

«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է վերջին տարիներին Հայաստանի տարածքում արձանագրված կլիմայական շեղումները, դրանց հիմնական պատճառները, ինչպես նաև պետական ու տեղական կառույցների պատրաստվածության մակարդակը՝ նմանատիպ սցենարների կրկնության դեպքում։
Իրավիճակ` աճող ռիսկեր, սահմանափակ կարողություններ
Թեև Հայաստանն աշխարհում ջերմոցային գազերի ամենացածր արտանետումներով երկրներից է (0.02%), այնուամենայնիվ, կլիմայի փոփոխությունների նկատմամբ խիստ խոցելի է։
Եթե մինչև 2015 թվականը՝ Հայաստանում նախաարդյունաբերական շրջանի (1929թ.) համեմատ միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր 1.23°C-ով, ապա դրանից հետո այն բարձրացել է՝ հասնելով 1.6-1.7°C-ի։
Դրանով պայմանավորված՝ կլիմայական ռիսկերը՝ սելավների, ջրհեղեղների, կարկուտի, երաշտի, հրդեհների և ցրտահարության հաճախականությունն ու ինտենսիվությունը Հայաստանում զգալիորեն աճել են։ Դրանք իրենց բացասական հետևանքն են ունենում էկոհամակարգի, տնտեսության և մարդու գործունեության վրա։
ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ իրականացված հետաղետային կարիքների արագ գնահատման համաձայն՝ միայն մայիսյան ջրհեղեղներից կրած ընդհանուր տնտեսական վնասներն ու կորուստները Լոռու և Տավուշի մարզերում կազմել է ավելի քան 82 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ վերականգնման համար անհրաժեշտ գումարը գերազանցել է 117 միլիոն ԱՄՆ դոլարը։
Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասվել էին հիմնական տրանսպորտային մայրուղիները՝ ընդհանուր շուրջ 30 կմ հատված, ինչպես նաև մի քանի կամուրջներ։ Սա իր հերթին յոթ բնակավայրի մեկուսացման պատճառ էր դարձել։
Խաթարվել էր կապը, հետաձգվել էր սննդի ու բժշկական օգնության մատակարարումը։
Այս ջրհեղեղը բացահայտեց աղետների նկատմամբ Հայաստանի պատրաստվածության և արձագանքման համակարգերի խոցելիությունը՝ հատկապես ինստիտուցիոնալ կառույցների միջև համագործակցության, օգնության արագ տրամադրման և հետագա ռիսկերին դիմակայելու տեսանկյունից։
Այս իրավիճակն արձանագրել էր նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ում ղեկավարած կազմակերպությունը գործում է Ալավերդիում։ Նրա խոսքով՝ աղետի մասին լսելով՝ թե՛ իրենց կամավորները, թե՛ բազմաթիվ քաղաքացիներ անմիջապես շտապել են տուժած համայնքներ՝ առաջին օգնություն տրամադրելու։
«Արձագանքը շատ արագ էր։ Նույնը կարելի է ասել պետական և տեղական մարմինների մասին։ Տարբեր կառույցների աշխատակիցներ՝ ղեկավարից մինչև մասնագետ, բոլորն էլ աղետի գոտում էին և փորձում էին օգնել, կազմակերպել, ներգրավել կամավորներին», - «Ամփոփ Մեդիային» պատմում է Դուլգարյանը։
Բայց, ըստ նրա, կար մի մեծ բաց՝ ինստիտուցիոնալ պատրաստվածության պակաս։
«Փոխգործակցություն կար, բայց նկատվում էր, որ տեղ հասած ծառայությունները համակարգված չէին աշխատում։ Համայնքի ղեկավարը, մյուսների պես «սապոգներով» տիղմ էր մաքրում, բայց պլանավորված, համակարգված գործողություններ, ցավոք, չէին նկատվում։ Շատ խառը վիճակ էր», - ասում է Դուլգարյանը։
Դուլգարյանի համոզմամբ՝ նման բնական աղետների հետևանքները կարող են լինել շատ ավելի փոքր, եթե գործի նախապես մշակված և փորձարկված քաղպաշտպանության պլան։
«Մինչ մայիսյան աղետը տարբեր կազմակերպություններ մշտադիտարկել էին Ալավերդու կլիմայական պայմանները, գնահատել ռիսկերը, այդ թվում՝ ջրհեղեղի վտանգը, և ներկայացրել առաջարկություններ», - նշում է նա։ Նրա խոսքով՝ համայնքները պարտավոր են ունենալ քաղպաշտպանության պլաններ և դրանց հիման վրա ամեն տարի կազմակերպել վարժանքներ՝ ներգրավելով բնակչությանը։
«Պետք է հստակ գրված լինի՝ ինչպես արձագանքեն ՏԻՄ-երը, ինչպես գործեն նախապես ձևավորված խմբերը։ Բայց որպեսզի դա աշխատի, անհրաժեշտ է գոնե տարեկան մեկ անգամ իրականացնել վարժանքներ։ 2016-ից հետո ես նման վարժանքների մասին չեմ լսել», - ասում է Դուլգարյանը։
Մեկ այլ խնդիր, որի մասին հաճախ խոսում էին տուժած բնակիչները, վնասների գնահատման թերի գործընթացն էր և դրա հետևանքով տրամադրվող անհամաչափ աջակցությունը։ Շատերը նշում էին, որ աջակցության չափը հաճախ չէր արտացոլում իրական վնասը։ Օրինակ՝ ոռոգման համակարգերը, գյուղատնտեսական տեխնիկան կամ այլ ռեսուրսներ սկզբնական հաշվարկներում ընդհանրապես չէին ներառվում, իսկ շարժական գույքի համար սահմանված ֆիքսված վճարները չէին համապատասխանում կորուստների իրական արժեքին։
Աջակցության չափը վերանայվում էր միայն այն ընտանիքների համար, որոնք հրապարակային հայտնում էին իրենց դժգոհությունը կամ հայտնվում էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Ջրհեղեղից մեկուկես տարի անց կարևոր է արձանագրել, որ կարևոր ենթակառուցվածքները կամ վերականգնվել են, կամ գտնվում են վերջնական վերականգնման փուլում։
Լոռու մարզում մաքրվել է Դեբետ գետի հունը, լայնացվել է Ձորագետի հունը, բացվել են փակված թունելները, վերականգնվել են վնասված կամուրջները։ Իսկ մեկուսացած բնակավայրերի հետ կապը նոր կամուրջների միջոցով վերականգնվել էր աղետից կարճ ժամանակ անց։
Չնայած այս դրական տեղաշարժերին, ճանապարհների ամրացման և լիարժեք շինարարական աշխատանքներն առանձին հատվածներում դեռևս ավարտած չեն, ինչը վկայում է այն մասին, որ ենթակառուցվածքների դիմակայունությունն ամբողջությամբ և վերջնականապես ապահովված չէ։
Կլիմայական քաղաքականության բացթողումները
Հայաստանում կլիմայական ռիսկերը խորանում են ոչ միայն կլիմայի փոփոխության, այլ նաև ոչ կոմպետենտ կառավարման պատճառով։ Բնական ռեսուրսների չկանոնակարգված օգտագործումը, անտառային և գյուղատնտեսական հողերի նվազեցումը, թափոնների ավելացումն ու էներգետիկ ռեսուրսների ոչ արդյունավետ տնօրինումը էականորեն թուլացնում են երկրի դիմակայունությունը։
Վերջին տարիներին կլիմայական վտանգավոր երևույթների ինտենսիվությունը զգալիորեն մեծացել է, ասում է Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։
«Մի տեղ ունենում ենք ջրհեղեղ, մեկ ուրիշ հատվածում՝ անտառային հրդեհներ, ինչպես այս աշնանը, մեկ այլ շրջանում՝ անապատացման ակտիվացում։ Մեր աչքի առաջ,անկախ մեր կամքից՝ կլիման փոխվում է»։
Նրա խոսքով՝ այս փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է համակարգային հարմարվողական քաղաքականություն, սակայն Հայաստանում այն գործնականում ձևավորված չէ։
Բուռնազյանը շեշտում է, որ մասնագիտական համայնքը տարիներ շարունակ բարձրաձայնում է՝ Հայաստանի տարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, տարածքային կառավարում, պետք է ունենան իրենց առանձին հարմարվողականության ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի ճշգրիտ գնահատել ռիսկերը և մշակել համապատասխան լուծումներ։
2025թ․-ի հուլիսին հրապարակված «Քաղաքացիական հասարակության կողմից ՀԸԳՀ (CEPA) իրականացման մոնիթորինգի ուժեղացում» զեկույցը, որի փորձագիտական խմբի անդամ է նաև Բուռնազյանը, արձանագրում է, որ ոլորտային բոլոր քաղաքականությունները՝ անտառից և գյուղատնտեսությունից մինչև էներգետիկա և թափոններ, հաճախ մնում են կիսատ կամ չհամակարգված։
Զեկույցում նշվում է, որ անտառածածկ տարածքների ընդլայնման ծրագրերը չեն իրականացվում։ Մինչև 2030թ.-ը անտառածածկ տարածքները նախատեսված 50,000 հա-ով ավելացնելու պլանը նախորդ երեք տարիներին իրականացվել է ընդամենը 1,64%-ով, ասել է թե դեռ տնկվել է ընդամենը 820 հա տարածք, մինչդեռ 1993-ից հետո անտառային հողերն արդեն իսկ կրճատվել են 126,200 հա-ով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Դեկտեմբեր 24, 2025 at 13:51
