Ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանն ու կարգախոսը

Ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանն ու կարգախոսը

2025թ․ դեկտեմբերի 9-ին Քենիայում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում ներկայացվեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ համաժողովի՝ CoP17-ի պաշտոնական տարբերանշանն ու կարգախոսը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Միջոցառմանը ներկա էին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, COP17-ի հատուկ բանակցող Մհեր Մարգարյանը, միջազգային կառույցների ղեկավարներ, գործընկերներ։

CoP17-ի պաշտոնական տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։

CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։
Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։

Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։
CoP17-ի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», արտացոլում է ընթացիկ բնապահպանական քաղաքականության առանցքը՝ կոչ անելով նախաձեռնություններից անցնել դեպի նպատակային և համակարգված գործողությունների։

«Այս տարբերանշանը միայն պատկեր կամ ձևակերպում չէ։ Այն կրում է մեր միասնական տեսլականը՝ նպատակների ամբողջականության և համատեղ պատասխանատվության մասին։ Հայաստանը պատրաստվում է ընդունել կենսաբազմազանության համաշխարհային համայնքին հստակ համոզմամբ, որ ժամանակն է խոսքերը վերածելու իրական գործողությունների, իսկ համագործակցությունը՝ համակարգային փոփոխությունների։

CoP17-ի ընթացքում մեր առաջնահերթությունը կլինի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրական և չափելի իրականացումը՝ ազգային քաղաքականությունների, ծրագրերի և գործնական քայլերի մակարդակով։

Միաժամանակ մենք կարևորություն ենք տալիս իրականացման ամբողջ գործընթացի ներառականությանը՝ ապահովելով, որ բնիկ ժողովուրդները և տեղական համայնքները, կանայք, երիտասարդները, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները լինեն լիարժեք գործընկերներ այս գործընթացում։

Հայաստանի նախագահության ներքո CoP17-ը նպատակ ունի ամրապնդել սիներգիաները կենսաբազմազանության, կլիմայի և հողային ռեսուրսների պահպանության ոլորտներում՝ նպաստելով քաղաքականությունների փոխլրացմանն ու գործնական արդյունքներին։

Այս ամենը միավորում է մեկ հստակ ուղերձի ներքո՝ ժամանակն է ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։



Դեկտեմբեր 09, 2025 at 22:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր