

«ԷկոԼուրը» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին է ներկայացրել է աշխատող և չաշխատող մետաղական հանքարդյունաբերական այն ընկերությունների ցանկը, որոնց համար ՀՀ բնապահպանության նախարարությունը չի սահմանել մշտադիտարկումների իրականացման վճարների չափ:
ԷկոԼուրի նամակում նշված է.
«Հարգելի պարոն նախարար
Ապրիլի 30-ին «ԷկոԼուր» տեղեկավական ՀԿ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացրեց «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի որոշակի արդյունքներ հանքարդյունաբերական խնդիրների վերաբերյալ: Ըստ մեր պայմանավորվածության՝ Ձեզ ենք ներկայացնում աշխատող և չաշխատող մետաղական հանքարդյունաբերական այն ընկերությունների ցանկը, որոնց համար մշտադիտարկումների իրականացման վճարների չափ ՀՀ բնապահպանության նախարարությունը չի սահմանել:
Նշենք, որ խոսքը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման վճարների չափին: Ընկերությունների տվյալները վերցվել են Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքում հրապարակված ՀՀ բնապահպանության նախարարության և ընկերությունների 2016-2018թթ. հաշվետվություններից:
Այդ ընկերություններն են՝
1. «Թեղուտ» ՓԲԸ, ՇԱԹՎ -29/376 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետ՝ 20.02.2013թ.-08.02.2026թ.: Շահագործում է Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը:
2. «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ՇԱԹՎ-29/311 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետ 05.04.2013թ.- 31.12.2029թ.: Շահագործում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը:
3. «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ, ՇԱԹՎ-29/213 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետ 20.10.2012թ.- 06.03.2031թ.: Տիրապետում է ՀՀ Լոռու մարզ, Մղարթի ոսկու հանքավայրի թիվ 8 և 5 հանքային մարմինների ընդերքօգտագործման իրավունքը:
4. «Սագամար» ՓԲԸ, ՇԱԹՎ-29/093 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետ 20.10.2012թ.- 01.03.2049թ.: Տիրապետում է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:
5. «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ, ՇԱԹ-29/514 ընդերքօգտագործման իրավունքը տրվել է 24.12.2014թ. 7,5 տարի ժամկետով Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման համար:
6. «Լեռ Էքս» ՍՊԸ, ՇԱԹՎ-29/094 ընդերքօգտագործման իրավունք Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի նկատմամբ, ժամկետ՝ 16.08.2012թ.-14.08.2032թ.:
7. «Բակտեկ Էկո» ՍՊԸ, ՇԱԹ-29/515 ընդերքօգտագործման իրավունք ՀՀ Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրի նկատմամբ, տրված 15.08.2014թ. 26 տարի ժամկետով:
8. «ՎԱՅՔ ԳՈԼԴ» ՍՊԸ, ՇԱԹ-29/371 ընդերքօգտագործման իրավունք ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նկատմամբ, ժամկետ՝ 23.11.2012թ.-23.11.2037թ.: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019թ-ի դեկտեմբերի 19-ի թիվ 711-Ա հրամանով «Վայք Գոլդ» ՍՊԸ-ն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից։ Ընկերությունը հրամանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում: Դատական գործը գտնվում է դատաքննության փուլում:
9. «ՄԵԳՈ ԳՈԼԴ» ՍՊԸ, ՇԱԹՎ-29/184 ընդերքօգտագործման իրավունք ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի նկատմամբ, ժամկետ՝ 28.12.2012թ.- 21.07.2040թ.: Ընդերօգտագործման իրավունքը դադարեցվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019թ. 693-Ա հրամանով, սակայն ընկերությունը հրամանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում: Դատաքննությունը դեռ չի ավարտվել:
10. «ՖՈՐՉՆ ՌԻԶՈՐՍԻՍ» ՍՊԸ, ՇԱԹՎ-29/169 ընդերքօգտագործման իրավունք Հրազդանի երկաթի հանքավայրի նկատմամբ, ժամկետ 20.10.2012թ.- 26.01.2032թ.: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 31.07.2020թ. N 1033-Ա հրամանով դադարեցվել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը: Ընկերությունը բողոքարկել է այդ հրամանը: Գործը գտնվում է վճռաբեկ դատարանում:
11.«ՄՈԼԻԲԴԵՆԻ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ ՇԱԹ-29/174 ընդերքօգտագործման իրավունք ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրի նկատմամբ՝ տրված 06.11.2012թ. 9.2 տարի ժամկետով: Ընկերության ընդերքօգտագործման թույլտվություն դադարեցվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020թ. 1008-Ա հրամանով։ Ընկերությունը հրամանը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում: Նշանակված է դատաքննություն:
12. Մշտադիտարկումների համար վճարներ չեն սահմանվել նաև «Մարջան Մայնինգ», «Պարամաունտ գոլդ մայնինգ», «Վարդանի զարթոնք» ընկերությունների համար, որոնց ընդերքօգտագործման իրավունքները դադարեցված են և բողոքարկման արդյունքում ՀՀ վարչական դատարանը մերժել կամ հետ է վերադարձրել այս ընկերությունների հայցադիմումներն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:
Այս ընկերությունների կողմից մշտադիտարկման վճարներ չվճարելով՝ խախտվել է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։ Իրավական առումով դրա պատասխանատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է, որը պարտավոր էր ՇՄԱԳ գործընթացում սահմանել այդ վարձավճարների չափը՝ համաձայն Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, ՀՀ կառավարության «Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման, վճարների չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին» 2013 թվականի հունվարի 10-ի N 22-Ն որոշման։
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2012թ․ հունվարի 1-ից) անցումային դրույթների 80-րդ հոդվածին համապատասխան, մինչ 2012թ-ը կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը, պետք է վերակնքվեին և համապատասխանացվեին օրենսգրքի պահանջներին (այդ թվում մշտադիտարկումների մասով), ինչը չի արվել:
Ակնկալում ենք Ձեզնից ստանալ խնդրի կարգավորմանն ուղղված գործընթացի վերաբերյալ պարբերական տեղեկատվություն:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՃԹՆ բազմաշահառու խմբում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը երկար ժամանակ չունի իր ներկայացուցիչը, ինչի հետևանքով նախարարությունն անմասն է ընթացող գործընթացներին»:
Մայիս 05, 2021 at 15:52
