

Սույն թվականի հունիսի 27-ին Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում՝ COAF SMART կենտրոնում, տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Փամբակի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը և Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը։
Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրի կլիմայական մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցառումները ներկայացրեց «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էմիլիա Մարտիրոսյանը։
Որպես գլխավոր խնդիր Էմիլիա Մարտիրոսյանը նշեց կոյուղատար համակարգի բացակայությունը։ «Սա հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման, սանիտարահիգիենիկ վատ վիճակի, և Աղստև գետի աղտոտման, որը սկիզբ է առնում հենց Մարգահովիտից։ Գետի ներկայիս վիճակը համեմատելի չէ նախկին տարիների մաքրության հետ։ Զարգացել է նաև հյուրանոցային ցանցը իր ենթակառուցվածքներով, սակայն կեղտաջրերն ի վերջո հայտնվում են Աղստև գետում։ Անհրաժեշտ է, որ կեղտաջրերը մաքրվեն, սա լուրջ խնդիր է գյուղի համար՝ հատկապես զարգացման տեսանկյունից», - ասաց նա։
Մարգահովիտում ապրում է շուրջ 3600 մարդ, որոնց հիմնական զբաղմունքն է անասնապահությունը, հողագործությունը, մեղվաբուծություն ու զբոսաշրջությունը։ Սակայն հատկապես վերջին տարիներին դիտվում է արոտավայրերի դեգրադացիա, հաճախակի են դարձել հեղեղները, աճել են բույսերի հիվանդությունները։ Վերջին 10 տարիներին ջերմաստիճանի բարձրացում է նկատվում, ջուրն է շատ պակասել։ Նախկինում մինչև սեպտեմբեր ձյուն կար սարերում, հիմա արդեն հունիսին չկա ։ Եղանակը դարձել է անկանխատեսելի, ինչը նախկինում չի դիտվել։
Էմիլիա Մարտիրոսյանը նշեց, որ կլիմայական մարտահրավերների հաղթահարման որոշակի միջոցառումներ իրականացվել են։ Մշակվել է արոտների կառավարման պլան, իրականացվել է անտառտնկում։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի աջակցությամբ գյուղապետարանի տանիքին տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան, արոտներում տեղադրվել են ջրխմոցներ։ Սակայն դրանց քանակը բավարար չէ։ Բացի այդ, կան դժվարություններ՝ կապված հեռավար արոտավայրերի, հանդամիջյան ճանապարհների հասանելիության հետ։ Կարիք կա նաև իրականացնելու հողի որակի ստուգումներ, բույսերի հիվանդությունների ախտորոշում և բուժում, նաև հեղեղումների կանխարգելիչ միջոցառումներ:
Մարգահովիտում 10 հեկտարի վրա աճեցվում է Միսկանտուս-գիգանտուս բույսը, որից պետք է ստանան բրիկետներ։ Նախատեսվում է կառուցել բրիկետավորման կայան, որը կարող է կրճատել անտառից կախվածությունը և նպաստել CO2-ի արտանետումների կրճատմանը։
Հանդիպման ժամանակ Էմիլիա Մարտիրոսյանը պատգամավորներին առաջարկ ներկայացրեց․ «Երբ օրենքի փոփոխություն է արվում, շատ պարտականություններ դրվում են համայնքի վրա, առանց գնահատելու թե համայնքն այդ ներուժն ունի՞, թե՝ ոչ։ Եթե համայնքում չկան մասնագետներ, ապա այդ պարտականությունները չեն կարող պլանավորվել և իրականացվել։ Կլիմայական միջոցառումներին վերաբերող օրենքների մշակման ժամանակ եկեք վերջ տանք այդ պրակտիկային և նախատեսենք նախատեսվող միջոցառումների մշակման պատվիրակումը համապատասխան մասնագիտացված կառույցների։ Խնդրում եմ՝ այս հարցին լուրջ ուշադրություն դարձրեք»։

ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն արձագանքեց․ «Ամբողջությամբ պատվիրակելուն դեմ եմ։ Պետք է ձևավորել համայնքի կարողությունը, որպեսզի համայնքն՝ ինքն, ունենա կադրեր, բնականաբար, սկզբում աջակցություն ստանալով պետբյուջեից, միջազգային դոնորներից։ Օրենքների ընդունման փուլում այդ հարցերը հաշվի կառնենք»։
Օգոստոս 01, 2025 at 13:30
