Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է կնքել հանրային հուշագիր մայրաքաղաքի կանաչապատման խնդիրների վերաբերյալ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է կնքել հանրային հուշագիր մայրաքաղաքի կանաչապատման խնդիրների վերաբերյալ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է կնքել հանրային հուշագիր Երևանի բնապահպանական և կանաչապատման խնդիրների վերաբերյալ։

Հանրագիրը քննարկվեց սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ Երևանի քաղաքապետարանում։ Քննարկմանը մասնակցեցին պետական, հասարակական, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ, անկախ փորձագետներ։

«2018 թվականի տվյալներով՝ Երևանը 5 անգամ ավելի քիչ է ապահովված ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներով։ Խնդիր է փոշու բարձր մակարդակի գերազանցումը, գերկառուցապատումը, աղմուկի մակարդակը։ Երևանին պետք են լայնասաղարթ ծառեր, որոնք պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այս տարվա գարնանը Երևանում իրականացվեց ծառերի զանգվածային հատում, որի ժամանակ հատվեցին նաև երիտասարդ ծառեր։ Մենք հեռանկարային ներդրումներ պետք է անենք կանաչ ենթակառուցվածքների մեջ, մենք հետագայում ստանալու ենք շատ մեծ արդյունավետություն փրկված կյանքերի և առողջության տեսքով», - ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության Երևանի ավագանու անդամ, Երևանի պետական բժշկական համալսարանի Հիգիենա և էկոլոգիա ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը նշեց, որ այսօրվա եղած գիտական ռեսուրսը թույլ է տալիս բացահայտել մայրաքաղաքի խնդիրները։ «Երբ մենք խոսում ենք Երևանի մասին, մենք խոսում ենք Հայաստանի տարածքի 1 տոկոսի և բնակչության 34  տոկոսի անվտանգության մասին։ Երևանը գտնվում է կիսաանապատային գոտում։ Արդեն 20 տարի գիտականորեն հայտարարվել է Երևանը՝ որպես աղտոտված կենսաերկրաքիմիական անտրոպոգեն համակարգ, և մեր բոլոր քաղաքաշինական խնդիրները պետք է սկսեն հաշվի առնել այդ օբյեկտիվ իրականությունը», - ասաց Լիլիթ Սահակյանը։

ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգայի բյուրոյի փորձագետ Տիգրան Հայրապետյանն ասաց․ «Այսօր կա գործիքակազմ, որը թույլ է տալիս որոշել տվյալ պահին տվյալ ծառի կենսական վիճակը և փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում, կարող է արդյոք ծառը դառնալ վտանգավոր կամ քամատապալ, և տալ հստակ եզրակացություն։ Այդ գործիքակազմն արդեն 40 տարի կիրառվում է Գերմանիայում, 20 տարի՝ Ռուսաստանում։ Մի քանի տարի է՝ Հայաստանում էլ է օգտագործվում մեկ գործիք, բայց, ցավոք, միայն դատական փորձաքննության ոլորտում»։

Ճարտարապետության դոկտոր Սարգիս Թովմասյանը խոսեց Երևանի տարածքի կառուցվածքի մասին։ «Երևանի տարածքում կա 913 հեկտար վարելահող, 250 հեկտար՝ բազմամյա տնկարկ, 722 հեկտար՝ համայնքային սեփականության արոտ և 1356 հեկտար՝ այլ հողեր, պարզ չէ, թե դրանք ինչ հողեր են։ Իսկ ընդհանուր օգտագործման տարածքները 860 հեկտար են։ Միջազգային նորմերով՝ քաղաքներում ընդհանուր օգտագործման տարածքները պետք է լինեն 20 տոկոս, իսկ Երևանում, կպցնելով չեղած անտառների տարածքները, հազիվ 10 տոկոս լինեն, - ասաց Սարգիս Թովմասյանը և հավելեց, - տարօրինակ կառուցվածք ունի մեր քաղաքը,  որտեղ փրկարար աշխատանքներ էլ հնարավոր չի լինի իրականացնել։ Եթե Երևանում Սպիտակի երկրաշարժից լինի, տարբեր գնահատականներով մենք ունենալու ենք 180-300 հազար զոհեր»։

Քրիստինա Վարդանյանն առաջարկեց միանալ հանրագրին։ Նա ներկայացրեց հանրագրի պահանջները․

- Երևանում 2023-2025թթ-ի ժամանակահատվածում դադարեցնել կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինման գործընթացը՝ բացառելով ծառերի հատումը։

- Կազմակերպել դեֆորմացված, հիվանդ և ցածր ֆունկցիոնալությամբ ծառերի մշտադիտարկման, գնահատման, բուժման և խնամքի համալիր աշխատանքներ։

- Էտի գործընթացն անցկացնել ծառերի ծավալի նվազագույն փոքրացման, կենսունակության անկումը բացառելու և բնաքանդումն արգելելու սկզբունքով։

- Կենտրոնանալ ոռոգման ցանցերի տեղադրման և վերանորոգման աշխատանքների վրա՝ կազմակերպելով չափորոշչով սահմանված համալիր ոռոգման աշխատանքներ։

- Շարունակել և ավարտին հասցնել կանաչ ֆոնդի գույքագրման գործընթացն ամբողջական նկարագրական և քարտեզագրման բաղադրիչներով։

- Իրականացնել ինվազիվ ծառատեսակների տարածվածության և շրջակայքի համակողմանի ուսումնասիրություն ժամանակակից մոտեցումների ձևակերպումով։

- Մշակել կանաչապատման ռազմավարություն և գործընթացին ներգրավել հանրային առողջապահության, միջավայրի անվտանգության, բնապահպանության, կանաչապատման, քաղաքային պլանավորման ոլորտների գիտնականների, մասնագետների, փորձագետների, պետական և համայնքային պատասխանատու պաշտոնյաների, հանրային գործիչների և քաղաքացիական նախաձեռնության անդամների։

- Հրավիրել մի շարք բաց քննարկումներ պատասխանատու գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։

- Ապահովել քաղաքացիների պարբերական իրազեկումը և մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների և դրանց լուծման գործողություններում։

Հանրագիրը բաց է միանալու համար։ Վերջնաժամկետն է նոյեմբերի 30-ը։ Այն կներկայացվի Երևանի քաղաքապետարանին։ Իրավական ուժ հանրագիրը չունի, այն խորհրդատվական է։

Նոյեմբեր 14, 2023 at 12:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր