

Սույն թվականի հունիսի 27-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում՝ COAF SMART կենտրոնում, տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Փամբակի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։
Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը։
Հանդիպման ժամանակ Վահագնի բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը ներկայացրեց բնակավայրի խնդիրները, որոնց հետ բախվում են տեղի բնակիչները՝ հատկապես առանձնացնելով վերջին տարիների կլիմայական մարտահրավերները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները։
Սուրեն Վարդումյանը նշեց, որ Վահագնի ունի 1081 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ հողագործություն, անասնապահություն և մեղվապահություն, միաժամանակ արձանագրեց, որ վերջին տարիներին հողագործությունը և անասնապահությունն անկում են ապրում։

«Անցյալ տարի 73 հեկտար աշնանացան ունեցանք, այս տարի՝ ընդամենը 10 հեկտար։ Անցյալ տարի ունեինք 130 հեկտար տարբեր մշակաբույսերի ցանկ, այս տարի՝ 30 հեկտար, - ասաց Սուրեն Վարդումյանը և նշեց պատճառները, - ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են, ձյուն քիչ է գալիս։ Համայնքի ցանքատարածությունները տուժում են կարկուտներից, սելավներից կամ երաշտից։ Անասնագլխաքանակը նույնպես նվազել է:
Հողագործության զարգացման հիմնական խոչընդոտը կլիմայի փոփոխության պայմաններում ոռոգման ցանցի բացակայությունն է, չնայած կան բավարար ջրային ռեսուրսներ, որը ճիշտ չենք օգտագործում»։

Վարչական ղեկավարը նշեց, որ դիտվում է բույսերի հիվանդությունների աճ, հողի բերրիության անկում, սակայն ինչպես բույսերի, այնպես էլ հողերի բերրիության հետ կապված որևէ լաբորատոր հետազոտություններ չեն իրականացվել, և ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ ներկա պահին որևէ աջակցություն չի տրամադրվել։ Միաժամանակ կա գեոմեմբրանային ջրամբարի կառուցման մշակված նախագիծ-նախահաշիվ ջրային ռեսուրսների հասանելիությունը ավելացնելու համար:
Նշվեց նաև համապատասխան մասնագետների բացակայությունը, որը թույլ չի տալիս բնակիչներին լիարժեք օգտագործել իրենց հնարավորությունները և իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը, այսպես օրինակ՝ բնակավայրը չունի անասնաբույժ, գյուղատնտես, ովքեր կարող են ուղղորդել բնակիչներին՝ ինչպես ճիշտ մշակել հողը և ռացիոնալ օգտագործել ունեցած ռեսուրսը։
Սուրեն Վարդումյանը նշեց, որ Վահագնին զբոսաշրջության զարգացման ներուժ ունի, հայտնի է իր տեսարժան վայրերով, տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և կիկլոպյան դարաշրջանի ամրոց։

Բնակավայրի տարածքով անցնում է «Ազգային արահետ» զբոսաշրջային նախագծի Ձորագյուղ-Վահագնի 7.8 կիլոմետր հատվածը։ Զբոսաշրջային նախագիծը նախատեսում է Ախթալայից մինչև Մեղրի երթուղին և անցնի երկրի 108 գյուղերով։ Քայլուղու երկարությունը կկազմի 954 կմ, որից 354 կմ կանցնի Լոռու մարզով։
Հուլիս 31, 2025 at 13:26
