

Ինչպես խելամիտ գյուղատնտեսություն վարել կլիմայի փոփոխության պայմաններում, ինչ քայլեր են ձեռնարկվում ոլորտի կարգավորման համար հասարակական սեկտորի կողմից: 2021թ. ապրիլի 13-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Պարենային անվտանգությունը և կլիմայի փոփոխությունը» փորձագիտական կլոր սեղանի ժամանակ «Կանաչ արահետ» ՀԿ-ի իրականացրած աշխատանքներով ու փորձով կիսվեց կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը:
Նա նշեց, որ կլիմայի փոփոխությունն ու բնական աղետները երբեմն անդառնալի հետևանք են թողնում գյուղատնտեսության ոլորտի վրա, սակայն այդ ուղղությամբ հնարավոր է որոշակի քայլեր իրականացնել: Մասնավորապես, բանախոսն ընդգծեց, որ բնական աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու նպատակով ֆերմերներին պետք է առաջարկել աճեցնել այլ բույսեր, այլ սորտեր, վաղահաս և միջահաս տեսակներ: Նա նշեց, որ ավելի խելամիտ կերպով գյուղատնտեսություն վարելու դեպքում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքների: Այդ նպատակով «Կանաչ արահետ» ՀԿ-ն Հայաստանի տարբեր մարզերում նախատեսում է ստեղծել խելամիտ գյուղատնտեսության ուսուցման կենտրոններ: Առաջին նմանատիպ կենտրոնը ստեղծել են դեռևս հինգ տարի առաջ Ձորաղբյուրում: Նունե Սարուխանյանը նշեց, որ իրենց ծրագրերի հետ համագործակցող ֆերմերներն այսօր կարողանում են հեշտությամբ հաղթահարել կլիմայի փոփոխության և աղետների առաջացրած խնդիրները:
«Առաջին կենտրոնում ընտրեցինք շատ վատ վիճակում գտնվող, դեգրադացված հող, որտեղ չկար ոռոգման ջուր, հողի PH-ը 8,7 էր ու բավական քամոտ տարածք էր: Փորձեցինք ֆերմերներին ցույց տալ, որ նույնիսկ նման պայմաններում հնարավոր է հողակտորը ճիշտ մշակել և բավական մեծ եկամուտներ ստանալ: Մեր առաջին կենտրոնում մշակում ենք հարյուր տիպի մշակաբույս, և այստեղ ֆերմերները, մասնագետներն ու խորհրդատուները գալիս են ու սովորում հողի դեգրադացումը կանխելու գործընթացը»,- ասաց նա: Նունե Սարուխանյանը նշեց, որ կոշտ ջրերի որակի փոփոխության նպատակով հարակից տարածքների ու շինությունների վրա հավաքված անձրևաջրերն են կուտակում՝ փորձելով կոշտ ջրերը դարձնել ավելի փափուկ և բույսերի համար ավելի լիարժեք: «Մենք մեր փորձով ցույց ենք տալիս, որ 8,7 PH ունեցող հողերը դարձրել ենք մասսայական չեզոք, իսկ առանձին վերամբարձ արկղերում նույնիսկ հապալաս է աճում այդ պայմաններում: Չկա վատ հող: Կա հողի վրա լավ կամ վատ աշխատող: Եթե այդ հողերի վրա իրականացվի պարարտացում տարբեր օրգանական նյութերով, ֆերմերներն՝ իրենք, պատրաստեն կենսահումուսը, ապա հաջողությամբ կարող են տարբեր մշակաբույսեր աճեցնել»,- ասաց նա:
Նունե Սարուխանյանի համաձայն՝ իրենց կողմից ստեղծվող ուսումնական կենտրոններում ուսուցման մոդուլներից բացի ֆերմերների համար պատրաստել են բազմաթիվ ուղեցույցներ ու բուկլետներ գյուղատնտեսության վերաբերյալ: «Դրանցում անդրադարձել ենք այն թեմաներին, թե ինչպես վարել գյուղատնտեսությունը երաշտի պայմաններում, ինչպես մեղմացնել հետքերը, երբ այգին ցրտահարված է կամ ինչպես էտել ծառերը որոշակի բերք ունենալու համար: Պետք է օգնել գյուղացուն գնալ դեպի կայուն և կանաչ գյուղատնտեսություն, որը պետք է արդարացված լինի սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսանկյունից»,- նշեց նա:
Ըստ բանախոսի՝ 2019թ. ընթացքում շուրջ 5000 ֆերմեր, ուսանող ու մասնագետ է մասնակցել իրենց ծրագրերին Հայաստանից ու արտերկրից Հայաստանի կենսաբազմազանությանն ու ագրոբազմազանությանը ծանոթանալու նպատակով:
Անդրադառնալով կենսաբազմազանության ոլորտի կորուստներին՝ Նունե Սարուխանյանը նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում մոտ 85 տեսակներ են ավելացել Հայաստանի Կարմիր գրքում, որոնց մեծ մասը վայրի ուտելի բույսերն են: «Կանաչ արահետի» ուսուցման կենտրոնում ներկայումս բազմացնում են անհետացման եզրին գտնվող բույսերն ու փորձում դարձնել դրանք ֆերմերների համար եկամտի աղբյուր: «Այսօր մեր ֆերմերներից շատերն իրենց տնամերձերում ավանդական կանաչեղենի փոխարեն մշակում են վայրի ուտելի բույսեր, և նրանց եկամուտը 3-4 անգամ գերազանցում է սովորական ավանադական բույսերի բերած եկամուտ: Այդ կերպ քաջալերում ենք ֆերմերներին բնապահպանությունը դարձնել եկամտի աղբյուր»,- ասաց Նունե Սարուխանյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի
Մայիս 05, 2021 at 10:12
