

2025թ․ դեկտեմբերի 18-ին ներկայացվեցին «Էներգաարդյունավետության հետ առնչվող հիմնահարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրության իրականացում Երևանում և ՀՀ մարզերում» հետազոտության արդյունքները:
Հետազոտությունն իրականացվել է «Կոմպասս բիզնես գրուպ» ընկերության կողմից 2025թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» պատվերով՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Նա ընդգծեց էներգաարդյունավետության կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման համատեքստում, նշեց, որ ՄԱԶԾ-ն շարունակելու է աջակցել պետական և մասնավոր հատվածների համագործակցությանը՝ ոլորտում համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով։

«Հպարտ ենք տեսնել մեր շարունակական ջանքերի արդյունքը․ Հայաստանի բնակչության ավելի քան կեսն արդեն հստակ պատկերացում ունի էներգաարդյունավետության մասին։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ հանրային իրազեկվածության բարձրացումը պետք է մնա առաջնահերթություն: Բնակչության շրջանում էներգաարդյունավետ լուծումների պահանջարկի ավելացումը ոչ միայն կխրախուսի ավելի «կանաչ» գործելակերպը, այլև կնպաստի երկրի առաջադեմ քաղաքականության զարգացմանը»,- ասաց նա։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանն իր ելույթում ներկայացրեց ծրագրի արդյունքներն ու ազդեցությունը։ Ծրագիրը միտված է էներգիայի զգալի խնայողության ապահովմանը և դրա արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը։

Հարցումնն իրականացվել է Երևանում և Հայաստանի 10 մարզերում։
Ծրագրի թիրախում են եղել հասարակական շենքերը, բազմաբնակարան շենքերն ու առանձնատները։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում նախատեսված է 305 հասարակական շենքի, 198 բազմաբնակարան շենքի և 200 առանձնատան էներգաարդյունավետ արդիականացում։ Արդեն իսկ ավարտվել են տասնյակ շենքերի արդիականացման միջոցառումներն՝ ապահովելով զգալի էներգախնայողություն։

Վահրամ Ջալալյանի խոսքով՝ ծրագրի կարևոր ձեռքբերումներից է էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) ներդրումը Երևանում և համայնքներում, ինչպես նաև էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Ավելի քան 70 կրթական միջոցառումների արդյունքում շուրջ 2,900 մասնակից ստացել է մասնագիտական գիտելիք։ Իրազեկման լայնածավալ արշավների միջոցով ավելի քան 1 միլիոն մարդ ողջ Հայաստանում ծանոթացել է էներգաարդյունավետության առավելություններին։ Ստեղծվել է նաև մասնագիտացված տեղեկատվական հարթակ՝ www.mershenq.am, որտեղ ներկայացված են ուսումնական նյութեր, ինտերակտիվ քարտեզներ և գործնական ուղեցույցներ։
Ծրագրի շրջանակում մշակվել են շենքերի անձնագրեր, բազմաբնակարան շենքերի շահագործման կանոններ, տեխնիկական ուղեցույցներ, ինչպես նաև իրականացվել է իրավական բացերի վերլուծություն։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Էներգաարդյունավետության հետ առնչվող հիմնահարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրության իրականացում Երևանում և ՀՀ մարզերում» հետազոտության արդյունքները։

Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում անցկացված տնային տնտեսությունների հարցումները ցույց են տվել, որ էներգաարդյունավետ արդիականացումը բերում է շոշափելի ֆինանսական խնայողությունների, բնակարանների ջերմային հարմարավետության բարձրացման և առողջապահական ու սոցիալական դրական ազդեցությունների։
Ըստ հետազոտության՝ էներգաարդյունավետության գաղափարին ծանոթ է եղել հարցվածների 56.2%-ը , իսկ 46.9%-ը նշել է, որ էներգաարդյունավետության ծրագրերը զգալիորեն նպաստում են ծախսերի նվազեցմանը, ջերմության պահպանմանը և բնակարանի հարմարավետության մակարդակի բարձրացմանը:
Հարցվողների 85.9%-ը բավարարված է եղել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում իրենց շենքում իրականացված էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների արդյունքից։
Ծրագրի առաջին բաղադրիչի համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Աջամօղլյանի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում՝ որպես գործընկեր, տարբեր միջոցառումներով նպաստել են էներգաարդյունավետության թեմայով հանրային իրազեկվածության բարձրացմանը։ Այս գործում, ըստ նրա, մեծապես օգնել են տեղական լրատվամիջոցները, նրանք պատրաստակամորեն լուսաբանել են Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներն, արդյունքներն ու շահառուների կյանքում արձանագրված փոփոխությունները:
«Մենք բարձր ենք գնահատում լրատվամիջոցների հետ այս համագործակցությունը, որի արդյունքը որոշակիորեն արտացոլված է նաև այս հետազոտության մեջ: Հուսով եմ, որ ստացված արդյունքները հետագայում կօգնեն պետական համակարգում քաղաքականություն մշակողներին և որոշումներ կայացնողներին առավել թիրախային գործելու», - նշեց նա։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը մեկնարկել է 2017թ․ և կավարտվի 2026թ․ հունիսին։ Այն ֆինանսավորվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև ՄԱԶԾ համաֆինանսավորմամբ՝ 0.42 միլիոն ԱՄՆ դոլարի չափով։ Իրականացնողը ՄԱԶԾ-ն է, հիմնական գործընկերը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը։
Դեկտեմբեր 22, 2025 at 10:54
