Քաղհասարակությունը քննարկեց COP 29-ի արդյունքները

Քաղհասարակությունը քննարկեց COP 29-ի արդյունքները

Նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովը՝ COP29-ը, անցավ առանց Հայաստանի մասնակցության։

Տարբեր պատճառաբանություններով COP29-ին չեն մասնակցել մի շարք երկրներ և առաջնորդներ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Կանադայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Հնդկաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության վարչապետերը: Հաջորդ COP-ն անցկացվելու է 2025 թվականին՝ Բրազիլիայում։

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «СОР 29-ի արդյունքները և Հայաստանի կլիմայական քաղաքականության հիմնական ուղղությունները» կոնֆերանսը։ Այն կազմակերպել էր   «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակում՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Քննարկմանը մասնակցեց երեք տասնյակից ավելի ներկայացուցիչ հասարակական, պետական, միջազգային կառույցներից, համայնքներից։

«Մեր գործընկերների հետ համատեղ մենք նպաստում ենք այն ծրագրերի իրականացմանը, որոնք իրենց արմատներով ունեն կանաչ և ժողովրդավար սկզբունք, և դրանցից մեկն այս ծրագիրն է։ Մենք կարևորում ենք այս հանդիպումը, որը տեղի է ունենում արդեն POSTCOP՝ հասկանալու համար այս COP-ի ազդեցությունը, ինչ կարծիքներ կան և ինչ եզրակացություններ հետագա COP-երի համար», - ասաց Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Մկրտիչ Դալլաքյանը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրին СОР29-ի արդյունքները և Հայաստանի կլիմայական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Համաժողովի գլխավոր որոշումը Կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի մասին որոշումն է, որով սահմանվել է զարգացող երկրներին տարեկան 300 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում մինչև 2035 թվականը նախկին 100 միլիարդ ԱՄՆ դոլարի փոխարեն: Ըստ զարգացող երկրների ներկայացրած կարիքների՝ ծախսերը գնահատվում են 5,1-6,8 տրիլիոն ԱՄՆ դոլար մինչև 2030 թվականը։ Միայն հարմարվողականության ֆինանսական կարիքները գնահատվում են 215-387 միլիարդ ԱՄՆ դոլար տարեկան։ Որոշվել է ապահովել բոլոր դերակատարների ջանքերը՝ միասին աշխատելու և մինչև 2035 թվականը ֆինանսավորումը զարգացող երկրներ պետական ​​և մասնավոր աղբյուրներից հասցնելու տարեկան 1,3 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Մինչդեռ Էներգետիկայի միջազգային գործակալությունն ակնկալում է, որ 2024 թվականին առաջին անգամ մաքուր էներգիայի համաշխարհային ներդրումը կգերազանցի 2 տրիլիոն ԱՄՆ դոլարը։

Կլիմայական ֆինանսական համաձայնագիրը կնքվեց այն ժամանակ, երբ 2025 թվականին բոլոր երկրները պետք է ներկայացնեն ավելի հավակնոտ ազգային կլիմայական ծրագրեր։ Հիմնական ֆինանսական հոսքերը կուղղվեն կլիմայական հարմարվողականության և մեղմման ծրագրերի և ԱՍԳ-ների իրագործման համար։ Կլիմայական այս նոր ծրագրերը պետք է ընդգրկեն բոլոր ջերմոցային գազերը և բոլոր ոլորտները՝ ջերմաստիճանի բարձրացումը  1,5°C-ում պահելու համար:  Ջերմաստիճանն գլոբալ մակարդակում  արդեն իսկ գերազանցել է 1,4°C։ Իսկ Հայաստանում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն ջերմաստիճանը գերազանցել է 1,6°C-ը 2023 թվականին։

«COP29-ի հիմնական որոշումը՝ «Կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի մասին», չի լուծում կլիմայական դիմակայունության խնդիրները։ Փարիզյան համաձայնագրով սահմանված ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանում զսպելու նպատակը մնաց նաև COP29-ում, սակայն չեն սահմանվել հանածո վառելանյութի կրճատմանն ուղղված սահմանափակումներ։ Հիմնվելով ֆինանսական ուղղությունների վրա որպես նպատակ, կա անորոշություն ինչպես գումարի չափի, այնպես էլ ֆինանսավորման աղբյուրների  վերաբերյալ։ Օրինակ, մասնավոր ներդրումների ներգրավումը ոչ պատշաճ վերահսկողության պայմաններում իրենից ռիսկեր է ներկայացնում փողերի «կանաչ լվացման» առումով։ Հաստատված տարեկան 300 միլիարդ դոլլարի ֆինանսավորումը, ըստ փորձագետների, կծածկի պահանջարկի 30 տոկոսը։ Միևնույն ժամանակ, փաստագրվել է, որ անգամ նախկինում սահմանված տարեկան 100 միլիարդ դոլար  ֆինանսավորումը պատշաճ չի կատարվել։ Զարգացած ոչ մի երկրի բյուջեում այդ գումարները չեն ներառվել», - ասաց Ինգա Զարաֆյանը։

COP29-ին ընդունվեց համաձայնագիր ածխածնի շուկաների վերաբերյալ։ «Համաձայնեցվել են Փարիզյան համաձայնագրի հոդված 6-ի կենտրոնացված ածխածնային շուկայի համար ընդհանուր ստանդարտները։ Մեխանիզմն ամրագրված է պարտադիր ստուգումներով, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը, մարդու իրավունքների պահպանությանը՝ ներառելով երաշխիքներ, որ ծրագրերը չեն կարող իրականացվել առանց բնիկ ժողովուրդների հստակ տեղեկացման և համաձայնության։ Նախատեսված է, որ նախագծից ազդեցություն կրողը կարող է բողոքարկել որոշումը: Այստեղ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է Ադրբեջանն այս պահանջը բավարարել Արցախի բնիկ հայ ժողովրդի բռնի տեղահանման ֆոնին», - նշեց Ինգա Զարաֆյանը։

Նա նշեց, որ COP29-ում ընդունված որոշումներն  ընդգծում են բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում քաղաքացիական հասարակության, բնիկ ժողովուրդների, համայնքների, միգրանտների և փախստականների, կլիմայական խոցելի համայնքների մասնակցությունը կլիմայական գործողություններում:

«Ածխածնային շուկան գլոբալ առումով չի լուծում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման խնդիրը։ Փաստաթղթում նշվում է ազնվության վրա հիմնված գործարքների մասին, սակայն գնահատման մեխանիզմներ ներկայացված չեն և ոչ մի խոսք չկա դրանք ստեղծելու մասին, ինչը ռիսկեր է պարունակում փողի «կանաչ լվացման» առումով», - ասաց Ինգա Զարաֆյանը։

COP29-ում որոշում է կայացվել ապահովել Կորուստների և վնասների հիմնադրամի ամբողջական գործարկումը։ Հիմնադրամի նպատակն է ֆինանսական օգնություն տրամադրել կլիմայի փոփոխության ազդեցությունից առավել խոցելի երկրներին: Մինչ օրս հիմնադրամի ընդհանուր խոստացված ֆինանսական աջակցությունը գերազանցում է 730 միլիոն դոլարը։ Այս ձեռքբերումներով Կորուստների և վնասների հիմնադրամը կկարողանա սկսել 2025 թվականից սկսած ծրագրերի ֆինանսավորումը։

Ինգա Զարաֆյանն անդրադարձավ նաև UNEP-ի և Ադրբեջանի վարչակազմի համատեղ պատրաստած «COP29 Հանուն կլիմայական գործողությունների՝ ջրերի վերաբերյալ Բաքվի հռչակագրին», որին մասնակցելու մտադրություն է հայտնել շուրջ 50 երկիր։

«Այս հռչակագիրը ենթադրում է ջրամատակարարման, սանիտարական և անդրսահմանային ջրերի կառավարման և համագործակցության ինտեգրում կլիմայական ազգային քաղաքականությունում՝ ԱՍԳ-ներում և ՀԱԾ-երում։ Այն թույլ է տալիս երկրներին լուծել ջրային անվտանգության հարցը, բարելավել հանրային առողջությունը և համակողմանիորեն նվազեցնել կլիմայի հետ կապված խոցելիությունը ջրից կախված հատվածներում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչ գնահատման մեխանիզմով է իրականացվելու անդրսահմանային ջրերի կառավարումը և համագործակցությունը ԱՍԳ-ներում և ՀԱԾ-երում, ում կողմից և որ մարմինը պետք է վերահսկի այս գործողությունները։ Արդյո՞ք Հայաստանը կմիանա այս հռչակագրին և ինչպես կմոտարկի այս դրույթները իր կլիմայական քաղաքականությանը», - հարց բարձրացրեց Ինգա Զարաֆյանը։

«Այս փաստաթուղթը պարունակում է քաղաքական երանգներ, քանի որ հիմնական պահանջները հարևան երկրների երկխոսության և համագործակցության մասին ենթադրում են քաղաքական լուծումներ, սակայն որոշ երկրներ չունեն դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության պայմանագրեր, շարունակվող ռազմական կոնֆլիկտում են։ Այդ ֆոնին հնարավոր չէ գտնել լուծումներ անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործում», - ասաց Ինգա Զարաֆյանը»։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը նշեց, որ նման հռչակագիրը պարտադրանք չէ մեր ապագա հանձնառությունների մեջ ներդնելու կամ չներդնելու։ Բայց կան որոշումներ, որոնք պարտադիր են՝ անկախ նրանից, մասնակցել է երկիրը, թե՝ ոչ, այլապես պետք է դուրս գա կոնվենցիայի կողմ երկրների ցանկից։ «Պետությունն ունի պարտավորություն այն որոշումները, որոնք ընդունվել են և տարածվում են իր վրա, վերլուծել և քաղհասարակությանը տեղեկացնել՝ ինչ որոշումներ կան, որ երկիրը մինչև Բրազիլիա գնալը պետք է անի, քաղհասարակությունը ինչով կարող է օգնել պետությանը, որ այդ որոշումների ներքո ճիշտ դիրքորոշում ձևավորել մինչև Բրազիլիա», - ասաց Դիանա Հարությունյանը։

Անդրադառնալով միջազգային համայնքի բացասական արձագանքին՝ Դիանա Հարությունյանը շեշտեց․ «COP ընդունող ոչ մի երկրի վրա այդքան նեգատիվ  արձագանք չի եղել COP-ի ընթացքում և COP-ից հետո, ինչպես դա եղել է Ադրբեջանի դեպքում։ Բաքուն ավելի շատ իրեն դրեց քննադատության տակ, քան օգտվեց պլյուսներից։ Եղան արձագանքներ բարձր մակարդակով, օրինակ, Իռլանդիայի նախկին նախագահը հայտարարեց, որ նավթարդյունաբերող երկրներում COP չլինի, որովհետև ազդում է որոշումների վրա»։

«Բնական էկոնոմիկա» կլիմայական, քաղաքացիական հիմնադրամի ներկայացուցիչ Մասիս Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է մասնակից ունենար COP29-ին և արձագանքեր Բաքվում ընդունված որոշումներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի ներկայացուցիչ Նատալյա Մարտիրոսյանը նշեց՝ քանի դեռ չի երևում պետությունների մեջ համաձայնության գալու ձգտումը, շատ դժվար է իրականացնել կոնկրետ գործողություններ տարբեր ոլորտներում։ «Ներկայում բնապահպանական խնդիրները դառնում են գործիքներից մեկը, որը կարող է դրական կամ բացասական ազդեցություն թողնել։ Հիմնական հարցը, որը մեր առջև դրված է, արդյոք մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարևանների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ, թե գնում ենք փակ լինելու ճանապարհով», - ասաց Նատալյա Մարտիրոսյանը։ 

Քննարկվեց զարգացող երկրներին տարեկան 300 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորման տրամադրման մասին որոշումը։ «Հայտնի չէ, թե ինչ աղբյուրներից է հավաքագրվելու այս գումարը, ինչ ձևով է այն տրվելու։ Դա հանրային սեկտորի գումար պետք է լինի, որը թափանցիկ է՝ պետությունից-պետություն, ոչ թե բանկային կառույցներով։ Նաև չկա հստակություն, թե ինչքանով համայնքները կարող են դրանից օգտվել», - ասաց Դիանա Հարությունյանը։ Նա նշեց, որ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո լինի թիրախային աջակցություն ջրային ռեսուրսների մաքրման կայանների ստեղծման համար։

Ջերմուկի այլընտրանքային զարգացման աշխատանքային խմբի համակարգող Շիրակ Բունիաթյանը նշեց, որ անհրաժեշտ է մշակել քաղաքականություն՝ ուղղված ջրամբարների քանակի ավելացմանը։ «Մենք տեսնում ենք, որ մեր ջրային պաշարների մեծ մասը, օրինակ, Արփան ու Որոտանը, ուղղակի հոսում են մեր տարածքով, և մենք չենք օգտվում այդ ջրից», - ասաց Շիրակ Բունիաթյանը։

Համայնքների ներկայացուցիչները նշեցին, որ ունեն ցանկություն ներկայացնել ծրագրեր, որոնք կիրականացվեին կլիմայական հովանո ներքո։ Օրինակ, անդրսահմանային ջրերի մաքրում։ Նշվեց, որ համայնքները, քաղհասարակությունն ունեն ներուժ և կարող են մասնակցություն ունենալ, որպեսզի պետական մակարդակով ընդունվեն ճիշտ որոշումներ։

Սույն հոդվածը պատրաստվել է «Համայնքների հզորացում Հայաստանում կլիմայական քաղաքականության իրականացմանը մասնակցության և իրազեկման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ 

Դեկտեմբեր 10, 2024 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր