

2022թ. օգոստոսի 3-ին Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական հանրային լսումը։ Քննարկմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանն ու Արամ Մեյմարյանը, ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարները, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը:

Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշեց, որ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների և դիտողությունների մի մասն ընդունվել են նախագծի վերջին լրամշակման ընթացքում: Վերջինս խոստացավ նաև, որ քննարկման ընթացքում ներկայացված որոշ առաջարկություններ նույնպես կավելացվեն օրենքի նախագծում: «Վաղն արդեն նախագիծը պետք է ուղարկվի Կառավարություն: Մենք մեկ քննարկում կկազմակերպենք Կառավարության մեր գործընկերների հետ: Սակայն, հաշվի առնելով այսօր հնչած մի շարք առաջարկությունները՝ ևս մեկ հանդիպում կունենանք նաև քաղաքացիական հասարակության հետ»,- ասաց փոխնախարարը:

Վրեժ Գալոյանը նշեց, որ նախագծի որոշ կետերում հստակեցման անհրաժեշտություն կա. «Նախագծում նշված է՝ Ա կատեգորիայով մետաղական հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման դեպքում: Մինչդեռ պետք է նույնականացվի արդյունահանում և վերամշակում հասկացությունը, կամ բառը հանվի, որովհետև կամով տարանջատվում է»:

Մասնակիցների այն դիտարկմանը, թե այդ դեպքում կոնկրետ գործունեությունների տարանջատումը բարդ գործընթաց կլինի՝ Ինգա Զարաֆյանն արձագանքեց. «Առաջարկում եմ ավելացնել ըստ Կառավարության որոշումով հաստատված ցուցակի, այդ ցուցակի մեջ մտնող տեսակներն էլ կարելի է թվարկել ենթաօրենսդրական ակտով»:

Ինգա Զարաֆյանը նաև հետաքրքրվեց, թե գործող օրենքում առկա վիճելի կետերի վերաբերյալ ինչ փոփոխություն կարող ենք ակնկալել այս լսումների արդյունքում: «Մեր երկիրը որդեգրել է կլիմայի փոփոխության, կանաչ տնտեսության քաղաքականությունը: Դրա մեջ մտնում է կլիմայական արդարությունը, պատասխանատվության հավասարությունը: Մեր որդեգրած քաղաքականությունն արտացոլվա՞ծ է օրենքում: Մենք պետք է հստակ իմանանք, որ մեզ հուզող հարցերն օրենքի ինչ-որ հստակ կետերում արտացոլվել են»,- նշեց նա:
Գայանե Գաբրիելյանն ասաց, որ բոլոր իրավական հիմքերը ներառել են օրենքում, և դրանք արտացոլված են. «Շրջակա միջավայրի նախարարությունը կանաչ տնտեսության պատասխանատուներից մեկն է, ամենաշատն է մտածում շրջանաձև տնտեսության և բնական ռեսուրսների արդյունավետության ու պահպանման մասին: Մենք մի ամբողջ փաթեթ ունենք, որ կլիմայի հետ է կապված և որի իրավական հիմքը դրել ենք ՇՄԱԳ-ի օրենքում, որպեսզի կարողանանք իրենից բխեցնել իրավական հաջորդ կարգավորումները»:
Նազելի Վարդանյանը նշեց, որ իր կողմից բերված մի շարք առաջարկներ անտեսվել են, ինչին ի պատասխան՝ Գայանե Գաբրիելյանն արձագանքեց. «Ձեր պատրաստած փաթեթն անձամբ ես եմ նայել: Գրվածի 90% հավանել ենք, և գրեթե 80%-ը հաշվի առել: Իսկ մնացածը չենք ներառել, ոչ նրա համար, որ լավ առաջարկներ չեն, այլ ինստիտուցիոնալ հարցերի տեսանկյունից: Դրանք թողել ենք մի դարակում՝ հետագայում կիրառելու համար»: Նազելի Վարդանյանն էլ նշեց, որ ամենակարևոր՝ ազդակիր բնակավայրում առաջին հանրային լսումներ կազմակերպելու հարցն անտեսվել է: «Ազդակիր բնակավայրում պետք է անցկացվեն առաջին հանրային լսումները, բնակավայր բառը մտցրել ենք տեքստի մեջ, բայց այլ տեղ չկա: Բնակավայրը միայն սահմանման մեջ է»: Փոխնախարարը նշեց, որ հաշվի կառնեն նրա դիտարկումը. «Կավելացվի բնակավայր բառը, առաջին լսումը կլինի կոնկրետ տվյալ տարածքին ազդակիր բնակավայրի վարչական տարածքում, բայց եթե շատ են ազդակիր բնակավայրերը, ուրեմն բոլորում էլ պետք է արվեն լսումներ»:

Նազելի Վարդանյանի հաջորդ դիտարկումը վերաբերում էր տնտեսական վնասին: «Օրենքում նշված է գնահատում և կարգ մշակել, բայց ես առաջարկել էի, որ միայն տնտեսական չլինի, այլ՝ սոցիալ-տնտեսական և բնապահպանական վնասի»: Ի պատասխան՝ Գայանե Գաբրիելյանը դիմեց նախագիծը մշակողներին. «Դրեք իրավական հիմքեր, ավելացրեք բնապահպանական վնասը»:
Օլեգ Դուլգարյանը նախագծում երկու փոփոխություն էր առաջարկել: Առաջինը, որն ընդունվել է, վերաբերում է նրան, որ հանրային քննարկումից հետո ՏԻՄ-ը լիազոր մարմին ներկայացվող դրական եզրակացության մեջ պետք է հիմնավորում ներկայացնի: «Բացասականի դեպքում պահանջում էին հիմնավորում, դրականի դեպքում նման պահանջ չկար: Մենք առաջարկել ենք, որ ՏԻՄ-ը ևս հիմնավորում ներկայացնի, ինչու է դրական եզրակացություն տալիս համայնքում տվյալ գործունեության համար»,- նշեց Օլեգ Դուլգարյանը: Երկրորդ առաջարկով առաջարկվում էր, որ ընդերքօգագործողը բնապահպանական կառավարման պլանից բացի ՇՄԱԳ փորձաքննության ներկայացնի նաև առողջապահական կառավարման պլան: Այս առաջարկի վերաբերյալ փոխնախարարը նշեց, որ այն լրացուցիչ կքննարկեն:
Օգոստոս 05, 2022 at 15:34