Արմենպրես
ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան 2010 թվականը հռչակել է Կենսաբազմազանության միջազգային տարի` կենսաբազմազանության շարունակվող կորստին միջազգային հանրության ուշադրությունը գրավելու նպատակով:
Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ազգային համակարգող Տատյանա Դանիելյանը, Կենսաբազմազանության միջազգային օրը նախատեսվում է իրականացնել Կարմիր գրքի մասին բուկլետների հրատարակության շնորհանդեսը, որը նախատեսված կլինի դպրոցահասակ երեխաների համար: «Նման տեղեկատվական բուկլետների միջոցով կբարձրանա երեխաների տեղեկացվածության մակարդակը, որը չափազանց կարեւոր է»,- ասաց Տատյանա Դանիելյանը:
Նրա խոսքով` տարվա շրջանակներում կլինեն նաեւ այլ տեսակի միջոցառումներ: 2010 թվականին Կենսաբազմազանության միջազգային տարվա անցկացումը հետապնդում է մի շարք նպատակներ` կենսաբազմազանության պահպանության եւ նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, կենսաբազմազանության պահպանության ոլորտում համայնքային եւ ազգային մակարդակներում նվաճումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, նորարարական որոշումների ընդունում, որոնք կմեղմացնեն կորուստների վտանգը:
Նշենք, որ Կենսաբազմազանության միջազգային տարվա համակարգող է նշանակվել Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիայի քարտուղարությունը: Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիան հանդիսանում է միջազգային պայմանագիր` կենսաբազմազանության պահպանության եւ կենսապաշարների ռացիոնալ օգտագործման, կենսաբազմազանության օգուտների արդարացի եւ հավասար համատեղ օգտագործման ոլորտում: Կոնվենցիան ստորագրել է 193 երկիր, այդ թվում` Հայաստանը:
Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիան նախատեսում է, որ պետությունները պատասխանատվություն են կրում իրենց կենսաբազմազանության պահպանության եւ կենսաբանական ռեսուրսների կայուն օգտագործման համար: Պետությունները մշակում են ազգային ռազմավարություններ եւ կենսաբազմազանության պահպանության ու կայուն օգտագործման պլաններ` միավորելով դրանք շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման ոլորտում ավելի լայն ազգային պայմաններում:
Դա հատկապես կարեւոր է այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են անտառաբուծությունը, գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը, էներգետիկան եւ քաղաքաշինությունը:
Մայիս 14, 2010
