Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ. իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները

Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ. իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները

Մեկնարկել են Օրհուսի կոնվենցիայի 2021-2024 թթ. իրականացման Ազգային զեկույցի կազմման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: 

Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Օրհուս կենտրոնների ուժեղացում՝ նպաստելով արդյունավետ բնապահպանական կառավարմանը և կայուն զարգացմանը» ծրագրի շրջանակում ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ ձևավորվել են շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող  տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերով ֆոկուս խմբեր։ 


Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության աջակցությամբ։ Նպատակն է Օրհուս կենտրոնի միջոցով նպաստել Ազգային զեկույցի կազմման գործընթացի թափանցիկությանն ու մասնակցայնությանը։  

Փետրվարի 10-ին տեղի է ունեցել ֆոկուս խմբերի առաջին քննարկումը, որին մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա էր նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը:

Ողջունելով ներկաներին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը կարևորել է նրանց փորձն ու առաջարկները՝ նպաստելու առավել ամբողջական և որակյալ զեկույցի մշակմանը, արտացոլելու ինչպես շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ձեռք բերված դրական առաջընթացը, այնպես էլ առկա մարտահրավերներն ու խոչընդոտները։

Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է Օրհուսի կոնվենցիայի պահանջները, զեկույցի կառուցվածքը, ձևաչափը, ժամկետները և քննարկման ենթակա հարցերի շրջանակը։


Այնուհետև խմբերն, ըստ թեմատիկ ուղղությունների, քննարկել են օրենսդրական և կանոնակարգող, պրակտիկ և այլ գործընթացները, խոչընդոտներն ու ձեռքբերումները, որոնք, իրենց կարծիքով անհրաժեշտ է արտացոլել զեկույցում։

Հանդիպման արդյունքները հաշվի կառնվեն զեկույցի բովանդակության մեջ։ Հաջորդիվ Օրհուս կենտրոնը կկազմակերպի նմանատիպ քննարկումներ՝ ներգրավելով շահագրգիռ կողմերի առավել լայն շրջանակ՝ ի նպաստ Ազգային զեկույցի կազմման գործընթացի թափանցիկության ու մասնակցայնության։

Փետրվար 11, 2025 at 16:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր