

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս տարի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում ստուգում կիրականացնի: Այս մասին 2020թ. հուլիսի 15-ին N 5/5/17083-2020 գրությամբ «Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Էդուարդ Գասպարյանը:
Սա ՀՀ գլխավոր դատախազության՝ Բնապահպանական հանրային դատարանի՝ ««Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա» գործով վճռի վերաբերյալ արդեն երկրորդ արձագանքն է: Մինչ այս ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ հանրային դատարանի վճռի վերաբերյալ Պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել:
«Տեղեկացնում եմ, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020թ. ընթացքում իրականացվելու է ստուգում:
Շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա «Նահատակի» պոչամբարի շարունակական ազդեցության վերաբերյալ Ձեր 2020թ. մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում պետական և տեսչական մարմիններից ձեռք են բերվել մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թ. ընթացքում իրականացվելիք ստուգման շրջանակներում:
Վերոգրյալով պայմանավորված՝ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դրանց հաշվառմամբ ստուգում իրականացնելու»,- նշված է Դատախազության պատասխանի մեջ:
Հիշեցնենք, որ Բնապահպանական հանրային դատարանը վճռել էր «Նահատակ» պոչամբարի շահագործման թույլտվությունների տրամադրման, այն չկոնսերվացնելու և չռեկուլտիվացնելու, դրա նկատմամբ վերահսկողության, մոնիթորինգի հետ կապված օրինախախտումները, որոնք Հայաստանում և տարածաշրջանում հանգեցրել են բնապահպանական աղետի և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, վնասել են մարդկանց առողջությունը, ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:
Հուլիս 21, 2020 at 17:19