

Ապրիլի 15-17-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» թեմայով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՊՀ-ի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի («Գլոբալ կամպուս Կովկասի») կողմից «Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի» և «Ժան Մոնե» ժողովրդավարության, մարդու իրավունքների և անվտանգություն գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ։
Ապրիլի 17-ին գիտաժողովի երկու պանելային քննարկումները կենտրոնացած էին կլիմայական քաղաքականության, կառավարման և անվտանգության հարցերի վրա։
Կլիմայական ակտիվիզմից՝ դիվանագիտություն․ պանելային քննարկում
Հայաստանում ԵՄ պատվիրակության կլիմայի հարցերով փորձագետ Սուսաննա Մարտինսը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանը ներկայացրին ոլորտում առկա մարտահրավերներն ու առաջընթացը։
Սուսաննա Մարտինսը նշեց, որ ի պատասխան քաղաքացիների պահանջների 2019 թվականին ԵՄ-ն նախաձեռնել է քաղաքական ծրագիր ավելի ակտիվ կլիմայական գործողությունների համար, իսկ 2021 թվականին ընդունվել է «Կլիմայի մասին» օրենքը։ «Կլիմայի օրենքը սահմանում է, որ Եվրոպական միությունը պետք է շարժվի դեպի մաքուր անցում՝ պաշտպանելով թե՛ մարդկանց, թե՛ մոլորակը, և ապահովելով տնտեսական և սոցիալական արդարություն», - ասաց նա։

Սուսաննա Մարտինսը հիշեցրեց, որ 2021 թվականին ԵՄ-ն ընդունել է հարմարվողականության ռազմավարություն, և գրեթե բոլոր անդամ երկրներն արդեն ունեն համապատասխան ծրագրեր։ «Այս միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել դիմակայունությունը ջերմային ալիքների, ջրհեղեղների, երաշտների և ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել բնության վրա հիմնված լուծումներ», - ասաց նա։
Մարտինսը նաև նշեց, որ ԵՄ կլիմայական բյուջեի մոտ 95%-ն ուղղվում է մեղմման միջոցառումներին, մինչդեռ միայն 5%-ն է բաժին ընկնում հարմարվողականությանը՝ հավելելով, որ նպատակ կա ավելացնել հարմարվողականության ֆինանսավորումը։
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանն անդրադարձավ կլիմայական բանակցություններում առանցքային սկզբունքներից մեկին՝ «ընդհանուր, բայց տարբերակված պատասխանատվության» հարցին, որն ամրագրված է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայում։
Հայաստանը հատկապես խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ՝ իր լեռնային աշխարհագրության և էկոհամակարգերի պատճառով, որոնք զգայուն են ջերմաստիճանի բարձրացման և տեղումների փոփոխության նկատմամբ։ Նկատվում են ջերմաստիճանի և տեղումների անկանոնություն և գյուղատնտեսական արտադրության նվազում՝ պայմանավորված կլիմայական գործոններով։ «Տեղական արտադրության և գյուղատնտեսության ապահովումը նաև ազգային անվտանգության հարց է», - նշեց Դիանա Հարությունյանը։

Հայաստանի դեպքում կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունները հատկապես կարևոր են, քանի որ երկիրը հանածո վառելիք արտադրող չէ, այլ դրա օգտագործող և, հետևաբար, պետք է նվազեցնի կախվածությունն արտաքին աղբյուրներից։ «Մեզ համար կարևոր է էներգետիկ անկախությունը և մաքուր, ածխածնային չեզոք համակարգերի զարգացումը», - նշեց Դիանա Հարությունյանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության հարց է։
Նա նաև ընդգծեց թափանցիկության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը պարբերաբար ներկայացնում է իր ազգային զեկույցները, արտանետումների հաշվառումները և առաջընթացի հաշվետվությունները՝ միջազգային պահանջներին համապատասխան։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանի խոսքով՝ Հայաստանի կլիմայական քաղաքականությունը ձևավորվում է ապացույցների վրա հիմնված և թափանցիկ կառավարման սկզբունքներով՝ հաշվի առնելով գիտական տվյալներն ու միջազգային պահանջները, մասնավորապես՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան։
Նա ընդգծեց, որ բոլոր ռազմավարական փաստաթղթերը մշակվում են կլիմայական մոդելավորումների և կանխատեսման սցենարների հիման վրա․ «Թվերը պարզապես չեն ընտրվում․ դրանք ձևավորվում են փորձագիտական վերլուծության արդյունքում»։
Հայաստանը հաստատել է իր ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների երրորդ ծրագիրը (ԱՍՀ), որը նախատեսված է 2026-2035 թվականների համար։ Դրանով սահմանված են հստակ միջոցառումներ և թիրախներ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ։ Նախատեսվում է մինչև 2035 թվականը ապահովել արտանետումների 44% կրճատում՝ ոչ պայմանական միջոցառումներով, և մինչև 52%՝ միջազգային աջակցությամբ պայմանական սցենարի դեպքում 1990 թվականի մակարդակի համեմատ։
Միևնույն ժամանակ, երկարաժամկետ՝ մինչև 2050 թվականը, նախատեսված ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը ներառում է առանցքային միջոցառումներ և մոնիթորինգի համակարգ, որի միջոցով ամեն տարի գնահատվում և ներկայացվում է Հայաստանի առաջընթացը։
Հաշվետվողականության շրջանակում Հայաստանը պարբերաբար ներկայացնում է ազգային հաղորդագրություններ, արտանետումների կադաստրներ և թափանցիկության զեկույցներ, որոնք ենթարկվում են միջազգային փորձագիտական գնահատման։
Քննարկումը վարել է Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի ներկայացուցիչ Մելինե Ավագյանը։
Շարունակելի
Ապրիլ 21, 2026 at 15:57
