ՇՄԱԳ օրենքի նախագիծը վերջին անգամ քննարկվեց լայն հանրության հետ

ՇՄԱԳ օրենքի նախագիծը վերջին անգամ քննարկվեց լայն հանրության հետ

2022թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի ընդլայնված վերջին քննարկումը: Քննարկմանը ներկա էին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, համաճարակաբան Նունե Բակունցը, նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Փոխնախարար Գայանե Գաբրիելյանը, դիմելով գործընկերներին, նշեց, որ քննարկման նպատակն է պետական կառույցների ներկայացուցիչների կողմից բարձրաձայնել նախագծի դրույթները բարելավելու նպատակով առավել կարևոր կետերը: «Օրենքի գործողությունը տարածվում է շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթուղթ մշակող, ընդունող կամ նախատեսվող գործունեություն իրականացնող՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սուբյեկտների վրա, հետևաբար օրենսդրական այս կարգավորումն առնչվում է յուրաքանչյուրիս ներկայացրած ոլորտին, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։ Օրենքը բնության պահպանության մասին է: Ինչպես անենք, որ փրկենք այն, ինչ մնացել է և փոխանցենք մնացած սերունդներին: ՀՀ կառավարության կողմից որդեգրված սոցիալ-տնտեսական ուղղությունը մեզ համար ևս գերակայություն է: Մենք չենք ասում, որ պետք է վերադառնանք քարի դար, բայց մենք չենք ասում, որ հանուն մեկ վայրկյանի տնտեսական ակտիվության պետք է զոհաբերել բոլոր ռեսուրսները, որոնք մենք ունենք: Մենք կայուն զարգացման կրողն ենք: Տնտեսական զարգացումը և առաջընթացը չափազանց կարևոր են մեր պետության համար: Պետք է համատեղել երկու շահերը՝ այս դեպքում գերակայելով բնապահպանականը»,- ասաց նա։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը նշեց․ «Մեր նպատակը լավագույն կարգավորումներն առաջարկող օրենսդրություն ստեղծելն է այն իմաստով, որը հետագայում խնդրահարույց չի լինելու, և թողնել սերունդներին ավելի լավ օրենսդրություն: Պետք է փորձենք այս քննարկումների շրջանակներում հասնել այնպիսի օրենսդրական կարգավորումների, որոնք արժանի են մեր սերունդներին»: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասաց, որ պետք է կարողանանք իրականացնել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները, որպեսզի հետագա սերունդները այդ վերջնարդյունքով կրթվեն: Փոխնախարարը կարևորեց նաև կանաչ կրթությունը. «Տնտեսական զարգացումը չպետք է լինի բնության պահպանության հաշվին, շրջակա միջավայրի պահպանության խնդիրների հարցում շատ կարևոր է երեխաների ու երիտասարդների ճիշտ կրթվածության հարցը, որպեսզի վերջինները կարողանան խնդիրների կարգավորման ճիշտ լուծումներ գտնել»:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, համաճարակաբան Նունե Բակունցը նշեց, որ շրջակա միջավայրի գործոնները ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում են մարդու առողջության վրա: «Որքանով շրջակա միջավայրն է այս օրենքի շահառուն, նույնքան էլ՝ մարդու առողջությունը և առողջապահությունը: Եթե մենք պաշտպանում ենք շրջակա միջավայրը, եթե ունենք բարենպաստ շրջակա միջավայր, առողջությունը ևս շահում է»,- նշեց նա:  

Քննարկման ընթացքում պետական գերատեսչությունների կողմից ներկայացվեցին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտարկումներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցչի կողմից նշվեց, որ օրինագծով առաջարկվող՝ փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո գործունեություն չծավալվելու դեպքում՝ 3 տարուց հետո, փորձաքննական եզրակացության ուժը կորցրած ճանաչելու ժամկետը երկար է: Գործող օրենքով եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում դրա տրվելուց 1 տարվա ընթացքում գործունեություն չսկսելու դեպքում:

Գայանե Գաբրիելյանը համաձայնվեց, որ 3 տարին արհեստականորեն երկար է և առաջարկեց ամրագրել 2 տարին: «3 տարին հիմնավորված չէ, կարող է անգործության հետևանք լինել: Նախագծով ամրագրենք 2 տարի, հետևենք: Բայց եթե դառնա գործիք, ապա վերադառնանք հին կետին և գնանք խիստ օրակարգով»,- նշեց նա: Ներկաների կողմից առաջարկ եղավ օրենքում հստակ սահմանել նաև գործունեության իրականացման սկիզբ տերմինը:  

Նշվեց, որ շատ դեպքերում եզրակացության տրման 1 տարին լրանալուց հետո նախաձեռնողի կողմից որևէ գործունեություն չսկսելու պարագայում փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու մեխանիզմ չի գործում: Ըստ ներկաների՝ չկա վերահսկողություն ստուգելու կամ պարզելու, որ ընկերությունն այլևս զրկվել է ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունից: Քննարկման մասնակիցները նշեցին, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆիզիկական կարողությունները չեն բավարարում տրված բոլոր եզրակացություններից հետո իրականացված կամ չիրականացված գործընթացները ստուգելու և վերահսկելու համար: Գայանե Գաբրիելյանը նշեց, որ նախարարությունը տարեկան 140-160 եզրակացություն է տրամադրում: Նա առաջարկեց ենթաօրենսդրական ակտերի միջոցով մշակել այնպիսի մեխանիզմ, որը ձեռնարկողի վրա կդնի լրացուցիչ ծանուցման պարտավորություն: «Հնարավոր է մշակել ընթացակարգ, որի դեպքում եզրակացության տրման օրից հետո երկու տարին լրանալուց երկու ամիս առաջ ընկերությունը ներկայացնի, թե գործունեության ինչ փուլում է գտնվում, ինչ գործընթացներ են իրականացվել»,- ասաց նա: 

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետի ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ Նվեր Մարգարյանը կարևորեց ՇՄԱԳ օրենքի հասկացությունների բաժնում արտակարգ իրավիճակների պլանի ներառումը: «ՇՄԱԳ օրենքում մեր առաջարկը կա, աղետի ռիսկի գնահատման և նվազեցման ուղղությամբ կատարվելիք միջոցառումների պլանն արդեն իսկ ներառվել է, և տնտեսվարողներն այսուհետ նման միջոցառումներ պետք է նախատեսեն իրենց ՇՄԱԳ-ում: Սակայն կարիք կա արտակարգ իրավիճակների պլանը ներառել նաև հասկացությունների բաժնում»,- նշեց նա: 

Սեպտեմբեր 12, 2022 at 16:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր