասնագետների, կլիմայի գլոբալ փոփոխության կամ, այսպես կոչված, գլոբալ տաքացման հետեւանք են:
Սակայն, գլոբալ տաքացումը չի ենթադրում միայն ջերմաստիճանի բարձրացում: Եթե հարավային կիսագնդի որոշ երկրներում երաշտ, անտառային հրդեհներ կամ ջրհեղեղներ են, ապա հյուսիսային կիսագնդի շատ երկրներում` սառնամանիքներ, բուք, մառախուղ ու ձյան առատ տեղումներ:
Հունվար ամսվա համար աննախադեպ ցածր ջերմաստիճան է գրանցվել Եվրոպայի ավելի քան 10 երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Պոլշայում: Առատ ձյան եւ ձնաբուքի պատճառով խաթարվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, ավտոճանապարհների մերկասառույցը վթարների եւ մարդկային զոհերի պատճառ է դառնում: Ձյան հաստ շերտով պատված կամ սառած թռիչքուղիների պատճառով օդանավակայաններում հետաձգվել են չվերթները:
Մեծ Բրիտանիայում սաստիկ ցրտեր են: Տեղացած ձյան շերտի հաստությունը հասել է 30 սանտիմետրի: Շվեյցարիայում որոշ վայրերում ջերմաստիճանը իջել է միջեւ մինուս 38,8 աստիճանի: Ճանապարհների մի մասը անանցանելի է: Գրեթե նույն վիճակն է Դանիայում: Փրկարար ծառայությունները չեն հասցնում արձագանքել բոլոր արտակարգ պատահարներին: Թռիչքները հետաձգված են: Ձյան առատ տեղումների պատճառով Գերմանիայում խաթարվել է ցամաքային եւ օդային հաղորդակցությունը:
Պոլշայում ցրտից եւ ձնաբքից գրանցվել են մարդկային զոհեր: Էստոնիայում նույնպես աննախադեպ տեղումներ են. տեղացած ձյան հաստությունը Թալինում հասել է 60 սանտիմետրի: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ Եվրոպայում ցրտերը դեռ կշարունակվեն:
Ռուսաստանում նույնպես սաստիկ ցրտեր են: Որոշ հատվածներում ջերմաստիճանը իջել է մինչեւ մինուս 48-53 աստիճան: Օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն:
Եղանակը անակնկալի է բերել Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակիչներին: Վերջին 50 տարիների ընթացքում գրանցված ամենաառատ տեղումները կաթավածահար են արել մայրաքաղաքի բնականոն կյանքը:
Եղանակը տհաճ անակնկալներ է մատուցել նաեւ երկրագնդի մյուս հատվածներում:
Հնդկաստանում տասնյակ մարդիկ դարձել են անսպասելի ցրտերի զոհ: Ջերմաստիճանի կտրուկ նվազումն ուղեկցվել է ձյան առատ տեղումներով եւ թանձր մառախուղով, գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ:
Իսկ հարավային կիսագնդի շատ հատվածներում հորդառատ անձրեւներ են ու ջրհեղեղներ, որոնց արդյունքում մարդկային զոհեր կան: ԱՄՆ որոշ նահանգներում մոլեգնում են ուժեղ քամիները: Կալիֆորնիա նահանգներում փոթորիկը քանդել է բազմաթիվ տներ, արմատախիլ արել հսկա ծառեր: Հարավային Կալիֆորնիայում նաեւ ջրհեղեղներ են սկսվել, որոնք խլել են մարդկային կյանքեր: Ջրհեղեղների հետեւանքով ճանապարհների անանցանելի են: Քամին տապալել է հսկա ծառեր եւ հեռագրասյուներ: Մեծ է փլուզումների եւ սողանքների վտանգը: Բրազիլիայում սողանքների հետեւանքով մարդկային զոհեր են եղել: Միաժամանակ, ԱՄՆ որոշ նախանգներում ջերմաստիճանը կտրուկ իջել է` դառնալով ցրտահարումների պատճառ:
Մինչ ԱՄՆ-ում առատ տեղումներ են, կանաչ մայրցամաքը` Ավստրալիան ջրի կարիք ունի: Ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 43 աստիճան: Տապից փրկվելու համար մարդիկ փողոցներում մտնում են շատրվանների տակ: Սաստիկ շոգերը անտարային հրդեհների պատճառ են դարձել, որոնք հասել են նաեւ մարդկային բնակավայրերին: Փրկարարները անկարող են բնական տարերքի դեմ, նրանց են միացել հայուրավոր կամավորներ: Հարավային Ուելսում նույնպես անտառային հրդեհներ են:
Այն, ինչին մենք այսօր ականատես ենք, մասնագետներն անվանում են գլոբալ տաքացում: Հետազոտողները այս երեւույթի վերաբերյալ կանխատեսումներ էին անում դեռեւս անցյալ դարի 60-70-ական թվականներին:
Իսկ ինչի՞ արդյունք է գլոբալ տաքացումը: Գիտնականների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ գլոբալ տաքացումների պատճառը մթնոլորտում «ջերմոցային գազերի» (ածխածնի երկօքսիդը` ածխաթթու գազ, օզոն, մեթան, ազոտի երկօքսիդ եւ արդյունաբերական ծագում ունեցող այլ գազեր) քանակի ավելացումն է: Ջերմոցային գազերը մթնոլորտում առաջանում են ինչպես բնական պրոցեսների արդյունքում, այնպես էլ մարդկային գործոնով պայմանավորված: Վառելանյութի օգտագործման ծավալների անընդհատ մեծացումը, վտանգավոր արտանետումները աղտոտում են մթնոլորտը: Դրան զուգահեռ պակասում են անտառները եւ կանաչապատ տարածքները, որոնք կլանում են ածխաթթու գազը` գլոբալ տաքացման հիմնական «մեղավորին»:
Մարդու գործունեության հետեւանքով մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի մեծ քանակը թույլ չի տալիս, որպեսզի արեգակից մեր մոլորակ հասնող էներգիան երկրի մակերեւույթից անդրադառնա տիեզերք: Ջերմությունը մնում է մթնոլորոտում, որի արդյունքում առաջանում է «ջերմոցային էֆեկտ»: Եթե վտանգավոր արտանետումների ծավալը չկրճատվի, ապա, ըստ հաշվարկների, առաջիկա 50 տարիների ընթացքում երկրի ջերմաստիճանը կբարձրանա միջինում 5.5 աստիճանով: Գլոբալ տաքացման հետեւանքով Անտարկտիդայում հալչող սառցաբեկորները կարող են ջրի տակ առնել մայրցամաքների մի հատվածը: Ըստ վերջին հաշվարկների` օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 6 մետրով:
Պետք է նշել, որ կլիմայի գլոբալ մարդածին փոփոխության գաղափարը ոչ բոլոր հետազոտողներն են ընդունում` պատճառաբանելով, որ կլիմայի արդի գլոբալ փոփոխությունը կլիմայի պարբերական տատանումների մի փուլ է, որ նման տաքացումներ եւ ցրտեցումներ եղել են նաեւ անցյալում:
Ջերմոցային էֆեկտի հիմնական պատճառը, ինչպես նշեցինք, ածխաթթու գազն է, որի ծավալը միայն վերջին 200 տարիների ընթացքում ավելացել է 30 տոկոսով: Դա պայմանավորված է վառելիքի (նավթամթերքների, գազի, քարածխի, տորֆի, փայտի եւ այլն) օգտագործման ծավալների անընդհատ մեծացումով: Հետեւաբար կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ կարելի է պայքարել` կրճատելով մարդու գործունեության հետեւանքով առաջացած վտանգավոր արտանետումները եւ անտառները եւ կանաչապատ մակերեսները:
Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար անցյալ տարվա դեկտեմբերի 7-18-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության կոնվենցիայի» եւ «Կիոտոյի արձանագրության» բարձրագույն մարմնի կողմ երկրների համաժողովը, որին ներկա էին 119 երկրից 49 հազար մասնակիցներ: Կոնվենցիայի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները այնքան, որպեսզի կանխվի համամոլորակային կլիմայի վտանգավոր փոփոխությունը: Իսկ Կիոտոյի արձանագրությամբ սահմանված են 2008-ից մինչեւ 2012 թվականը ջերմոցային գազերի կրճատման պարտավորությունները զարգացած 39 երկրների համար:
Համաժողովը ձախողվեց արդյունաբերական խոշոր տերությունների միջեւ հակասությունների պատճառով:
Փետրվար 05, 2010
