Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացրած աշխատանքներն ամփոփեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայաստանի ջրային ռեսուրսների վրա մեծ ազդեցություն ունի կլիմայի փոփոխությունը։
Ըստ Տիգրան Գաբրիելյանի՝ կլիմայի փոփոխության մարտահրավերն ազգային անվտանգության խնդիր է։ Հայաստանում կլիմայական բազմամյա տվյալների վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ վերջին տարիներին օդի ջերմաստիճանի և տեղումների շեղումներն աճել են բազիսային ժամանակահատվածի նկատմամբ: Կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանում 1994 թվականից հետո օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1.25 աստիճան Ցելսիուսով, իսկ տեղումները նորմայից նվազել են 14%-ով: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կբարձրանա 4.7 աստիճան Ցելսիուսով։
«Տեղումների նվազումը, ջերմաստիճանի և գոլորշացման աճը բացասաբար են ազդում գետային և ստորերկրյա հոսքի ձևավորման վրա», - նշեց Տիգրան Գաբրիելյանը։
Բարձր է ջրի սպառման մակարդակը։ Ամենախոշոր սպառողը գյուղատնտեսության ոլորտն է՝ տարեկան 4636585.35 հազար խմ, այնուհետև ձկնաբուծությունը՝ 1205430.6 հազար խմ, խմելու-կենցաղային ոլորտը՝ 851272.41 հազար խմ և արդյունաբերությունը՝ 198259.2 հազար խմ։
Ձկնաբուծության ոլորտը զարգանում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների հաշվին։ 2022 թվականին, ըստ ջրօգտագործման թույլտվությունների, Արարատյան դաշտում ջրառը կազմել է տարեկան շուրջ 1,1 միլիոն խմ, որից 75 տոկոսը՝ շուրջ 851 միլիոն խմ-ն, ձկնաբուծության նպատակով։
Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ 2024 թվականի հունվարի 1-ից Ջրային օրենսգրքով ամրագրվել է պահանջ, ըստ որի այն ձկնաբուծարանները, որոնք հորատանցքի միջոցով օգտագործում են ստորերկրյա քաղցրահամ ջրերը, պետք է աշխատեն փակ շրջանառու համակարգով։ «Արդյունքում մենք կունենանք 40% ջրախնայողություն՝ չնվազեցնելով ձկնաբուծարանի արտադրողականությունը», - ասաց Տիգրան Գաբրիելյանը։
Ջրային օրենսգրքով նախատեսվում է արգելել Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։
Ջրային օրենսգրքով սահմանվել է հոսքաչափական սարքավորումների տեղադրման պահանջ, որը կգործի 2024 թվականի հունվարի 1-ից։ Ըստ փոխնախարարի՝ վերացվելու է մարդկային գործոնը ջրի հաշվառման ժամանակ։ «Ջրաչափիչ սարքերով կատարվելու է էկոլոգիական թողքի հսկողություն շուրջօրյա ռեժիմով, փոխանցվելու են ստույգ տվյալներ փաստացի օգտագործվող ջրի ծավալի վերաբերյալ։ Այդպիսով հնարավոր կլինի ձևավորել փաստացի ջրառի վերաբերյալ տվյալների բազա, ինչը կարևոր հանգամանք է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար», - ասաց Տիգրան Գաբրիելյանը։
Ներդրվել է Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գաղափարը, սահմանել են դրույթներ, համաձայն որոնց տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ հետագայում դրանց լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու համար։
2024 թվականի հունվարի 1-ից բնօգտագործման վճար պետք է վճարեն հիդրոէներգետիկայի ոլորտի տնտեսվարողները՝ մակերևութային ջրերի օգտագործման համար։
Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողով քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի նախատեսվում է վարչական և քրեական պատասխանատվություն լուծարված, կոնսերվացված հորատանցքերը վերաբացելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրս օգտագործելու համար։
Դեկտեմբեր 28, 2023 at 12:49