

Թուրքիայի Անթալիա քաղաքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովն (COP31) ավարտվել է առանց վերջնական համաձայնագրի ընդունման։ ՄԱԿ-ը նշում է, որ բանակցությունների մասնակիցներին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել հանածո վառելիքի հարցի շուրջ տարաձայնությունները։
Հիմնական տարաձայնությունը և համաձայնագրի ընդունման գլխավոր խոչընդոտը կապված է հանածո վառելիքին վերաբերող ձևակերպումների հետ։ Մի շարք երկրներ պաշտոնապես դեմ են արտահայտվել փաստաթղթի վերջնական նախագծին՝ հայտարարելով, որ այն ոչ միայն թուլացնում է պետությունների կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները, այլև չի համապատասխանում կլիմայական ճգնաժամի ծավալներին ու հրատապությանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խորը հիասթափություն է հայտնել այս կապակցությամբ, միևնույն ժամանակ ընդգծել է, որ բանակցությունների նման ավարտը չի փոխում կլիմայական ճգնաժամի դաժան իրողությունները։ Անտոնիու Գուտերեշը գագաթնաժողովի արդյունքը որակել է որպես հետընթաց։ «Բանակցությունների դահլիճում կարող է համաձայնություն չլինել, բայց գիտական տվյալներում երկիմաստության տեղ չկա», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
COP31-ի նախագահ, Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրաթ Քուրումը խոստովանել է, որ բանակցությունները փակուղի են մտել։ Բանակցությունների ձախողմանը նախորդել էին հանածո վառելիքի շուրջ մի քանի օր շարունակվող վեճերը։ Մասնակիցներին այդպես էլ չի հաջողվել մերձեցնել, մի կողմից, կլիմայական փոփոխությունների նկատմամբ խոցելի պետությունների կոալիցիայի և ածուխից, նավթից ու գազից հրաժարվելու ավելի խիստ պարտավորություններ պահանջող երկրների դիրքորոշումները, իսկ մյուս կողմից՝ այն պետությունների դիրքորոշումները, որոնք ձգտում էին պաշտպանել ածխաջրածինների արտահանումից մեծապես կախված իրենց տնտեսությունները։
COP31-ի համանախագահներ Ավստրալիան և Թուրքիան ներկայացրել են փաստաթղթի փոխզիջումային մի քանի նախագիծ՝ կողմերի միջև համաձայնության հասնելու նպատակով։ Դրանցում, մասնավորապես, արձանագրվում է, որ գլոբալ տաքացումը ներկայում շարժվում է 1.5°C շեմի գերազանցման ուղղությամբ, ինչպես նաև կոչ է արվում ընդլայնել մթնոլորտից ածխածնի որսման և հեռացման տեխնոլոգիաների կիրառումը։
Սակայն այդ ջանքերն ի վերջո արդյունք չտվեցին։ Քննադատները հայտարարեցին, որ փաստաթղթի տեքստը թուլացնում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և բացարձակապես չի համապատասխանում կլիմայական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցառումների ծավալին։
Հաստատելով կլիմայի պաշտպանության ուղղությամբ բազմակողմ ջանքերին իրենց հանձնառությունը՝ պատվիրակությունները նախազգուշացրին, որ չպետք է «բանակցությունների դրամատիզմը շփոթել իրական արդյունքի հետ»։ Նրանք համաձայնագրի վերջնական նախագիծը բնութագրել են որպես «նվազագույն ընդհանուր հայտարար», որը չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին։
Եվրամիությունը պաշտոնապես դեմ է արտահայտվել վերջնական համաձայնագրին՝ հայտարարելով, որ այն «չի համապատասխանում պահի մարտահրավերներին»։
Պանաման նույնպես մերժել է վերջնական փաստաթուղթը՝ հայտարարելով, որ կառավարությունները պարտավոր են «ոչ թե սակարկել նվազագույն շեմի շուրջ, այլ գործել»։
Պակիստանը պատվիրակներին կոչ է արել շարունակել աշխատանքը՝ ընդհանուր համաձայնության հասնելու համար՝ նախազգուշացնելով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է «կամուրջներ, ոչ թե պատնեշներ»։
Մարշալյան կղզիները նույնպես հրաժարվել են աջակցել փաստաթղթին՝ նախազգուշացնելով, որ այն հաշվի չի առնում կլիմայի փոփոխության առաջնագծում գտնվող երկրների շահերը։ Պատվիրակությունը հայտարարել է, որ այդ տեքստի ընդունումը դավաճանություն կլիներ սեփական ժողովրդի նկատմամբ։ Նրանք քննադատել են այսպես կոչված «կեղծ լուծումները» և ընդգծել, որ հանածո վառելիքից արագացված հրաժարումը՝ ֆինանսական հզոր աջակցությամբ, շարունակում է մնալ խիստ անհրաժեշտություն։
Աֆրիկյան խմբի անունից հանդես եկող Գանան ընդունել է, որ փաստաթուղթն ունի էական թերություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայական ֆինանսավորումը, կորուստների և վնասների փոխհատուցումը և արդար էներգետիկ անցումը։ Պատվիրակության գնահատմամբ՝ այս թեմաներին հատկացվել էր «ընդամենը մեկ ընդհանուր նախադասություն»։
Արաբական պետությունները ներկայացնող Սաուդյան Արաբիան պաշտպանել է փաստաթղթում ածխածնի որսման և պահպանման տեխնոլոգիաների վերաբերյալ հիշատակումները։ Պատվիրակությունը հայտարարել է, որ գիտական գնահատականները հաստատում են այդ տեխնոլոգիաների դերը գլոբալ տաքացումը զսպելու գործում։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլը նշել է, որ պատվիրակները հիասթափված են, և կառավարություններին չի հաջողվել հաղթահարել գագաթնաժողովի առանցքային քաղաքական որոշումների շուրջ տարաձայնությունները։
«Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ, որ նման իրավիճակը կրկնվի», - հայտարարել է նա՝ կոչ անելով երկրներին դասեր քաղել Անթալիայում տեղի ունեցածից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ զգուշացրել է, որ գլոբալ ջերմաստիճանը շարունակում է ռեկորդներ սահմանել, կլիմայի փոփոխության հետևանքներն ավելի են սրվում, իսկ ջերմոցային գազերի արտանետումները շարունակում են մնալ վտանգավոր բարձր մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ աշխարհն արդեն մոտենում է միջազգայնորեն համաձայնեցված՝ 1.5°C տաքացման շեմի գերազանցմանը։
Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հանածո վառելիքը շարունակում է մնալ գլոբալ տաքացման հիմնական շարժիչ ուժը։ «Հրդեհը հնարավոր չէ հանգցնել՝ վրան յուղ լցնելով», - ասել է Գուտերեշը։ Նրա խոսքով՝ հանածո վառելիքի արդյունահանման և արտադրության ոլորտում գործող ազդեցիկ խմբերը խոչընդոտում են կլիմայական նախաձեռնություններին՝ սեփական գերշահույթները պահպանելու նպատակով։
Անտոնիու Գուտերեշը հիշեցրել է, որ դեռևս Դուբայում կայացած COP28-ի ժամանակ կառավարությունները պայմանավորվել էին աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքից։ Նա ընդգծել է, որ այժմ առաջնահերթությունը պետք է լինի այդ անցման գործընթացի արագացումն ու ֆինանսավորումը։
Նա նաև կոչ է արել ընթացիկ տասնամյակում էապես կրճատել արտանետումները, մեծացնել խոցելի պետություններին տրամադրվող աջակցությունը և զգալիորեն ավելացնել հարմարվողականության ծրագրերի ֆինանսավորումը։
Գուտերեշի խոսքով՝ իրական առաջընթացի չափանիշը կլինի այն, թե որքանով երկրներին կհաջողվի նվազեցնել իրենց կախվածությունը հանածո վառելիքից, ընդլայնել մաքուր էներգիայի օգտագործումը, կրճատել մեթանի արտանետումները, վերականգնել անտառները և ապահովել զարգացող երկրներին անհրաժեշտ կլիմայական ֆինանսավորումը։
Դիմելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, երիտասարդներին, բնիկ ժողովուրդներին, գիտնականներին և կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում գտնվող համայնքներին՝ նա կոչ է արել ակտիվիստներին շարունակել իշխանություններից վճռական գործողություններ պահանջել։ «Կլիմայական ճգնաժամը չի սպասի, մինչև կառավարությունները ընդհանուր եզրեր գտնեն։ Մենք նույնպես չենք կարող սպասել։ Շարունակե՛ք տարածել փաստերը։ Շարունակե՛ք գործողություններ պահանջել», - հայտարարել է նա։
ՄԱԿ-ը նշում է, որ COP31-ը դարձել է ՄԱԿ-ի պատմության մեջ կլիմայի փոփոխության հարցերով ամենաերկարատև համաժողովը։ Համաժողովի պաշտոնական ավարտի՝ նոյեմբերի 20-ից հետո, բանակցությունները շարունակվել են ևս երկու օր։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի հաջորդ՝ COP32 համաժողովը կանցկացվի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում։ Կառավարություններին դեռևս սպասվում է Անթալիայում անպատասխան մնացած բազմաթիվ հարցերի քննարկումը։
Լուսանկարը՝ un.org
Նոյեմբեր 23, 2026 at 11:42
