Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 17-ին աշխարհը նշեց Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս օրը սահմանվել է 1994թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից։ Այն նշվում է ամեն տարի հունիսի 17-ին՝ ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) հովանու ներքո։ Այս օրը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը հողերի դեգրադացման, անապատացման և երաշտների աճող ռիսկերի մասին, որոնք այսօր համարվում են գլոբալ բնապահպանական մարտահրավերներ։ Այս տարվա գլոբալ միջոցառումը հյուրընկալել է Քենիան՝ UNCCD-ի հետ համատեղ։  

2026թ․ օրվա թեման է՝ «Արոտավայրեր․ Ճանաչել։ Հարգել։ Վերականգնել»։ Այս տարվա թեման կենտրոնանում է աշխարհի արոտավայրերի կարևորության վրա՝ ընդգծելով դրանց դերը կլիմայական դիմակայունության ապահովման, սննդի և ջրի անվտանգության, կենսաբազմազանության պահպանության, տեղաբնիկ և հովվական համայնքների կենսակերպի ու մշակույթի պահպանման գործում։ 

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում հողերի մոտ 40%-ն արդեն դեգրադացված է, ինչն ուղղակի ազդեցություն ունի պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների և միլիոնավոր մարդկանց կենսապայմանների վրա։ Վերջին տասնամյակների ընթացքում նաև նկատվում է չորացման միտումների աճ․ ավելի քան երեք քառորդ հողատարածքներ ենթարկվում են չորացման գործընթացների։ 

Հայաստանը նույնպես գտնվում է անապատացման ռիսկի տակ, հատկապես՝ կլիմայի փոփոխության, երաշտների հաճախացման, ջրային ռեսուրսների սահմանափակման և հողերի ոչ կայուն օգտագործման պայմաններում։ Այս համատեքստում հողի կայուն կառավարումը, անտառների վերականգնումը, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և համայնքահեն բնապահպանական լուծումները դառնում են առաջնային ուղղություններ։ Ըստ FAO-ի՝ Հայաստանում վարելահողերի մոտ 50%-ը չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ, ինչին զուգահեռ շարունակվում են հողերի դեգրադացումը, երաշտները, աղակալումը և սողանքային գործընթացները։   

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության՝ հողերի դեգրադացման չեզոքացման նպատակին հասնելու ուղղությամբ Հայաստանը միջազգային դոնորների աջակցությամբ և պետական համաֆինանսավորմամբ իրականացնում է ծրագրեր տարբեր մարզերում․
- «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման (LDN) հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագիր
- «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների ապահովմանը» ծրագիր
- «Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում՝ նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով» ծրագիր
- «Շիրակի մարզում կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացում՝ Արթիկ համայնքում իրականացված պիլոտային ծրագրի լավագույն փորձի կիրառմամբ» ծրագիր,
- «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիր:

Վերոնշյալ ծրագրերը նպաստում են հողերի դեգրադացման կանխմանը, չորային և խոցելի էկոհամակարգերի վերականգնմանը, կենսաբազմազանության պահպանությանը, ինչպես նաև համայնքների կլիմայական դիմակայունության բարձրացմանը։

Անապատացման խնդիրը՝ COP գործընթացում

Անապատացման դեմ պայքարի գլոբալ քաղաքականությունը համակարգվում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի (UNCCD) կողմերի համաժողովով։ Վերջին՝ COP16-ն անցկացվել է 2024թ․ Ռիյադում (Սաուդյան Արաբիա)՝ «Մեր հողը, մեր ապագան» կարգախոսով։ Համաժողովը համարվել է ամենախոշորն այս գործընթացի պատմության մեջ՝ ավելի քան 20,000 մասնակիցներով և կենտրոնացել է հողերի վերականգնման, երաշտի դիմակայունության և կայուն հողօգտագործման լուծումների վրա։

Հաջորդ՝ COP17-ը կանցկացվի 2026թ․ օգոստոսի 17-28-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում՝ «Վերականգնելով հողերը։ Վերականգնելով հույսը» կարգախոսով։ Այն տեղի կունենա նաև ՄԱԿ-ի հռչակած Արոտավայրերի և հովվականների միջազգային տարվա ընթացքում՝ ընդգծելով արոտավայրերի պահպանության և վերականգնման կարևորությունը։

Լուսանկարը՝ www.un.org

Հունիս 19, 2026 at 13:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր