

2025թ․ Լոռու մարզի Փամբակ, Արագածոտնի մարզի Թալին և Սյունիքի մարզի Մեղրի համայնքներում կազմակերպվել էին կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություններ։
Խորհրդակցություններին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, Շրջակա միջավայրի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցությունների նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ և ստանալ պատասխաններ նախարարության ներկայացուցիչներից։
Խորհրդակցություններն անց են կացվել ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին Էկոլուրի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում կլիմայական մարտահրավերների և դրանց ազդեցությունները մեղմելու գործում տեղական համայնքների ու օրենսդիր մարմնի համագործակցությանը։

«Այսօր կլիմայական փոփոխություններն ազդում են ամբողջ աշխարհի վրա։ Մենք ականատես ենք բազմաթիվ բնական աղետների։ Ցավոք, Հայաստանը բացառություն չէ։ Այստեղ կան կլիմայական փոփոխությունների բազմաթիվ բացասական հետևանքներ։ Տուժում են բարձրլեռնային շրջանները․ մի վայրում երաշտն է լուրջ խնդիր, մեկ այլ վայրում՝ ջրի անբավարարությունը», - նշեց նա և հավելեց, որ աշխատում են Հայաստանի կառավարության հետ՝ հասկանալու, թե երկրի որ շրջաններն ու համայնքներն են առավել զգայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ։
Այս տարի ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նշում է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը։ «Դա նշանակում է, որ մենք Հայաստանի անկախացման գրեթե առաջին օրերից մարդկանց և պետական ինստիտուտների կողքին ենք եղել և փորձել ենք ստեղծել վստահության վրա հիմնված հարաբերություններ՝ ինչպես մարդկանց, այնպես էլ` ինստիտուտների միջև, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց Կոնստանտին Սոկուլսկին։
Նա ընդգծեց նաև, որ Ազգային ժողովի, ՄԱԶԾ-ի, գործադիր իշխանության մարմինների և տեղական համայնքների համատեղ նախաձեռնությունների շնորհիվ կա երկխոսություն, որն աստիճանաբար ավելի կընդլայնվի։ «Այսօրվա երկխոսության ձևաչափը՝ լսելու տեղական համայնքների խնդիրներն ու կարիքները, թույլ են տալիս դարձնել այն մասնակցային և օրենսդիրի կողմից անմիջապես արձագանքելու հնարավորություն։ Շատ կարևոր է, որ տեղի բնակիչներն ակտիվորեն բարձրաձայնեն իրենց հուզող հարցերը և առաջարկեն այն լուծումները, որոնք անհրաժեշտ են կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունները մեղմելու համար։ Տեղի բնակիչները կարող են իրենց ներդրումն ունենալ, քանի որ հենց նրանք են ամենալավը ճանաչում իրավիճակն ու խնդիրները»,- ասաց Կոնստանտին Սոկուլսկին։
Նա շեշտեց համայնքների ներկայացուցիչների ներգրավվածությունը կայացվող որոշումների ընդունման գործընթացում։
Կոնստանտին Սոկուլսկին կարևորեց նաև Ազգային ժողովի պատգամավորների դերը՝ տեղական համայնքների հետ խնդիրների մասին տեղեկությունն անմիջական շփման միջոցով բարձրաձայնելու տեսանկյունից։ «Կարևոր է, որ պատգամավորները խնդիրներին ծանոթանան հենց համայնքներում, քննարկեն դրանք տեղում, և փորձեն այդ հիմնախնդիրներն արտացոլել օրենսդրական նախաձեռնություններում», - ասաց նա։
Դեկտեմբեր 09, 2025 at 15:55
