«Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ հնարավոր է ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ»․ Համբարձում Մաթևոսյան

«Համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ հնարավոր է ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ»․ Համբարձում Մաթևոսյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Բնության և շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջազգային համաժողովի» շրջանակում մասնակցել է «Ինչպես պահպանել համաշխարհային ջրային բալանսը» խորագրով փորձագիտական նստաշրջանին։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից։

Նիստին ներկա էին նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի գործընկերները։

Իր ելույթում նախարարն անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական հետևանքներին ջրային ռեսուրսների վրա՝ շեշտելով, որ Հայաստանի լեռնային էկոհամակարգերն առավել խոցելի են կլիմայական փոփոխությունների պայմաններում։ Տեղումների կրճատումը և ջրային պաշարների նվազումը բարձրացնում են ջրային ոլորտի խոցելիությունը։

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը, այն է՝ ջրախնայող տեխնոլոգիաների և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրում, ջրային համակարգերում կորուստների նվազեցման ծրագրեր, ջրային ռեսուրսների կառավարման օրենսդրական բարեփոխումներ, կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային հնգամյա ծրագրի (2022–2026թթ.) հաստատում, որը նպատակ ունի նվազեցնել ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայական ռիսկերը և ապահովել հարմարվողականության ռազմավարությունների արդյունավետ իրագործում։

Նախարարը կարևորել է նաև Սևանա լճի ջրային հավասարակշռության պահպանումը և էկոհամակարգերի վերականգնումը՝ որպես առաջնահերթություն։

Համաժողովի ընթացքում նա շեշտել է միջազգային համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում առանձնացվել է 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման (COP17) կարևորությունը՝ գործընկերներին հրավիրելով ակտիվ մասնակցության։ Նախարարը վստահեցրել է, որ համատեղ ջանքերի և միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ հնարավոր է ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ և կայուն համակարգ, որը կծառայի ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը։

Հուլիս 25, 2025 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր