Նռնաձորի կլիմայական մարտահրավերներն ու համայնքային կոոպերատիվի հաջողված փորձը․ ՄԱՍ 5

Նռնաձորի կլիմայական մարտահրավերներն ու համայնքային կոոպերատիվի հաջողված փորձը․ ՄԱՍ 5

2025թ հոկտեմբերին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Մեղրիի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Նռնաձոր գյուղը գտնվում է ձորալանջերին՝ Արաքս գետից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Գյուղը հարակից է «Արևիք» ազգային պարկին և «Շիկահող» արգելոցին։

Գյուղում ապրում է 135 բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն առանձնահատուկ է իր նռնենիների այգիներով։ Նռնաձորին բնորոշ են ջրի նույն խնդիրները, ինչ ամբողջ Մեղրիում։  

«Խմելու ջրի հիմնական 2 աղբյուր կա գյուղում։ Մեղրիի ինքնահոս համակարգը բավարարում է միայն մինչև հունիս ամիս, որից հետո անցնում ենք պոմպակայանի օգնությանը, պոմպակայանի աղբյուրն էլ կտրվում է սեպտեմբեր ամսից։ Դրանից հետո արդեն լուրջ խնդիրներ են առաջանում՝ ջուրը մեքենաներով են տեղափոխում»,- ասաց Նռնաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արա Ազիզյանը։

Խնդրի լուծումը տեսնում են խորքային հորից ջուր վերցնելու միջոցով։ Ոռոգման ջրի համար՝ առաջարկում են «Մեղրիի» ջրամբարի կառուցում։

Նռնաձորում 2022թ․ ստեղծվել է համայնքային կոոպերատիվ։ Աշխատանքներ են կատարվել մարզպետարանի և միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ստեղծվել է սեփական ենթակայան, կառուցվել 4000 խմ մեմբրանային ջրավազան, ՄԱԿ-ի զարգացման գործակալության աջակցությամբ տեղադրվել է 40 կիլովատ հզորությամբ արևային համակարգ, կաթիլային համակարգ, անց է կացվել ինքնահոս ջուր, հիմնվել են նոր այգիներ։ Գյուղն ունի հնարավորություն ևս 150 հեկտաի վրա հիմնել նոր այգի։

Ըստ Արա Ազիզյանի՝ կոոպերատիվը բախվում է ֆինանսական խնդիրների, հատկապես՝ բանկերից վարկ ստանալու հարցում։ «Դիմել ենք մեր տարածքում գործող գրեթե բոլոր բանկերին, ոչ մեկը կոոպերատիվին վարկ չի տրամադրել, թեկուզ տոկոսով»,- ասաց նա։

Մյուս խնդիրը հողի վարձակալության հարցն է։ «Կոոպերատիվին հողի վարձակալության ժամկետը կառավարությունն ընդամենը 10 տարով է տվել։ Ֆինանսական կառույցների հետ քննարկումների ժամանակ բարձրացվում էր այն հարցը, որ 10 տարի հետո, երբ ծառն արդեն բերքատու դառնա, հողն արդեն կոոպերատիվին չի պատկանի»,- նշեցին բնակիչները։

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խոստացավ խնդիրը ձևակերպել և բարձրացնել կառավարության հերթական հարցուպատասխանի ժամանակ։

Բնակիչները նշեցին, որ պետական աջակցության ակնկալիքներ ունեն՝ իրենց այգիներում ծառատեսակները կաթիլային ոռոգման համակարգին համապատասխան տնկիներով փոխարինելու համար։

Մյուս հարցը բնության հատուկ պահպանվող տարածքների հետ փոխազդեցությունը և վայրի բնություն-մարդ կոնֆլիկտի առկայությունն է։ Բնակիչներին առաջարկվեց օգտագործել էլեկտրական հովիվներ։ ԱԺ պատգամավորներն առաջարկեցին հարցը քննարկել Շրջակա միջավայրի նախարարության և Սյունիքի մարզպետարանի հետ՝ համատեղ լուծումներ մշակելու համար։

Բնակիչները նաև բարձրացրեցին համայնքապետարանի աշխատակազմում գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետի հաստիք ստեղծելու անհրաժեշտությունը։ «Գյուղատնտեսի կարիք կա․․․ Համայնքի ղեկավարի և ավագանու որոշմամբ հնարավոր է գյուղատնտեսության բաժին բացել և մասնագետ ունենալ»,- նշեցին ներկաները։

Նոյեմբեր 27, 2025 at 11:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր