Ներկայացվեցին էներգաարդյունավետության վերաբերյալ նոր ուսումնասիրությունները՝ տեղական կարողությունների և ֆինանսական գործիքների համատեքստում

Ներկայացվեցին էներգաարդյունավետության վերաբերյալ նոր ուսումնասիրությունները՝ տեղական կարողությունների և ֆինանսական գործիքների համատեքստում

2025թ. հոկտեմբերի 15-ին Երևանում ներկայացվեցին «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ուսումնասիրությունը կատարել է «Սիվիտտա ԷՅԷՄ» ընկերության կողմից՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ։

ՄԱԶԾ-Հայաստանի թիմը ներկայացրել է բնակելի շենքերի էներգաարդյունավետության ֆինանսավորման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների վերաբերյալ հիմնական եզրակացությունները՝ բնակելի և հանրային շենքերի էներգաարդյունավետության բարելավման նախագծեր մշակելու համար:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներ։

Ուսումնասիրությունները նպատակ ունեին գնահատել հայաստանյան բանկերի և համապատասխան ֆինանսական հաստատությունների կարողությունները առանձնատների և բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) էներգաարդյունավետ (ԷԱ) արդիականացումների համար համապատասխան արտադրանքի մշակման և շուկայում ներկայացման գործում, ինչպես նաև գնահատել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կարողությունները` հանրային շենքերի էներգաարդյունավետ արդիականացման նախագծերի մշակման և կարողությունների զարգացման կարիքների բացահայտման նպատակով։

«Էներգաարդյունավետությունը ոչ միայն արտանետումների կրճատման, այլև կյանքի որակի բարելավման և համայնքային մակարդակում դիմակայունության ձևավորման մասին է։ Ապացույցների վրա հիմնված վերլուծության և ներպետական մակարդակում կուռ գործընկերությունների միջոցով Հայաստանը կարող է շարունակել կայուն էներգետիկ անցման օրինակ ծառայել», - նշել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։

Ուսումնասիրություններն իրականացվել են 2025թ․ գարուն-ամառ ժամանակահատվածում և ներառել են համակցված ֆոկուս խմբեր, կառուցվածքային և կիսակառուցվածքային հարցազրույցներ, ինչպես նաև առցանց հարցումներ: Տվյալները հավաքագրվել են Հայաստանի վարկային պորտֆելի ավելի քան 70 տոկոսը կազմող 14 ֆինանսական հաստատությունների ավելի քան 30 ներկայացուցիչներից և երկրի տարբեր տարածքները ներկայացնող 20 ՏԻՄ-երից: 

Ֆինանսական հաստատությունների վերաբերյալ գնահատման համաձայն՝ աճել է բանկերի և ֆինանսական հաստատությունների հետաքրքրությունը կանաչ և էներգաարդյունավետ արտադրանքի մշակման նկատմամբ: Միևնույն ժամանակ՝ բնակարանների, մասնավորապես՝ ԲԲՇ-ների մեծածավալ արդիականացման ֆինանսավորման մասշտաբային ընդլայնումը բախվում է մի շարք խոչընդոտների, այդ թվում՝ անհատականացված արտադրանքի սահմանափակ քանակության խնդրին, կարգավորող և ինստիտուցիոնալ մարտահրավերների և հանրային իրազեկվածության ցածր մակարդակի:

ՏԻՄ-երի վերաբերյալ ուսումնասիրության համաձայն՝ տեղական իշխանությունները հայտնել են իրենց հանձնառությունը՝ ինտեգրելու ԷԱ միջոցառումները համայնքի բարեկեցության բարելավմանը և էներգիայի ծախսերը կրճատելուն ուղղված գործողություններին: Վերլուծությունն ի հայտ է բերել տեխնիկական փորձագիտության, ֆինանսական պլանավորման և էներգետիկայի ռազմավարական կառավարման ոլորտում առկա բացթողումները, որոնք և սահմանափակում են ՏԻՄ-երի ԷԱ ծրագրերի մշակման և իրականացման կարողությունը:

Արդյունքների ներկայացումից հետո փորձագետներն ու շահագրգիռ կողմերը քննարկել են բացահայտված մարտահրավերները հաղթահարելու գործնական լուծումները: Երկխոսությունը կենտրոնացած էր տեղական կարողությունների ամրապնդման, ֆինանսական գործիքների` շուկայի կարիքներին համապատասխանեցման և Հայաստանում շենքերի ԷԱ արդիականացումը արագացնելու համար առկա ռեսուրսների մոբիլիզացման խնդրի վրա:

Հոկտեմբեր 16, 2025 at 13:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր