

Սույն թվականի օգոստոսի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստը՝ նվիրված բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության հրատապ հարցերին։ Նիստը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։
Հայաստանը բույսերի կենսաբազմազանության կարևորագույն բնօրրաններից մեկն է, որտեղ աճում են ավելի քան 3800 տեսակի անոթավոր բույսեր, որոնցից 146-ն էնդեմիկ տեսակներ են։ Այս հսկայական գենետիկական ռեսուրսներն օժտված են այնպիսի ներուժով, որը հնարավոր է դարձնում հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսածին և ոչ կենսածին գործոնների անբարենպաստ ազդեցությունը, պարենի և գյուղատնտեսության անվտանգային հարցերը։ Սակայն բույսերի գենետիկական ռեսուրսների՝ որպես երկրի մշակութային ժառանգության չկանոնակարգված արտահանումները, այլ երկրներում տեղայնացումը, սորտերի անվանափոխությունները լուրջ մարտահրավերներ են պարենի և գյուղատնտեսության անվտանգության տեսանկյունից: Հրատապ է դառնում բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանումը կանոնակարգող ներպետական օրենսդրություն մշակելու անհրաժեշտությունը։
«Պետք է պահպանել ոչ միայն մեր վայրի ֆլորան, այլ նաև Հայաստանում հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի շնորհիվ ստեղծված հազարավոր մշակովի բույսերի տեսակները։ Մենք բնօրրան ենք այնպիսի կարևոր մշակաբույսերի, ինչպիսիք են ցորենը, խաղողը, ծիրանը և այլն։ Եթե խաղողի օրինակով ասենք, ապա վերջին տարիների գենետիկական/գենոմային ուսումնասիրությունները ցույց են տվել այն ներուժը, որով օժտված է ՀՀ-ում աճող տեղածին և վայրի խաղողը։ Վստահաբար, նման ներուժ ունեն մեր երկրում աճող բազմաթիվ էնդեմիկ տեսակներ և նրանց վայրի ցեղակիցներ, որոնցից շատերն ընդգրկված են նաև հետազոտական աշխատանքների հիմքում։
Նշեմ, որ մենք կորցրել էինք մի հսկա բազմազանություն, որի վերականգնման աշխատանքներն ընթացքում են։ Եվ մեր երկրի գենետիկական ռեսուրսների պահպանումը, կայուն օգտագործումն ու մատչելիությունը պետք է կանոնակարգվի օրենքով», - ասաց Ռուբեն Հարությունյանը։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը ներկայացրեց վերջին տարիներին խաղողի գենոմիկայի ասպարեզում կատարված լայնածավալ աշխատանքները, նաև այն մարտահրավերները, որոնք հնարավոր է հաղթահարել համապատասխան օրենսդրական փոփոխությունների շնորհիվ։
«Հայաստանում 850-900 սորտ է եղել, որոնցից 1990-ական թվականներին 400-450-ը հիմնովին ոչնչացվել է։ Ամբողջ աշխարհում վայրի խաղողը կարմիրգրքյան է, իսկ մեզ մոտ անգամ վտանգված չի համարվում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ, ցավոք սրտի, վայրի խաղողի պոպուլյացիան ինտենսիվ կերպով կրճատման է գնում», - նշեց Քրիստինե Մարգարյանը։
Ուսումնասիրությունների շնորհիվ հաջողվում է հայկական տեղածին սորտերի բնօրրանը համաշխարհային տվյալների բազայում գրանցել։ «Օրինակ, Ադրբեջանը հեշտությամբ անվանափոխում է սորտերը և ասում, որ դա ադրբեջանական է։ Բացառապես գենետիկական ուսումնասիրությունների շնորհիվ մեզ հաջողվեց 363 սորտ գրանցել որպես հայկական», - նշեց Քրիստինե Մարգարյանը։
Ըստ նրա՝ պետք է կանխել խաղողի սորտերի արտահոսքը երկրից․ «Պետք է կանխել այս վատ երևույթը։ Մեր երկիրը չունի օրենք, որը թույլ է տալիս պահպանել Հայաստանի այդ մշակութային ժառանգությունը», - ասաց Քրիստինե Մարգարյանը։
«Մենք փորձում ենք ամենաէժան ձևով շահագործել մեր կենսառեսուրսները և կենսաբազմազանությունը՝ հումքի մասով։ Դրա փոխարեն մենք կարող ենք ստեղծել արժեք, ինչը մեր պետության համար շատ ավելի կարևոր է», - ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Քննարկմանը մասնակցեցին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Բանջարբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գայանե Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ռուզաննա Սադոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար Մերուժան Զադայանը, «Հայաստանի գինիներ» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Գրիգորյանը, «Գինու ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ավագ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական քարտուղար Զառա Խաչատրյանը, ինստիտուտի էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանը և փոխտնօրեն Վիգեն Գոգինյանը, ՀՀ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Աննա Թադևոսյանը, ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Անուշ Ներսեսյանը, ինստիտուտի գեոբուսաբանության լաբորատորիայի վարիչ Գեորգի Ֆայվուշը և ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը, ՀԱԱՀ հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ» մասնաճյուղի տնօրեն Անդրեաս Մելիքյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Մելյանը:
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանի առաջարկով որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի օրենսդրական առաջարկությունների փաթեթ՝ ուղղված բույսերի գենետիկական ռեսուրսների կայուն և երկարաժամկետ պահպանմանը, բուսական նյութի արտահանման կառավարմանը: Օրենսդրական առաջարկությունների փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
Օգոստոս 30, 2024 at 13:56
