

Սույն թվականի հունիսի 27-ին Լոռու մարզի Դեբետ բնակավայրում COAF SMART կենտրոնում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Փամբակի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։
Խորհրդակցության նպատակն էր բարձրացնել Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների՝ հատկապես 2021-2030թթ. ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) իրականացման մասին իրազեկվածությունը, ինչպես նաև համայնքային իշխանություններից, քաղաքացիական հասարակությունից և երիտասարդությունից հավաքագրել տեղեկատվություն կլիմայական մարտահրավերների և հասցեագրման կարիքների և հնարավորությունների վերաբերյալ և երկխոսել Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։
FORSETI ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը նշեց, որ քննարկման արդյունքում օրենսդիր մարմնին կներկայացվեն առաջարկություններ, որոնք կարող են նպաստել համայնքների կլիմայի փոփոխության ազդեցության դիմակայության բարձրացմանը։

Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նշեց․ «Կլիմայի փոփոխության դեմ պայքարը մտածողության ձև է, որը նախ և առաջ պետք է հիմնված լինի կլիմայի փոփոխության վտանգների գիտակցմանը։ Եվ շատ կարևոր է կանխել ռիսկերը, քան փորձել լուծել արդեն առկա խնդիրները։ Կարևոր է մեր գիտակցության, մտածողության մեջ ունենալ այդ օրակարգի կարևորությունը, և այստեղ պետք է աշխատել բոլոր ուղղություններով ու հասցնել օրակարգը որոշում կայացնողներին»։

Մերի Գալստյանը կարևորեց համայնքներում թեմատիկ քննարկումների անցկացումը՝ նշելով, որ դրանք պարզ և մատչելի միջոց են կլիմայական օրակարգը տեղի բնակիչներին հասցնելու համար․ «Պատկերացրեք իրավիճակ, երբ քաղաքական գործիչը գալիս է համայնք, և բնակիչը հարցնում է՝ իսկ կլիմայի փոփոխության դեմ ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում։ Ես շատ կզարմանամ, բայց այդպես պետք է լինի։ Կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերը յուրաքանչյուր ընտրության ժամանակ պետք է դառնան քաղաքական օրակարգ»։
«Մենք, նախևառաջ, պետք է հասկանանք կլիմայի փոփոխության պատճառը։ Հիմնականում հետևյալն է՝ զարգացած երկրների կողմից արդյունաբերական զարգացման ընթացքում մեծ ծավալի հանածո վառելիքի այրումն է, որը բերել է ջերմոցային գազերի ավելացմանը, ջերմաստիճանի բարձրացմանը։ Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներն են ավելացել։ Եվ Հայաստանն անմասն չէ գլոբալ փոփոխություններից։ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1․38 աստիճանով համեմատ 1961-1990 միջինի նկատմամբ, իսկ սահմանային վտանգավորության շեմը 1․5 աստիճան է, ըստ Փարիզյան համաձայնագրի», - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդատու Դիանա Հարությունյանը։

Նա նշեց՝ կլիմայի փոփոխության խնդիրը նաև մարդու իրավունքների խնդիր է, հատկապես երիտասարդների, ովքեր ժառանգելու են ոչ նպաստավոր պայմաններ։ Խոսելով ռիսկերի մասին՝ Դիանա Հարությունյանը նշեց, որ Հայաստանը համարվում է ջրային սթրեսով խոցելի երկիր։ Խնդիր կա նաև էներգետիկայի ոլորտում՝ հիմնական սպառողը բնակարանային սեկտորն է, իսկ տներն ու շենքերն էներգախնայող և էներգաարդյունավետ չեն։ «Կարևոր է, որ մենք գնանք զարգացման այն ճանապարհով, որը նախանշված է Փարիզյան համաձայնագրում։ Ջերմաստիճանը բարձրանալու է, ջրի սակավություն լինելու է, լինելու են վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներ, և պետք է հարմարվել, կատարել այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և կնվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումները », - ասաց Դիանա Հարությունյանը։
Հաջորդ հրապարակումներում կներկայացվեն Փամբակ համայնքի կլիմայական ռիսկերը, մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված առաջարկությունները, փորձագետների և տեղի բնակիչների կարծիքները։
Հուլիս 02, 2025 at 15:45
