

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում:
Ուղերձում վարչապետը նշել է.
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, որոնք էկոհամակարգային ծառայությունների մատակարարներ են և կարևորագույն նշանակություն ունեն մարդկության գոյատևման համար։
Այս տարվա «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում» կարգախոսն ընդգծում է կենսաբազմազանության կորստի կասեցման և շրջադարձման մեր համատեղ հանձնառությունը՝ որպես կայուն զարգացման հիմնական նախապայման, և վերականգնելու սերունդների միջև տնտեսական, սոցիալական և բնապահպանական կարիքների արդար հավասարակշռությունը։
Հայաստանը բարձր է գնահատում «Կենսաբանական բազմազանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, դրա արձանագրությունների և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կենսական դերը՝ որպես կենսաբազմազանության պահպանման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման և օգուտների արդարացի բաշխման մեր գլոբալ ջանքերի անկյունաքարեր՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության և ակադեմիական աշխարհի լիարժեք, ակտիվ և իմաստալից ներգրավվածությամբ։
Որպես 2026 թվականին Երևանում կայանալիք կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։
Մենք պատրաստ ենք COP17-ի ընթացքում խթանել ներառական և արդյունքի վրա կենտրոնացած բազմակողմանի երկխոսությունը կառավարությունների և ոչ կառավարական շահագրգիռ կողմերի միջև կենսաբազմազանության առջև ծառացած հրատապ մարտահրավերների և արդյունավետ գլոբալ գործողությունների վերաբերյալ։
Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգով»։
Իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է Հայաստանում «Կենսաբազմազանության շաբաթ», որի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում մեկնարկեց COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը։ Անտառը հիմնվել է՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի խորհրդանիշ, որը 2026 թվականին անցկացվելու է Հայաստանում։ «Այս նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տալիս, որ բնապահպանական միջազգային հարթակներում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն իրականացնում է տեղում՝ գործնական քայլերով։ Յուրաքանչյուր տնկված ծառ այս անտառում խորհրդանշում է մեր հավաքական պատասխանատվությունն ու նպատակը՝ աջակցել կենսաբազմազանության վերականգնմանը, պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ և ստեղծել ավելի կանաչ և կայուն ապագա», - նշված է նախարարության պաշտոնական կայքում։
Օրերս Երևանում տեղի է ունեցել համաժողով COP-17-ին ընդառաջ, որի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ Հայաստանը, ստանձնելով կենսաբազմազանության COP-17-ի նախագահությունը, պետք է լինի առաջատար և օրինակելի երկիր շրջակա միջավայրի պաշտպանության առումով․ «ՄԱԿ-ն ու ԵՄ-ն արդեն կանգնած են ՀՀ-ի կողքին, քանի որ բազմաթիվ ծրագրերը, որոնք իրականացվում են համատեղ ջանքերով, տալիս են գիտելիք և ճանապարհ՝ անցում կատարելու դեպի ավելի արդյունավետ և գիտելիքահեն լուծումների՝ կանխելով հողերի անապատացումը և կառավարելի դարձնելով ջրային ռեսուրսների ու անտառների պահպանությանն առնչվող աշխատանքները»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում նշել է, որ COP-17-ի կազմակերպումը Հայաստանում համատեղ նախաձեռնություն է, քանի որ փոխգործակցությունն այդ առումով չափազանց անհրաժեշտ է։ Ըստ նրա՝ Հայաստանն իսկապես հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և այդ առումով ունի մեծ ներուժ։ «Անտառների պահպանումը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը և հողերի անապատացման կանխարգելումը շատ կարևոր թեմաներ են, ուստի կենսաբազմազանությանն առնչվող հարցերը պետք է լինեն առանցքային։ Սա կարևոր է նաև ԵՄ-ի համար Հայաստանի կառավարության հետ համագործակցության համատեքստում», - ասել է Վասիլիս Մարագոսը։
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը նշել է, որ COP 17-ի շրջանակում կայացվելու են կարևոր որոշումներ, իսկ Հայաստանը ստանձնելու է երկամյա պատասխանատվություն այդ որոշումների իրականացման ու վերահսկման համար։
Մայիս 19, 2025 at 14:38
