Հայաստանի դպրոցների համար մշակվում է առցանց էկոկրթական ծրագիր

Հայաստանի դպրոցների համար մշակվում է առցանց էկոկրթական ծրագիր

Հայաստանի դպրոցների համար մշակվում է էկոհամակարգերի, բնապահպանական խնդիրների, կլիմայի փոփոխության ու ազդեցության մեղմման և հարմարվողականության վերաբերյալ թվայնացված, մատչելի և հասանելի կրթական ծրագիր։ Աշխատանքն իրականացնում է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն՝ ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացվող ««Կանաչ գիրք» էկոկրթությունը տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների գործիքների կիրառմամբ» ծրագրի շրջանակներում։ Օրերս տեղի է ունեցել «Էկո կաֆե» աշխատաժողովը, որին մասնակցել է երևանյան վեց դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, շրջակա միջավայրի և աշխարհագրության առարկաների ավելի քան երեսուն ուսուցիչ՝ քննարկելու կրթական դասընթացների նախագծերը։

«Այս ծրագրի իրագործումը ժամանակի հրամայական է, քանի որ ամեն տարի բևեռացումը մարդու և բնության միջև խորանում է, իսկ դրա հետ խորանում են նաև էկոլոգիական խնդիրները՝ ազդելով մարդու բարեկեցության վրա։ Ներդրումները կլիմայի փոփոխության հակազդման գործընթացում պահանջում են և՛ կրթված փորձագետներ, և՛ գիտակից քաղաքացիներ, որտեղ ոլորտային ուսուցիչների դերակատարությունն անգնահատելի է:  Մենք մեզ պարտավորված ենք զգում շարժվել ժամանակակից թվայնացման զարգացմանը զուգահեռ և ստեղծել հավասար հնարավություններ բոլորի համար՝ որակյալ և ինտերակտիվ կրթություն ստանալու նպատակով», - ասել է «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը։

ՄԱԶԾ Փոքր դրամաշնորհային ծրագրերի համակարգող Սվետլանա Հարությունյանն ընդգծել է աշակերտների շրջանում էկոլոգիական կրթության ու դաստիարակության զարգացման կարևորությունը։ «Որոշեցինք ստեղծել մնայուն կրթական ծրագրեր, որոնք հասանելի կլինեն բոլորի համար՝ անկախ աշխարհագրական դիրքից, տարիքից, գտնվելու վայրից:  Մեկ տարի առաջ մենք հաստատեցինք և ֆինանսավորեցինք այս ծրագրի իրականացումը, հավատացինք դրա հաջողությանը և այսօր ունենք արդեն շոշափելի արդյունքներ», - ասել է Սվետլանա Հարությունյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը շեշտել է ուսուցիչների կարևոր դերը և հորդորել նրանց ակտիվորեն ներգրավվել քննարկումներին և սեփական ներդրումն ունենալ ծրագրի իրագործման գործում։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են տարբեր բնապահպանական խնդիրներ, կլիմայի փոփոխությունը, մեղմման և  հարմարվողականության միջոցառումները, էկոհամակարգերի պահպանության կարևորությունը, բնության նկատմամբ մարդու վերաբերմունքը։ Ուսուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները, որոնց հիման վրա կիրականացվի կրթական նյութերի լրամշակում և նյութերի թվայնացում «Կանաչ գիրք» ծրագրի համար ստեղծված թվային հարթակում:

Ծրագրի շրջանակում իրականացվել է նաև նորարարական և խրախուսական «Կանաչ հերոս» սերտիֆիկատների տրամադրման ձևաչափի մշակում։ Աշակերտները էլեկտրոնային հարթակում կկարողանան անցնել թեմատիկ դասընթացներ և թեստային առաջադրանքները լուծելուց հետո ստանալ «Կանաչ հերոս» սերտիֆիկատ։ Ծրագրի շրջանակում իրականացվում է նաև «կանաչ» փոդքասթերի ձայնագրություն, որտեղ աշակերտները ներկայացնում են հետաքրքիր զրույցներ ոլորտի փորձագետների հետ՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի, մթնոլորտի, ջրային և անտառային ռեսուրսների, էկոհամակարգերի վերաբերյալ։

Հունիս 22, 2023 at 12:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր