

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (ՏԿԵՆ) տեղակալ Լիլիա Շուշանյանը 12.07.2021թ. N ԼՇ/26.1/16464-2021 նամակով պատասխանել է ԷկոԼուրի նամակին հանքարդյունաբերական ընկերությունների մշտադիտարկման վճարների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը սույն թվականի ապրիլի 30-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունն ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի որոշակի արդյունքներ հանքարդյունաբերական խնդիրների վերաբերյալ: Նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԷկոԼուրը Շրջակա միջավայրի նախարարություն էր ուղարկել աշխատող և չաշխատող մետաղական հանքարդյունաբերական այն ընկերությունների ցանկը, որոնց համար մշտադիտարկումների իրականացման վճարների չափ սահմանված չէ՝ համաձայն՝ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքում հրապարակված ՀՀ բնապահպանության նախարարության և ընկերությունների 2016-2018թթ. հաշվետվությունների տվյալների: Շրջակա միջավայրի նախարարությանն ուղղված նամակին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի՝ ԷկոԼուրին ուղղված նամակում նշված է.
«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) անցումային դրույթների 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային կամ ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այլ իրավահարաբերությունների նկատմամբ սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո»:
Հիմք ընդունելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը և 61-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ՀՀ կառավարության 2013թ-ի հունվարի 10-ի թիվ 22-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանվել է օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին) մշտադիտարկումների իրականացման հետ կապված հարաբերությունները:
Որոշման «Հավելված 1»-ի 3-րդ գլխի 7-րդ կետի համաձայն՝ մշտադիտարկումների կառուցվածքն ու բովանդակությունը, դիտակետերի տեղադրումը և մշտադիտարկումների հաճախականությունն ամրագրվում է հանքի փակման ծրագրում ներառված օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագրով, որը բաղկացած է տեքստային մասից և գծագրական հավելվածից: Մշտադիտարկումների իրականացման ծրագիրը շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ ենթակա է վերանայման՝ ներկայացվող հանքի փակման վերջնական ծրագրին համապատասխան:
Որոշման «Հավելված 2»-ով սահմանված կարգի 1-ին կետով կարգավորվում է մշտադիտարկումների իրականացման վճարների չափերի հաշվարկումը և վճարման հետ կապված հարաբերությունները, նույն որոշման 5-րդ գլխի 12-րդ կետը սահմանում է. «Մշտադիտարկումների իրականացման նպատակով կատարվող հատկացումների գլխավոր հարկադրիչ է համարվում լիազոր մարմինը», տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայր նախարարությունը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ տեղեկացնում ենք, որ Ընկերությունների («Թեղուտ» ՓԲԸ-ն, «Լեռ Էքս» ՍՊԸ-ն, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն, «Ֆորչն Ռեզորսիս» ՍՊԸ-ն, «Մարջան Մայնինգ» Քոմփանի ՍՊԸ-ն, «Պարամաունտ գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն և «Վարդանի զաթոնքը» ՍՊԸ-ն) հետ իրավահարաբերությունները ձևավորվել են 2012թ-ից առաջ, հետևաբար լիազոր մարմնի և ընկերության միջև կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերի կից հավելվածում մշտադիտարկումների իրականացման վճարների մասին տեղեկություն չէր կարող լինել, քանի որ «Օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում և նախկին ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում հանքի փակման ծրագրի հասկացողություն սահմանված չի եղել:
2012թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջների համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունք ստացած «ԱՏ-Մետալս» ՍՊԸ, «Բակտեկ Էկո» ՍՊԸ և «Վայք Գոլդ» ՍՊԸ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրերին կից հավելվածում մշտադիտարկումների իրականացման վճարների չափերն ընդգրկված են:
Տեղեկացնում ենք նաև, որ ընկերությունները գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 58.1 հոդվածի համաձայն՝ արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից երկու տարի առաջ սահմանված կարգով լիազոր մարմին պետք է ներկայացնեն հանքի փակման ծրագիր, որի 2-րդ մասի 1-ին կետի «դ» ենթակետում ներառված է՝ «օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը», որով և կկարգավորվի մշտադիտարկումների վճարումների չափը:
Տեղեկացնում ենք նաև, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ և «Սագամար» ՓԲ ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգվել է, ինչի արդյունքում Ընկերությունների ընդերքօգտագործման պայմանագրերին կից հավելվածում վերոգրյալ տեղեկատվություններն առկա են»:
Հուլիս 20, 2021 at 12:12