Հայաստանն առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ մինչև COP29-ը

Հայաստանն առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ մինչև COP29-ը

Հայաստանն առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկման ժամանակ։ 

«Քանի որ այսօրվա քննարկման թեման «Առաջնորդություն հանուն խաղաղության» է, ես ուզում եմ կիսել իմ համոզմունքը, որ խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն: Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության ձեռքբերմանը՝ ի շահ բոլոր ժողովուրդների։ Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը:

Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է»,- իր ելույթում, մասնավորապես, ասել է ՀՀ վարչապետը:



Հոկտեմբեր 03, 2024 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր