Համաշխարհային բանկի կլիմայական նոր զեկույց․ Հայաստանը մոտ ապագայում պետք է էապես բարձրացնի իր նշաձողը կլիմայի փոփոխության մեղմման իր քաղաքականությունում

Համաշխարհային բանկի կլիմայական նոր զեկույց․ Հայաստանը մոտ ապագայում պետք է էապես բարձրացնի իր նշաձողը կլիմայի փոփոխության մեղմման իր քաղաքականությունում

Սույն թվականի հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի խմբի Հայաստան․ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսը։ Ներկաներին ողջունեցին Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը, Համաշխարհային բանկի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ինես Ռոչան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Զեկույցը ներկայացրեց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի համահեղինակ Ջուլի Ռոզենբերգը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի, ջեռուցման և տրանսպորտի ոլորտները մեծապես կախված են բնական գազից, և Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) էներգաինտենսիվությունը բարձր է համաշխարհային միջինից։ Բնական գազը կազմում է Հայաստան մատակարարվող էներգակիրների գրեթե 63 տոկոսը, որը ամենաբարձր ցուցանիշներից է աշխարհում, և ամբողջը ներմուծվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից` ստեղծելով բարձր խոցելիություն արտաքին ցնցումների նկատմամբ: Բնական գազի բարձր տեսակարար կշռի պատճառով Հայաստանը համաշխարհային միջինից ցածր մակարդակում է ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների ցուցանիշով. 2019 թվականին մեկ շնչին բաժին է ընկել 3.8 տոննա ածխաթթու գազի համարժեք (տCO2համ)։ Արտանետումների հիմնական աղբյուրն էներգետիկ ոլորտն է (երկու երրորդը), որին հաջորդում է գյուղատնտեսական ոլորտը:

«Սցենարը, որով Հայաստանը դիվերսիֆիկացնում է գազի ներկրումը և վճարում գազի միջազգային գները, կհանգեցնի էլեկտրաէներգետիկական համակարգի ավելի մեծ ծախսի, քան դեկարբոնիզացման սցենարը, երբ Հայաստանը գազով աշխատող տնտեսությունից անցում կկատարի արևային էներգիայով աշխատող տնտեսության և կնվազեցնի արտանետումները՝ մինչև 2050 թ. հասնելով մեկ շնչի հաշվով 2.07 տCO2համ թիրախին»,- նշված է զեկույցում:

Ըստ փաստաթղթի՝ դեկարբոնիզացումը նաև կբարելավի օդի որակը և կվերացնի հողերի ու անտառների լուրջ դեգրադացումը: Օդում մանր կախված մասնիկներով (PM2.5) աղտոտվածության հետևանքով առողջությանը հասցվող վնասի տարեկան արժեքը հասնում է ՀՆԱ-ի 10.6 տոկոսի:

Հողերի դեգրադացիան բարձր է, ինչը սրվում է անտառահատումների բարձր տեմպով։ Հայաստանի անտառների 70 տոկոսը դեգրադացված է՝ պայմանավորված հանքարդյունաբերությամբ և ապօրինի ծառահատումներով, ինչպես նաև գյուղական բնակչության` ջեռուցման համար վառելափայտից մեծ կախվածությամբ:

«Էներգետիկայի բնագավառի դեկարբոնիզացմանն ուղղված գործողությունների արդյունքում 2060 թվականին մանր կախված մասնիկների 2.5 կոնցենտրացիան կնվազեցվի մեկ խորանարդ մետրի համար գրեթե 8 միկրոգրամով կամ 2020 թվականի կոնցենտրացիայի մոտ 25 տոկոսով: Սա համապատասխանում է հանածո վառելիքին վերագրվող օդի աղտոտվածության հետևանքով մահացության 75 տոկոսով նվազմանը և մինչև 2060 թվականը քամու փոշու հետևանքով մահացության 2 տոկոսով նվազմանը։

Անդրադառնալով ջրային ոլորտին՝ զեկույցում նշվում է, որ Հայաստանն արդեն «ենթարկված է ջրային սթրեսի»: Արարատյան դաշտում արդյունաբերական ծավալների ձկնաբուծության և ոռոգման նպատակով ստորերկրյա ջրերի ջրառը գերազանցում է ջրային պաշարների տարեկան վերականգնման տեմպը: Ոռոգման ջրի պահանջարկը բավարարելու համար Սևանա լճից թույլատրված բացթողումները մեծապես գերազանցում են պատմական բնական արտահոսքը: Ջրամատակարարման համակարգը ջրի զգալի կորուստներ է կրում ինչպես ոռոգման (20-67 տոկոս), այնպես էլ համայնքներին ջրամատակարարման ժամանակ, և այդ կորուստները կազմում են մատակարարվող ջրի միջինը 70 տոկոսը։ Կլիմայի փոփոխությունը կխորացնի այս միտումները, կնվազեցնի ոռոգման ջրի առկայությունը (2050 թվականին որոշ ջրավազաններում ջրի չբավարարված պահանջարկը 50 տոկոսից բարձր կլինի) և գյուղատնտեսական բերքի ծավալները: Չոր/շոգ ապագան կարող է 2050-ականներին հանգեցնել անձրևաջրերից սնվող մշակաբույսերի 37 տոկոսով նվազման, ոռոգվող մշակաբույսերի՝ 25 տոկոսով և անասնաբուծության` 20 տոկոսով նվազման: Կլիմայի փոփոխությունը կխորացնի նաև հողերի դեգրադացիան, դա կհանգեցնի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների կորստի 363 միլիոն դոլարի չափով, ինչն ավելի քան կրկնակի է գերազանցում դեգրադացիայի ներկայիս ազդեցությունը: Այն կարող է նաև մեծացնել ջրհեղեղների ինտենսիվությունը, որոնք արդեն երկրին արժենում են ՀՆԱ-ի տարեկան 0.8-2.3 տոկոսը՝ գույքերին հասցվող վնասի տեսքով:

Գյուղատնտեսության ոլորտում դիմակայունության և արտադրողականության բարձրացումը կարող է օգնել երկրին խուսափելու կլիմայական ցնցումների հետևանքով 2030 թվականին աղքատության 2.7 տոկոսային կետով աճից՝ գազի ներկայիս գների հետ կապված կողմնորոշիչ սցենարի համեմատ։

Զեկույցում ներկայացված են կլիմայական ռիսկերն ըստ մարզերի։ Ըստ այդմ ջրի և գյուղատնտեսության վրա կլիմայի փոփոխության ազդեցություններով պայմանավորված մինչև 2030թ-ն աղքատության մեջ հայտնվող բնակչության մասնաբաժնով ամենաբարձր ցուցանիշով առաջատարը Վայոց ձորի մարզն է, երկրորդը Արմավիրը։

Ըստ զեկույցի՝ եթե Հայաստանը լրացուցիչ բարեփոխումներ չկատարի, ապա չի հասնի 2050թ-ի համար նախատեսված ջերմոցային գազերի արտանետումների թիրախին, որը հռչակված է երկրի Ազգային սահմանված գործողությունում (ԱՍԳ)։ «Այս հավակնոտ նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է 2030թ․ նպատակ սահմանի ջերմոցային գազերի առնվազն 65 տոկոսով նվազեցում՝ 1990թ․ մակարդակի (40 տոկոս) համեմատ և մոտ ապագայում էապես բարձրացնի իր նշաձողը կլիմայի փոփոխության մեղմման իր քաղաքականությունում»,- նշված է զեկույցում։

Ըստ զեկույցի հաշվարկների՝ Հայաստանը պետք է 3 միլիարդ դոլար ներդնի էլեկտրաէներգիայի ոլորտում բնական գազի վրա հիմնված տնտեսությունից արևային էներգիայով աշխատող տնտեսության անցնելու համար։ Արդյունաբերության, շինարարության, և թվային ոլորտներում էներգաարդյունավետության և էլեկտրաֆիկացման ծրագրերի ընդլայնման համար 2,8 միլիարդ դոլարի աստիճանաբար ներդրումը կարող է զգալիորեն նվազեցնել էներգիայի պահանջարկը մինչև 2040թ․։ Ջրօգտագործման արդյունավետության, պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար հաշվարկվել է 1 միլիարդ դոլարի ներդրում։

Դիմակայուն, ցածր ածխածնային ուղիով զարգացման համար 2025-2060թթ․ ընթացքում պահանջվելու է մոտավորապես 8 միլիարդ դոլարի ներդրում։

Հունիս 18, 2025 at 15:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր