6.5 միլիոն եվրո՝ Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգետիկ և կլիմայական միջոցառումների համար

6.5 միլիոն եվրո՝ Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգետիկ և կլիմայական միջոցառումների համար

Սույն թվականի հունիսի 29-ի ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Կայուն էներգիա, էներգետիկ անվտանգություն և կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունություն Հայաստանի գյուղական վայրերում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Եվրոպական հանձնաժողովը 6.5 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին մեղմելու գյուղական բնակավայրերում էներգետիկ աղքատությունը, բարձրացնելու էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը, մեղմելու կլիմայական փոփոխությունը և պահպանելու բնական ռեսուրսներն ու էկոհամակարգերը։

Ծրագիրն իրականացվելու է Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Գյուղական վայրերի ցածր եկամուտ ունեցող  տնային տնտեսություններում և համայնքային շենքերում կտեղադրվեն էներգաարդյունավետ սարքավորումներ, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտային կայաններ, կիրականացվեն ջերմամեկուսացման աշխատանքներ: Միաժամանակ կիրականացվեն իրազեկվածության բարձրացման միջոցառումներ էներգաարդյունավետ սարքավորումների և վերականգնվող էներգիայի աղբյուրների, էներգախնայող միջոցառումների վերաբերյալ:

«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծելու ԵՄ լավագույն գործելակերպերին համապատասխան էներգաարդյունավետության և կայուն էներգիայի լուծումների բարելավված միջավայր, գյուղական վայրերում ունենալու էներգաարդյունավետ լուծումներ, բարձրացված իրազեկվածություն, ֆինանսական աջակցություն վերականգնվող էներգիայի համար», - նշված է փաստաթղթում։

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի կնքումը բխում  է ՄԱԿ Կայուն զարգացման 7-րդ նպատակի՝  «Մատչելի և մաքուր էներգիա» իրականացումից, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններից, բարձր մակարդակի էներգաարդյունավետության նախաձեռնության շրջանակում իրականացված դոնոր կազմակերպությունների քարտեզագրման և բացերի վերլուծությունից, ՀՀ էներգետիկ բնագավառի մինչև 2040 թվականը զարգացման ռազմավարությունից, Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030թթ. ծրագրից:

ՀՀ կառավարությունը նպատակ ունի՝ մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնելու 15%-ի, ինչը համահունչ է Եվրոպայի «Կանաչ գործարքի» սկզբունքներին: 

Հունիս 30, 2023 at 16:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր