2021թ. փետրվարի 10-ին տեղի ունեցավ «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030թթ. «Ազգային մակարդակով սահմանված/նախատեսվող գործողությունները» հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախագիծը շրջանառության մեջ է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երկշաբաթյա ժամկետով՝ մինչև փետրվարի 12-ը, դրա վերաբերյալ դիտողություններ, դիտարկումներ ու առաջարկություններ կատարելու նպատակով:
Ելույթներով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը և ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:
ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի թիվ 41 արձանագրային որոշմամբ հաստատված ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները (INDC) ներկայացվել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարություն՝ որպես Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Փարիզյան համաձայնագրի ներքո:
Փարիզյան համաձայնագրի հաստատումից հետո (2016թ.) բոլոր երկրներին առաջարկվել էր մինչև 2020թ. դեկտեմբեր ներկայացնել իրենց դիրքորոշման վերանայված տարբերակը և ավելի հավակնոտ նպատակներ առաջադրել՝ սահմանափակելու ջերմոցային գազերի արտանետումները:
Ռուզաննա Գրիգորյանը նշեց, որ, վերանայելով փաստաթուղթը, հնարավորություն է ընձեռվում Հայաստանի համար՝ ներդաշնակեցնելու ազգային մակարդակով սահմանված գործողությունների ժամկետները համաձայնագրի անդամ պետությունների մեծամասնության համար սահմանված ժամկետներին՝ 2021-2030թթ.:
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն ասաց. «Մինչև 2015թ. Փարիզյան համաձայնագրի հստակ ձևաչափ չկար, և տարբեր երկրներ տարբեր ժամկետներ, տարբեր մոտեցումներ էին ընդունել՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար: Սակայն համադրելիության ապահովման և ժամկետների ու ձևաչափերի համար առաջարկվել էր այդ աղյուսակային տեսքը, որով Հայաստանը մշակել է իր թարմացված վերանայումը: 2015թ. Հայաստանի կողմից ներկայացված առաջին ԱՍԳ-ն (ազգային մակարդակով սահմանված գործողություններ) ամբողջությամբ պահպանվում է: Պահանջ կա, որ երկրները հինգ տարին մեկ պետք է ներկայացնեն իրենց զեկույցները ջերմոցային գազերի արտանետումների ցուցանիշների վերաբերյալ, ինչը Փարիզյան համաձայնագրի անկյունաքարն է: Այդ հստակությունը չկար Հայաստանի առաջին ազգային գործողությունների ծրագրում»: Նրա խոսքով` առաջարկված փաստաթղթում հիմնական թիրախային ցուցանիշը՝ 2030թ. ջերմոցային գազերի նվազեցման գնահատումը, արվել է ՀՀ կառավարության կողմից նոր հաստատված էներգետիկ ոլորտի քաղաքականության հիման վրա:
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության և պատճառների մասին խոսեց «ԵՄ-ն կլիմայի համար» ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի hայաստանյան բաղադրիչի ղեկավար Արտակ Բաղդասարյանը: Նա նշեց Հայաստանի վերանայված ԱՍԳ-2020-ի փոփոխությունները: Դրանք են՝
- Կրճատել ԱՍԳ-ի 35-ամյա ժամանակահատվածը մինչև 10 տարի՝ 2015-2050թթ. փոխարեն դիտարկելով 2021-2030թթ.:
- Դիտարկել արտանետումների նվազեցման բացարձակ՝ 2030թ. թիրախի օգտագործումը 1990-ի ելակետով:
- Նշված ժամանակաշրջանի համար հրաժարվել ածխածնի բյուջեի և մեկ շնչի հաշվով ածխածնի բյուջեի ցուցանիշի օգտագործումից:
- նԿիրառել թափանցիկության ապահովման հաշվառելի ցուցանիշներ, ինչպիսիք են ՀՆԱ-ի էներգատարությունը կամ ջերմոցային գազերի արտանետումները ՀՆԱ-ի մեկ միավորի համար:
- Ապահովել հղումներ ոլորտային ռազմավարություններին և ծրագրերին:
- Նախատեսել ԱՍԳ-2020-ի իրականացման պլան, որը կհստակեցնի անհրաժեշտ պատասխանուտներին, ֆինանսական ռեսուրսները և ինստիտուցիոնալ կարողությունները:
Քննարկման ժամանակ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան «Ազգային ջրային համագործակցություն» էկոլոգիական ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը, «Խազեր» ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, փորձագետ Համլետ Մելքոնյանը, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Արտյոմ Պետրոսյանը, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ»-ի Ռազմավարական կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը, փորձագետ Ռոզա Ջուլհակյանը, Մասիս Սարգսյանը:
Հիմնական դիտարկումները վերաբերում էին նախագծի վերաբերյալ առաջարկությունների կամ դիտողությունների համար սահմանված ժամկետի սղությանը: Մասնակիցներին առաջարկվեց իրենց առաջարկություններն ու դիտողությունները, այդ թվում՝ նախագծի քննարկման ժամկետի երկարացման (նաև փետրվարի 12-ից հետո) վերաբերյալ, տեղադրել www.e-draft.am կայքում:
Փետրվար 12, 2021 at 13:26