

Մայիսի 28-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ և տեղացել խոշոր չափերի կարկուտ։ Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։ Այս մասին տեղեկանում ենք Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայքից։
Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ և Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։
Մայիսի 29-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը տեղակալներ Վարդան Մակեյանի, Արման Աջամօղլյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոց, որտեղ երեկ ուժեղ պտտահողմը վնասել էր տանիքներ, արմատախիլ արել ծառեր։ Համայնքի ղեկավարը շրջել է տարածքում, տեղում ծանոթացել պատճառված վնասներին, զրուցել բնակիչների հետ, հանձնարարել ոլորտային պատասխանատուներին շրջել տուն առ տուն, ամենայն մանրամասնությամբ գույքագրել վնասները։
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ` ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ Գեղանիստ գյուղերում տեղացած խոշոր չափերի կարկուտի և Արթիկ քաղաքում ուժեղ պտտահողմի հետևանքով պատճառված վնասների չափերն ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ և Հառիճ գյուղերում կարկտահարության վնասները գնահատվել են մինչև 10 տոկոս։
Մայիս 29, 2025 at 15:59
