

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Ջերմուկ համայնքում։

Ջերմուկը ոչ միայն Հայաստանի հայտնի առողջարանային քաղաքներից է՝ իր հանքային ջրերով, այլև կենսաբազմազանության և բնության վրա հիմնված կայուն զարգացման կարևոր տարածք։

Ջերմուկի ջրային համակարգերն ու անտառային էկոհամակարգերը կարևոր նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանության համար՝ ապահովելով բնակության և սնման պայմաններ բազմաթիվ բուսական ու կենդանական տեսակների համար։ Տարածքի բնական լանդշաֆտները՝ անտառները, լեռնային մարգագետինները, ջրային համակարգերը և բնական աղբյուրները, միաժամանակ ստեղծում են բնության վրա հիմնված զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ։

Ջերմուկի հիմնական բնական և զբոսաշրջային տեսարժան վայրերից են Ջերմուկի ջրվեժը, անտառային արահետները, լեռնային լանդշաֆտներն ու հանքային աղբյուրները, որոնք քաղաքի բնական ինքնության կարևոր մասն են։

Հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները և Ջերմուկի նշանակությունը Հայաստանի կողմից ստանձնած կենսաբազմազանության պահպանության թիրախների իրականացման համատեքստում։

Քննարկվեց նաև Ջերմուկ համայնքի ներկայացուցիչների՝ COP17-ին մասնակցության և համաժողովի շրջանակում համայնքի բնապահպանական խնդիրներն ու նախաձեռնությունները ներկայացնելու հնարավորությունը։






Հանդիպման մանրամասները՝ «Էկոլուրի» հաջորդ հրապարակումներում։
Հանդիպումն անցկացվեց «Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։
Օգոստոս 24, 2026 at 16:49
