Ամփոփվեց LILA ծրագիրը․ ներդրումներ, կանաչ ենթակառուցվածքներ և կայուն զարգացում Հայաստանի 4 մարզում

Ամփոփվեց LILA ծրագիրը․ ներդրումներ, կանաչ ենթակառուցվածքներ և կայուն զարգացում Հայաստանի 4 մարզում

2025թ․ նոյեմբերի 21-ին ամփոփվեց «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագիրը, որը զգալի ազդեցություն է ունեցել Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 7 խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման, էկոտուրիզմի և կանաչ գործելակերպերի առաջխաղացման վրա։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 2.5 մլն շվեյցարական ֆրանկ՝ 1.5 մլն-ն ուղղվել է տնտեսական զարգացմանը, 1 մլն-ը՝ բնապահպանական ենթակառուցվածքներին և բնական պաշարների կայուն կառավարմանը։

Ծրագրի շրջանակներում համայնքներում տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ ու ջրատաքացուցիչներ, կառուցվել են արոտային ենթակառուցվածքներ և մշակվել արոտկառավարման պլաններ։ Տնտեսական բաղադրիչի շրջանակներում ստեղծվել և վերազինվել են գաստրոտուրիստական բակեր, համտեսի սրահներ և փոքր արտադրամասեր, ինչպես նաև մշակվել և թվայնացվել են զբոսաշրջային փորձառություններ:

508 տնային տնտեսություն ստացել է լրացուցիչ եկամուտ՝ մեծացնելով համայնքների կայունությունն ու ապրուստի հնարավորությունները, զբոսաշրջության ու հարակից ոլորտներում աջակցություն ստացել է 31 բիզնես՝ շուրջ 700 աշխատատեղով, մոտ 70 հազար այցելու օգտվել է բարելավված ենթակառուցվածքներից։

Ծրագրի ազդեցությունը նկատելի է նաև կլիմայի վրա. կանխվել է 102 տոննա CO₂ արտանետում, ինչը համարժեք է 12 միլիոն դրամ բյուջետային խնայողությանը, 196 հեկտար տարածք ընդգրկվել է կայուն կառավարման ներքո, այդ թվում՝ 148 հեկտար անտառային տարածք, կառուցվել է 21 արոտային ենթակառուցվածք։ Ավելի քան 13 հազար մարդ օգտվել է կլիմայական նախաձեռնություններից։ Ստեղծվել է հանրային լրագրողների ցանց կենսաբազմազանությամբ հարուստ բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ։

Ծրագիրը ֆինանսավորվել է Շվեյցարիայի կառավարության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջոցով, և իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի և Կովկասյան տարածաշրջանի գրասենյակների հետ համագործակցությամբ:

Ասուլիսի ժամանակ Ծրագրի արդյունքների և հնարավոր հետագա համագործակցության մասին խոսեցին Շվեյցարիայի Հանրապետության փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը, WWF-Հայաստանից ծրագրի համակարգող Նաիրե Երիցյանը, Ռազմավարական զարգացաման գործակալություն ՀԿ-ից ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Լևոն Աղասյանը նշեց․ «Բնության համաշխարհային հիմնադրամը շարունակելու է աջակցել համայնքներին նոր ծրագրերի միջոցով, հատկապես այն համայնքներին, որոնք ակտիվ և մոտիվացված են։ Ներդրումների ճիշտ օգտագործումը կնպաստի կայուն արդյունքների և երկարատև ազդեցության ապահովմանը»։

Ուրսուլա Լաուբլին ասաց․ «Շվեյցարիան կանգնած է Հայաստանի և տարածաշրջանի կողքին՝ ավելի կանաչ և ներառական ապագայի համար՝ լինեն դրանք կլիմայական կայունության ծրագրեր Հայաստանում, թե տարածաշրջանում։ Մենք այժմ պատրաստում ենք նոր տարածաշրջանային ծրագիր՝ անտառապատ տարածքների զարգացման հետ կապված։ Այժմ մենք կապի մեջ ենք պատասխանատու պետական կառույցների, ինչպես նաև ՀԿ-ների հետ՝ այդ տարածքները սահմանելու և ընտրելու համար»։

Նաիրե Երիցյանն ընդգծեց․ «Ծրագրի իրականացման ընթացքում մենք բախվեցինք բազմաթիվ մարտահրավերների՝ քաղաքական իրողությունների և կլիմայական փոփոխությունների պատճառով։ Այնուամենայնիվ, մենք կարողացանք ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև հասնել ծրագրված նպատակներին և որոշ ցուցանիշներով նույնիսկ գերազանցել դրանք։ Ծրագիրը մեզ հնարավորություն տվեց անմիջականորեն աջակցել համայնքներին, վերականգնել վնասված ենթակառուցվածքներ և ապահովել կայուն ազդեցություն երկարաժամկետ տեսանկյունով»։

Լուսինե Գևորգյանն ասաց․ «Էկոտուրիզմն ու գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում տարեցտարի կայուն աճ են գրանցում, իսկ զբոսաշրջիկների հետաքրքրությունն այս ոլորտի նոր պրոդուկտների նկատմամբ՝ սկսած արկածային քայլարշավներից մինչև էկոբակեր ու գաստրոբակեր, միայն ավելանում է։ LILA ծրագիրը մեծապես նպաստել է այս զարգացմանը՝ աջակցելով մարզերում նման նախաձեռնությունների իրականացմանը և նոր զբոսաշրջային ապրանքների ստեղծմանը։ Ծրագիրը 10 մարզերում իրականացրել է կրթական ծրագրեր, որոնք շարունակական կլինեն և կմեծացնեն կանաչ մտածելակերպը։ Այսպիսի մոտեցումն օգնում է նվազեցնել բնության վրա զբոսաշրջության հնարավոր վնասը և դիրքավորում է Հայաստանը որպես կայուն զբոսաշրջության երկիր՝ առաջարկելով մաքուր սնունդ, հարուստ պատմամշակութային ժառանգություն և էկոլոգիապես մաքուր բնություն»։

Ալլա Ղազարյանը նշեց․ «Ծրագիրը հիմնված էր «Մարկետ սիստեմ» մոտեցման վրա, որն ապահովում է ներառականություն համայնքի տարբեր շերտերի համար և հնարավորություն տալիս անուղղակի եկամուտներ ստանալ զբոսաշրջությունից։ Մենք աջակցել ենք թե ուղղակի հյուրատնային ծառայություն մատուցողներին, թե գյուղմթերքի ու վայրի հավաքի մատակարարներին, որպեսզի նրանց համայնքի բնակիչները նույնպես շահույթ ստանան։ Ծրագրի ամբողջ ընթացքում տրամադրվել է խորհրդատվություն՝ բիզնես պլանների կազմման, կապերի հաստատման և կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այս մոտեցումը ապահովում է, որ ծրագրի ավարտից հետո բիզնեսները շարունակեն կայուն գործունեություն, իսկ ներդրված միջոցները պահպանվեն և շարունակեն օգուտ տալ համայնքներին»։

Ասուլիսին անմիջապես հաջորդեց Ծրագրի փակման միջոցառումը, որին մասնակցեցին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Շվեյցարիայի Հանրապետության փոխդեսպան Ուրսուլա Լաուբլին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, KfW զարգացման բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը, Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ծրագրի գործընկեր կազմակերպությունների, պետական կառույցների և շահառու համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Ուրսուլա Լաուբլին իր ողջույնի խոսքում նշեց․ «Մենք աջակցում ենք տեղական կառավարման և հանրային ծառայությունների ամրապնդմանը, նպաստում տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, խթանում մասնագիտական կրթությունն ու վերապատրաստումը և օգնում Հայաստանին հարմարվել կլիմայական փոփոխությունների աճող ազդեցություններին։ Մեր բոլոր նախաձեռնություններում մենք հատուկ կարևորություն ենք տալիս ներառականությանը, մասնակցությանը և համայնքային ներգրավվածությանը։ Ինձ համար ուրախալի է, որ Ծրագիրն արտացոլում է այդ արժեքները, քանի որ այն միավորում է բնապահպանությունը և տնտեսական զարգացումը և հնարավորություն է տալիս համայնքներին ակտիվ դեր ունենալ իրենց ապագան ձևավորելու գործում»։

Ֆրանսուազ Ժակոբը կարևորեց LILA ծրագրի գրանցած արդյունքները 2026թ․ Հայաստանում Կենսաբազմազանության մասին կողմերի համաժողովի՝ COP 17-ի անցկացման համատեքստում։ «LILA ծրագիրն օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է կենսաբազմազանության պահպանությունը ներառել զարգացման ընդհանուր օրակարգում։ Ծրագիրը կայունությունը շատ իմաստալից կերպով կապում է տնտեսական զարգացման և եկամուտների ստեղծման հետ։ Կարծում եմ՝ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում «կանաչ օրակարգն» ընդլայնելու հարցում։ Այդ առումով այս ծրագիրն ունի շատ կարևոր արդյունքներ և լավ փորձ, որոնք մենք կարող ենք ուսումնասիրել և նաև կրկնել։ Վերադառնալով COP-ին՝ բոլորս գիտենք, որ դա լինելու է մեծ հնարավորություն երկրի համար, եթե կարողանանք ծրագրի լավագույն ու յուրահատուկ օրինակները ներկայացնել COP-ում։ Կլինեն բազմաթիվ հնարավորություններ՝ կոնֆերանսներ, տաղավարներ»։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը մեկ այլ՝ «Հարավային Կովկասում Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի տրամաբանական շարունակությունն է եղել։ Վերջինս իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից և ֆինանսավորվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից՝ KfW բանկի միջոցով: 

KfW Զարգացման բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանն ընդգծեց երկու ծրագրերի փոխկապակցված հաջողությունը։ «Էկոմիջանցքների ծրագիրը սկսվել է դեռ 2014-ին՝ նոր և բավականին ռիսկային մոտեցմամբ, քանի որ առաջին անգամ ծրագրի հիմնական թիրախը համայնքներն էին։ Այն ժամանակ ծրագրի թիմը վստահ չէր՝ արդյոք համայնքները կունենան բավարար մոտիվացիա և մասնակցություն։ Բայց տարիների ընթացքում այցելությունները համայնքներ, հանդիպումները բնակիչների հետ, ծրագրի իրական արդյունքները ցույց տվեցին, որ այս մոտեցումն արդյունավետ էր․ համայնքները ոչ միայն ներգրավվեցին, այլև մեծ պատասխանատվությամբ շարունակեցին նախաձեռնությունները»,- ասաց նա։



Շնորհավորելով ներկաներին գրանցած հաջողությունների համար Լևոն Աղասյանը նշեց․ «Ծրագիրը համադրում է բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրները, որովհետև այսօր արդեն անհնար է հասնել մեծ արդյունքների, եթե այս երկու ոլորտները դիտարկվում են առանձին։ Երբ խոսում ենք բնության պահպանության մասին, համայնքների սոցիալական և տնտեսական կարիքները պետք է անպայման ներառված լինեն։

Այս ծրագրի կարևոր գաղափարն այն էր, որ մարդիկ պետք է հասկանան․ բնությունը պահպանելով հնարավոր է ստանալ ավելի մեծ և երկարաժամկետ օգուտ, քան այն օգտագործելով։ Իսկ երբ համայնքի բնակիչները տեսնում են, որ պահպանված բնությունը կարող է բերել եկամուտ՝ էկոտուրիզմի, զբոսաշրջային երթուղիների կամ այլ նախաձեռնությունների միջոցով, նրանց մոտ վերաբերմունքն էլ է փոխվում։

LILA-ն ցույց է տվել, որ բնապահպանությունը, սոցիալական աջակցությունն ու տնտեսական զարգացումը պետք է քայլեն միասին»։

Մկրտիչ Այվազյանը նշեց․ «Զբոսաշրջությունն այն կարևոր ուղղություններից է, որն ունի եզակի կարողություն՝ միավորելու բնությունը, մշակույթը, ավանդույթները, ձեռնարկատիրությունը և համայնքի տնտեսական ակտիվությունը մեկ միասնական արժեշղթայի մեջ։ Մեր աշխատանքի առանցքում միշտ եղել է այն համոզմունքը, որ զբոսաշրջությունը կարող է դառնալ կայուն եկամտի աղբյուր, եթե այն զարգանում է բնության պահպանության, տեղական արտադրության և համայնքային ներուժի վրա հիմնված։ LILA-ն փոխակերպեց թիրախային համայնքները, մասնավոր բիզնեսը և մարդկանց մտածողությունը։ Այս ծրագրի ամենակարևոր արդյունքները գրանցել են մարդիկ՝ գործարար կանայք, ովքեր ստանձնեցին գործարար առաջնորդություն, երիտասարդներ, ովքեր դարձան նոր բովանդակության ստեղծողներ, տեղական արտադրողներ, ովքեր այսօր ավելի վստահ են գործում շուկայում, և, իհարկե, համայնքներ, որոնք LILA-ի հետ գործընկերներ էին, այլ ոչ թե պարզապես շահառուներ»։

Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը կարևորեց ծրագիրը Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության պահպանության տեսանկյունից։ «Շատ կարևոր է, որ մենք կարողանանք բնապահպանական խնդիրները քննարկել ավելի կայուն և ավելի զարգացող համայնքների հետ, քանի որ միայն զարգացած համայնքներ ունենալով, մենք կարող ենք բնապահպանական խնդիրները հասցեագրել։ Ծրագրի ձեռքբերումները բավական երկարաժամկետ հնարավորություններ են մեզ համար ստեղծում՝ է՛լ ավելի զարգացնելով պահպանությունը Հայաստանում։ Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրի մեջ մենք ներառել ենք այն, որ Հայաստանի պահպանվող տարածքները պետք է մեծացվեն, և այդ տարածքների մեծացման գործում շատ կարևոր են լինելու նմանատիպ ծրագրերի շնորհիվ ձեռք բերված արդյունքները»։

Ողջույնի խոսքերից հետո Էկոմիջանցքների ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Յերնի Սթրիթիհը ներկայացրեց LILA և Էկոմիջանցքների ծրագրերի համադրելիությունն ու ազդեցությունը։

Այնուհետ WWF Հայաստանից Ծրագրի համակարգող Իգոր Խորոզյանը և Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ից Ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանը ներկայացրեցին Ծրագրի՝ համապատասխանաբար բնապահպանական և տնտեսական բաղադրիչնենով գրանցած արդյունքները։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց կազմակերպության՝ Ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները։ «Մեր կազմակերպությունը ծրագրին միացել է 2023թ․ և այդ ընթացքում պատասխանատու է եղել ծրագրի լայնածավալ իրազեկման աշխատանքների համար։ Մեր թիմը լուսաբանել է ծրագրի բոլոր հիմնական միջոցառումները, ստեղծել է հանրային լրագրողների ցանց և կազմակերպել մեդիա տուրեր։ Ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ Հանրային լրագրողների ցանցի ստեղծումն էր։ Ցանցի անդամները հիմնականում այն համայնքների բնակիչներն են, որտեղ իրականացվել է ծրագիրը։ Նրանք իրենց բնակավայրերից նյութեր, լուսանկարներ ու տեսանյութեր են տրամադրում՝ ներկայացնելով բնությունը, առօրյան և համայնքային խնդիրները։ Նրանց հրապարակումները նպաստել են համայնքների ճանաչելիությանը և զբոսաշրջության առաջխաղացմանը»,- ասաց նա։

Այնուհետ Ծրագրի շահառուները ներկայացրեցին իրենց համայնքներում իրականացված միջոցառումները և գրանցված հաջողությունները։

Նոյեմբեր 28, 2025 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր