ՀԾԿՀ-ն դադարեցրեց ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան

ՀԾԿՀ-ն դադարեցրեց ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Ֆեյսբուքյան իր էջում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել է․ «ՀԾԿՀ-ն իր որոշմամբ դադարեցրեց ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան։ ՀԷՑ-ը ծառայո՛ւմ է մեր ժողովրդին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Նշենք, որ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ էր ուղարկել ՀԾԿՀ այն մասին, որ 2025 թվականի հունվարին ՀԷՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է, իսկ էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները, սկսած 2018 թվականից, ջնջվել են, նախկինում զանգվածաբար ոչ ճշմարիտ տվյալներ են ներկայացվել ՀԾԿՀ-ին։

ՀԾԿՀ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» որոշման նախագծում նշված է․ «Լիցենզիայի գործողության կասեցումը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառելի չէ ընկերության նկատմամբ, քանի որ

  • լիցենզավորված գործունեության ամբողջական կասեցումն օբյեկտիվորեն կհանգեցնի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում էլեկտրական էներգիայի բաշխման ժամանակավոր դադարեցման, այն է՝ ավելի քան մեկ միլիոն սպառողների, այդ թվում՝ պետության համար կենսապահովման առաջնային նշանակության ծառայության՝ անխափան և որակյալ էլեկտրական էներգիա ստանալու իրավունքի խախտման՝ դրան բնորոշ անդառնալի հետևանքներով, ինչն անթույլատրելի է,
  • էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության առանձին գործառույթի կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողության կասեցման մասով առկա չէ այնպիսի առանձին գործառույթ կամ գործողություն, որի ժամանակավոր դադարեցմամբ հնարավոր կլիներ ապահովել դրանով հետապնդվող իրավաչափ նպատակի իրագործումը, ավելին, սույն դեպքում առկա չէ այնպիսի գործառույթ, որի շրջանակներում կատարվել է խախտումը և որի կասեցումը կլինի իրագործելի, այսինքն՝ կասեցումը կլինի ինքնանպատակ:
  • Միաժամանակ, հանձնաժողովը գտնում է, որ խնդրո առարկա դեպքում կասեցման կիրառմամբ համակարգի անվտանգության և հուսալիության համար «պատասխանատու», ողջ ազգաբնակչությանը բացառիկ ծառայություն մատուցող և, հետևաբար, բոլոր սպառողների իրավունքներին առնչվող մյուս լիցենզավորված անձանց անուղղակիորեն կուղղի նաև ազդակ առ այն, որ համանման կոպտագույն խախտումները կարող են հանգեցնել ընդամենը լիցենզիայի գործողության կասեցման: Նման ազդակն ինքնին կարող է նախադրյալ ստեղծել այլ լիցենզավորված անձանց կողմից նմանատիպ խախտումներ ենթադրող վարքագծի դրսևորման համար:
  • Միաժամանակ, հաշվի առնելով, որ ընկերության կողմից թույլ տրված խախտումն իր բնույթով խիստ վտանգավոր է, շարունակական, որևէ կերպ լիցենզավորված գործունեության հետ չկապված, հանձնաժողովը գտնում է, որ սույն դեպքում արարքի համար համաչափ պատասխանատվության միջոցը լիցենզիայի գործողության դադարեցնելն է:

Նշենք, որ ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, որն էլ պատկանում է ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանն է։

Նոյեմբեր 17, 2025 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր