Փամբակ համայնքի կլիմայական մարտահրավերները և հաղթահարման միջոցառումները

Փամբակ համայնքի կլիմայական մարտահրավերները և հաղթահարման միջոցառումները

Սույն թվականի հունիսի 27-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում COAF SMART կենտրոնում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Փամբակի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը։

Կլիմայի փոփոխության հետևանքները Փամբակում

Փամբակ համայնքն ընդգրկում է 15 բնակավայր՝ Ազնվաձոր, Անտառամուտ, Արջուտ, Բազում, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Լեռնաջուր, Ձորագետ, Ձորագյուղ, Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ և Քարաբերդ։ Այստեղ բնակվում է 13710 մարդ։ Տնտեսական գործունեության գերակշիռ ճյուղը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են  33,083.96 հեկտար։ Տարբեր բնակավայրերում՝ կախված հողի բերրիությունից, վարելահողերի կամ արոտավայրերի առկայությունից, տարբեր չափերով զարգացած են հողագործությունը, անասնապահությունն ու մեղվապահությունը։

Գյուղատնտեսական նշանակության հողերն ամբողջությամբ չեն մշակվում։ Դիտվում է գյուղատնտեսական գործունեության եկամտաբերության անկում՝  հողերի բերրիության նվազման, ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան կայաններ բացակայության, գյուղատնտեսական տեխնիկայի մատչելիության, բնակիչների կողմից ներդորումներ կատարելու հնարավորությունների սղության հետևանքով։ Անկում է ապրում նաև անասնապահությունը։ Համայնքն ունի 6406 գլխաքանակ խոշոր եղջերավոր և 2738 գլխաքանակ մանր եղջերավոր կենդանիներ, նախկինում գլխաքանակը եղել է զգալի բարձր։ Հեռագնա արոտներում չկան խմոցներ, իսկ դա բացասաբար է ազդում անասունների կաթնարտադրության վրա։

Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Մացակյանը ներկայացրեց Փամբակ համայնքի կլիմայական մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցառումները։ Նա նշեց, որ համայնքում փոփոխվել  են սեզոնայնությանը բնորոշ եղանակային դրսևորումները և ընդհանուր կլիմայական պատկերը։

Վերջին 10 տարիների ընթացքում գրանցվում է ջերմաստիճանի բարձրացում, փոթորիկների, տեղումների, կարկտահարության դեպքերի և երաշտային օրերի աճ, հեղեղումներ։ «Անկում է բերքատվությունը, ցամաքում են աղբյուրները, դիտվում է հողի դեգրադացիա, աճել են անտառային հրդեհների դեպքերը», - ասաց Հասմիկ Մացակյանը։

Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հետևանքով մեծ վնասներ են հասցվել համայնքի ենթակառուցվածքներին, տնտեսություններին։  

2024 թվականի մայիսի 25-26-ը հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբետ գետի վարարման հետևանքով առաջացել է արտակարգ իրավիճակ, Փամբակ համայնքի Ձորագետ և Վահագնաձոր բնակավայրերը ճանաչվել են աղետի գոտի։

2024թ․ հունիսի 20-ին տեղացած կարկուտի, անձրևի և ուժեղ քամիների հետևանքով Փամբակ համայնքի Դեբետ, Եղեգնուտ, Անտառամուտ և Վահագնի բնակավայրերում բնակիչների և համայնքային գույքը մեծ վնասներ է կրել։

Հորդառատ անձրևների, հեղեղումների հետևանքով Եղեգնուտ-Դեբետ մարզային  նշանակության ճանապարհի մայթեզրերը վնասվել են, կան փլուզման և սողանք հատվածներ , վնասվել է ջրահեռացման համակարգը։

Փամբակ համայնքի կլիմայական ուղղվածության սուբվենցիոն և միջազգային ծրագրերը

  • Լեռնաջուր, Եղեգնուտ, Փամբակ, Վահագնաձոր և Բազում բնակավայրերում պետական սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի կառուցում և նորոգում՝ արևային ֆոտովոլտային կայանների և էներագաարդյունավետ լուսատուների տեղադրմամբ։
  • «Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից Դեբետ, Եղեգնուտ, Մարգահովիտ բնակավայրերի վարչական շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։
  • Փամբակի համայնքապետարանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համաֆինանսավորմամբ Փամբակի համայնքապետարանի տանիքին տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
  • ՀՀ շրջական միջավայրի նախարարության և առողջապահության նախարարության կողմից հավանության է արժանացել Փամբակ համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը, որով նախատեսվում է 17 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանով զինել Վահագնի բնակավայրում գործող կերաղաց-ալրաղացը, և Մ6 ավտոճանապարհի ճամփեզրին տեղադրել աղբամաններ։
  • Փամբակի համայնքապետարանի և ՄԱԶԾ-ի համաֆինանսավորմամբ «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շրջանակում Բազում բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 5 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։
  • «ՇԵՆ» ԲՀԿ-ի կողմից նախատեսվում է ագրոանտառի հիմնում Վահագնի բնակավայրում 25 հեկտար տարածքի վրա։
  • «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի կողմից իրականացվել են անտառտնկման աշխատանքներ Լեռնաջուր բնակավայրի 431 հեկտար համայնքապատկան տարածքում։
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ը իրականացրել է ծառատնկում Արջուտ (100 տնկի), Լեռնապատ (60 տնկի), Դեբեդ (50 տնկի) բնակավայրերում։

Փամբակ համայնքի կարիքներն ու առաջարկությունները

Հասմիկ Մացակյանը նշեց, որ համայնքին անհրաժեշտ են մասնագետներ արևային ֆոտովոլտային կայանների աշխատանքի անխափան շահագործման համար։

Գյուղատնտեսության ապահովագրության գործիքի կիրառումը համայնքում շարունակում է թերի մնալ, ցանկալի է այն ներառի նաև համայնքին բնորոշ մշակաբույսերը։

Առաջարկվում է՝

  • Համայնքում ստեղծել էներգետիկ կառավարչի հաստիք։
  • Գյուղատնտեսական ապահովագրությունը հասանելի դարձնել սոցիալական բոլոր խմբերի համար։ Պետք է հաշվի առնվի բնակչության կենսամակարդակը և վճարունակությունը։
  • Ապահովել անցում կանաչ էներգետիկայի և զարգացնել էլեկտրական տրանսպորտը և լիցքավորման կայանները։
  • Խրախուսել կանանց ներգրավվածությունը ղեկավար պաշտոններում։
  • Զարգացնել համայնքի ենթակառուցվածքները և մասնագիտական հմտությունները ներքին և արտաքին տուրիզմի համար:

Հուլիս 18, 2025 at 14:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր