Գործադիրը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2026-2035թթ․ Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները՝ ԱՍՀ 3.0

Գործադիրը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ 2026-2035թթ․ Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները՝ ԱՍՀ 3.0

Սույն թվականի դեկտեմբերի 25-ի նիստում գործադիրը հաստատեց «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը»։

ԱՍՀ 3.0 իրականացման արդյունքում ակնկալվում է ջերմոցային գազերի արտանետումները զսպել 11,404 Գգ CO համարժեք մակարդակում կամ 1990 թվականի նկատմամբ կրճատել 44% - ով:

Հայաստանի ԱՍՀ 3․0-ի իրագործման ժամանակահատվածն է 2026-2035թթ․։ Այդ տասը տարվա ժամանակահատվածն արտացոլում է Փարիզյան համաձայնագրով սահմանված մեղմման և հարմարվողականության միջոցառումների պլանավորման հեռանկարը Հայաստանի համար։ ԱՍՀ 3.0-ն առաջնահերթություն է տալիս հարմարվողականությանը՝ որպես ազգային հրամայական։

«Հայաստանի ԱՍՀ 3․0-ն կարևոր առաջընթաց է երկրի կլիմայական քաղաքականության ուղղությամբ՝ 2026-2035 թթ․ համար սահմանելով հստակ, ամբողջ տնտեսությունը ներառող մեղմման և հարմարվողականության նպատակներ։ Փաստաթուղթը սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ինչպես ոչ պայմանական (44%), այնպես էլ պայմանական թիրախներ (52%) 1990թ․ մակարդակի համեմատությամբ՝ արտահայտելով Հայաստանի ռազմավարական անցումը ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացող մոդելի՝ հանձնառու հասնելու  Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C-ից ցածր նպատակին», - նշված է փաստաթղթում։

Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման նպատակների իրականացումը զգալի ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։ 22 ոչ պայմանական մեղմման միջոցառումները կիրականացվեն ներքին ֆինանսական ռեսուրսների, քաղաքականության բարեփոխումների և առկա միջազգային ֆինանսավորման աղբյուրների համադրությամբ՝ կազմելով շուրջ 748 միլիարդ ՀՀ դրամ։

Հայաստանի 41 հարմարվողականության միջոցառումների իրագործման համար պահանջվում է միջազգային զգալի աջակցություն։ Գնահատված միջոցառումների համար պահանջվող ռեսուրսը կազմում է մոտ 498 միլիարդ ՀՀ դրամ մինչև 2035 թ.: Ընդ որում, հարմարվողականության բոլոր միջոցառումներն այս փուլում չեն գնահատվել՝ մանրամասն իրագործելիության ուսումնասիրությունների կամ ծախսերի գնահատման բացակայության պատճառով։ Հետևաբար, Ծրագիրը լիարժեքորեն չի արտացոլում ԱՍՀ 3.0-ում ներկայացված հարմարվողականության միջոցառումների մասշտաբն ու կարևորությունը։

Նշված է, որ նախագիծն ուղղակիորեն բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 փաստաթղթով ամրագրված տեսլականից, այն է՝ մինչև 2050 թվականը ունենալ առողջ շրջակա ﬕջավայրով, կլիմայադիմակայուն և էներգաարդյունավետ Հայաստան:

Ազգային մակարդակով սահմանված հանձնառություններն ամրագրում են երկրների՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման թիրախներն ամբողջ տնտեսության կամ տնտեսության առանձին ոլորտների համար։ Դրանք Փարիզյան համաձայնագրի կողմ երկրները պետք է ներկայացնեն հինգ տարի մեկ պարբերականությամբ հաջորդող տասնամյա ժամանակաշրջանի համար, ընդ որում՝ յուրաքանչյուր հաջորդ շրջափուլի համար ներկայացված թիրախները պետք է լինեն ավելի հավակնոտ։

ԱՍՀ 30 փաստաթուղթը մշակվել է ՄԱԶԾ «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի աջակցությամբ։

Դեկտեմբեր 26, 2025 at 17:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր