

Սույն թվականի հունիսի 27-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում՝ COAF SMART կենտրոնում, տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Փամբակի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։


Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը։
Դեբետ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը ներկայացրեց Դեբետի կլիմայական մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցառումները:
Իր ելույթում վարչական ղեկավարը նշեց որ վերջին 10 տարիների ընթացքում միջին ջերմաստիճանը բարձրացել է, ձմեռները դարձել են ավելի մեղմ, հաճախ՝ առանց կայուն ձյան շերտի։ Ամառը սկսվում է ուշ, սակայն բնորոշվում է բարձր ջերմաստիճանով։ Տեղումների քանակը պակասում է, իսկ երբեմն՝ կտրուկ ավելանում՝ առաջացնելով կարկուտ, սելավներ և տեղային հեղեղումներ։ Այս փոփոխություններն ազդել են գյուղատնտեսության, բնական ռեսուրսների և բնակչության առօրյայի վրա։
Հեղեղների պատճառով տեղի է ունենում հողալվացում, ջուրը լցվում է գոմերն ու տնտեսությունները՝ առաջացնելով նյութական վնաս և բերքի կորուստ։ Այս երևույթները լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ են թողնում՝ հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների վրա։ Միևնույն ժամանակ, հողի բերրիությունը նվազում է հողալվացման, կենսաբանական հավասարակշռության խախտման հետևանքով։ Այս գործոնները հանգեցնում են բերքատվության անկման և ռիսկի տակ դնում գյուղատնտեսությունը:
Տաք ու խոնավ եղանակները նպաստել են վնասատուների ակտիվացմանը և Դեբետում վերջին տարիներին դիտվել է նաև բույսերի հիվանդությունների աճ, մասնավորապես, բորբոսային և սնկային վարակների տարածում։

Անուշ Սարգսյանը նաև նշեց համայնքում կլիմայական մարտահրավերներին դիմակայելու համար իրականացվել են կլիմայական ուղղվածությամբ սուբվենցիոն ծրագրեր՝ ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Տեղադրվել են արևային էլեկտրակայաններ, կազմակերպվել են ծառատունկներ, իրականացվել են հարմարվողականության ծրագրեր՝ հողերի պահպանության, ջրի արդյունավետ օգտագործման և գյուղատնտեսական դիմադրողականության բարձրացման ուղղությամբ։ Վերանորոգվել են ջրագծեր՝ խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը բարելավելու համար։
Վարչական ղեկավարը կարևորեց նաև կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքի կայուն զարգացմանը նպաստող միջոցառումները որոնք պետք է հաշվի առնվեն պլանավորման և ֆինանսական աջակցության առաջարկությունների փաթեթում ․
- Կայուն գյուղատնտեսություն․ խթանել օրգանական և պահպանողական հողամշակման մեթոդներ՝ հողի բերրիության պահպանումը երաշխավորելու համար։
- Ջրի ռացիոնալ օգտագործում․ ներդնել կաթիլային և ժամանակակից ոռոգման համակարգեր՝ նվազեցնելու ջրի կորուստը։
- Արևային էներգիա․ շարունակել արևային վահանակների տեղադրումը՝ համայնքի էներգետիկ ինքնաբավությունն ապահովելու համար։
- Հակակարկտային համակարգեր․ զարգացնել կարկտապաշտպան ցանցերի ու սարքերի կիրառությունը գյուղատնտեսությունում։
- Տարածքային կանաչապատում․ իրականացնել շարունակական ծառատունկեր ու անտառվերականգնման ծրագրեր։
- Հակահեղեղային ենթակառուցվածքներ․ ամրացնել ջրատար համակարգերը և կառուցել հեղեղներից պաշտպանող կառույցներ։
- Հանրային իրազեկում․ կազմակերպել բնակչության ուսուցում և վերապատրաստում՝ կլիմայական հարմարվողականության թեմաներով։
Հուլիս 25, 2025 at 15:47
