

Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագրից Փարիզյան կլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը մտադիր է նաև կրկնապատկել հանածո վառելիքի սպառումը։ Այսպիսով, աշխարհում ջերմոցային գազերի երկրորդ խոշոր արտանետողը դուրս է գալիս կլիմայական գլոբալ օրակարգից։
«Թրամփի առաջին գործողությունները տեղի են ունեցան այն ժամանակ, երբ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած հրդեհները, որոնք հաջորդեցին աշխարհում գրանցված ամենաշոգ տարվան, ավերեցին Հարավային Կալիֆոռնիան, երբ երկու խոշոր փոթորիկները՝ Հելենը և Միլթոնը, ավերեցին հարավ-արևելքը», - գրել է CNN-ը։
Իր երդմնակալության խոսքում Թրամփն ասել է, որ մտադիր է պարզեցնել թույլտվությունների տրամադրումը և վերանայել կանոնակարգերը, որոնք «անհիմն բեռ են դնում էներգիայի արտադրության և օգտագործման վրա, ներառյալ ոչ վառելիքային օգտակար հանածոների արդյունահանումը և վերամշակումը։ Սա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն ավելի շատ նավթ է արդյունահանում, քան ցանկացած այլ երկիր ցանկացած ժամանակաշրջանում:
«Գնաճի ճգնաժամն առաջացել է զանգվածային գերծախսերի և էներգակիրների գների աճի պատճառով։ Դրա համար այսօր ես նաև ազգային էներգետիկ արտակարգ դրություն եմ հայտարարելու։ Մենք հորատելու ենք, հորատելու», - ասել է Թրամփն իր երդմնակալության ելույթի ժամանակ, հաղորդում է CNN-ը։
Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության 2024 թվականը ռեկորդային ամենատաք տարին է, իսկ վերջին 10 տարիներն աշխարհում ռեկորդային ամենաշոգ տարիներն են եղել։
Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեկնաբանել են ՄԱԿ-ի պաշտոնյաները՝ ընդգծելով Թրամփի որոշումների պոտենցիալ մեծ բացասական հետևանքները գլոբալ տաքացումը զսպելու ջանքերի վրա:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Քլեր Նուլլիսի խոսքով՝ այս քայլը ԱՄՆ վարչակազմին վերադարձնում է Թրամփի առաջին նախագահական ժամկետի քաղաքականությանը։ Նա շեշտել է, որ բոլոր երկրների կողմից համաձայնագրին հետևելը պարզ անհրաժեշտություն է՝ հատկապես հաշվի առնելով, որ 2024 թվականը եղել է ամենաշոգ տարին դիտարկումների պատմության մեջ, շուրջ 1,55 աստիճանով ավելի տաք, քան նախաարդյունաբերական շրջանում։ «Սա է մեր ժամանակի գլխավոր մարտահրավերը», - նշել է Քլեր Նուլլիսը։ Նա հիշեցրել է Լոս Անջելեսում վերջերս տեղի ունեցած ավերիչ և մահացու անտառային հրդեհների մասին՝ նշելով, որ կլիմայի հետ կապված աղետներից համաշխարհային տնտեսական կորուստների հիմնական մասը բաժին է հասնում ԱՄՆ-ին։ «1980 թվականից ի վեր երկիրը ենթարկվել է 403 եղանակային և կլիմայական աղետների, որոնցից յուրաքանչյուրն ավելի քան մեկ միլիարդ դոլարի վնաս է պատճառել։ 403 դեպքերի վնասների ընդհանուր արժեքը, ըստ ԱՄՆ տվյալների, գերազանցում է 2,915 տրիլիոն դոլարը», - ասել է Քլեր Նուլլիսը։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վստահ է, որ ԱՄՆ-ի, ինչպես նաև այլ երկրների քաղաքները, նահանգները և բիզնեսները կշարունակեն ցուցադրել առաջնորդություն ցածր ածխածնային, կայուն տնտեսական աճի ուղղությամբ, որը կստեղծի որակյալ աշխատատեղեր և բարգավաճման հնարավորություններ 21-րդ դարում։ Կարևոր է, որ Միացյալ Նահանգները բնապահպանական հարցերում մնա առաջատար», - նշել է ՄԱԿ-ը։
Լուսանկարը՝ Ջոնա Էլկովից
Հունվար 23, 2025 at 16:43