Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի Տարածաշրջանային Խթանման Լաբորատորիային Մոլդովայում

Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի Տարածաշրջանային Խթանման Լաբորատորիային Մոլդովայում

Նոյեմբերի 14-16-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անկացվեց ՄԱԿ-ի Տարածաշրջանային Խթանման Լաբորատորիան, խթանելու համար ներառական և տեղայնացված «կանաչ» անցման բարեփոխումներ: Միջոցառմանը մասնակցեցին երիտասարդ մասնագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայաստանը Լաբորատորիայում ներկայացնում էին Ժանետա Հովսեփյանը, Նաիրա Կարապետյանը, Անի Յուզբաշյանը և Generation Nexus-ի անդամ Տաթևիկ Լազարյանը:

Լաբորատորիան հիմնված է ՄԱԿ-ի վերջին՝ «Տեղեկատվական ամբողջականության և ներառական հաղորդակցության ամրապնդումը Արևելյան հարևանության երկրներում արդար կանաչ անցման համար» վերլուծության վրա, որը ցույց է տվել ավանդական «վերևից վար» կլիմայական հաղորդակցության բացերը և երիտասարդների ներգրավվածության հնարավորությունները ակտիվիզմի և ԵՄ ինտեգրման միջոցով:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Ստամբուլի տարածաշրջանային կենտրոնի տեղեկատվական ամբողջականության և երիտասարդների ներգրավման մասնագետ Յոսիպ Իվանովիչը նշեց. «Ամենամեծ դժվարությունն այն էր, որ տարբեր միջավայրերից եկած մասնակիցներին միավորելը բարդ էր, քանի որ «արդար անցում» գաղափարը բոլորի համար միարժեքորեն հասկանալի կամ ձևավորված չէ։ Մենք պետք է կամրջեինք այս բացերը՝ հաշվի առնելով տարբեր պրոֆիլներ, նախապատմություններ և փորձի մակարդակներ: Համատեղ լեզու և ուղղություն ստեղծելը նման խմբում կենսական էր, որովհետև առանց դրա ցանկացած տարածաշրջանային նախաձեռնություն կամ գործողություն կկորչեր»:

Մասնակիցներն ուսումնասիրեցին գերիշխող նարատիվներ, ինչպիսիք են տնտեսական անհանգստությունը և ապատիան, և համատեղ աշխատեցին՝ ձևավորելու ներառական հականարատիվներ։ ՄԱԶԾ մասնագետները անցկացրին փաստերի ստուգման և ապատեղեկատվության բացահայտման վերաբերյալ սեսիաներ՝ պատրաստելով մասնակիցներին պատասխանատու թվային հաղորդակցության համար։

Երկրորդ օրը ներկայացվեցին պատմվածքի կառուցման և արշավների ստեղծման մեթոդները: Սլովենիայի փորձագետները (Zasavje Regional Development Agency) և Դանիայի երիտասարդ ակտիվիստները ներկայացրին արդար անցման գաղափարները սոցիալական ցանցերում արդյունավետ փոխանցելու մեթոդները: Մասնակիցները մշակեցին թիմային արշավներ՝ տեղայնացնելով ռազմավարությունները տեղական խնդիրների համար:

Լաբորատորիայի վերջին օրը նվիրված էր փորձի փոխանակմանը, կոալիցիաների ձևավորմանը և նախաձեռնությունների քաղաքական մակարդակով առաջխաղացմանը:

Եզրափակելով հանդիպումը Յոսիպ Իվանովիչը նշեց. «Ամենակարևոր արդյունքը իսկական դաշինքի ձևավորումն էր, մի կոալիցիա, որը չէր թվում պարտադրված, այն բնական ձևով զարգացավ երեք օրվա ընթացքում: Դժվար չէր չնկատել իրական ոգեշնչում և էներգիայի աճ, երբ մասնակցողներն արդեն սկսեցին ձևավորել այն գաղափարները, որոնք ցանկանում են միասին առաջ մղել: Այն, ինչ մենք ձեռք բերեցինք, միայն արդյունքներ չէին, այլ նաև համայնք, պատրաստ իրական գործողությունների՝ միջոցառման սահմաններից դուրս»:

Լաբորատորիան նպաստեց տարածաշրջանային փորձի փոխանակմանը՝ ընդգրկելով լավագույն փորձառությունները ԵՄ-ից: Սլովենիայի Արդար անցման կենտրոնի փորձագետները ներկայացրին տեղական համագործակցությունները և ներառական հաղորդակցությունը, իսկ դանիացի երիտասարդ ակտիվիստները ներկայացրին հաջողված կլիմայական պաշտպանության մոդելներ։

Արդյունքում ստեղծվեցին տեղայնացված արշավների հայեցակարգեր, քաղաքական առաջարկությունների նախագծեր, ամրապնդվեց տարածաշրջանային երիտասարդ ակտիվիստների և ՀԿ-ների ցանցերի փոխգործակցությունը: Լաբորատորիան ընդգծեց երիտասարդներին ապատեղեկատվության դեմ պայքարի, տարբեր համայնքների ներգրավման և արդարության առաջխաղացման գործիքներով ապահովելու կարևորությունը «կանաչ» անցման մեջ:

Էկոլուրի կամավոր Տաթև Լազարյան

Նոյեմբեր 24, 2025 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր