

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքը բախվել է մի շարք խնդիրների՝ աշխատատեղերի պակաս, հիդրոէներգետիկայի զարգացման հետևանքով ջրային ռեսուրսների գերշահագործում, անհեռանկարային զբոսաշրջություն և գյուղատնտեսություն: Այս ամենին զուգահեռ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված սրվել են անվտանգության խնդիրները:
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում, Վերիշեն ու Քարահունջ գյուղերում տեղի բնակիչների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը ներկայացրեց Գորիս խոշորացված համայնքի հիմնական սոցիալական և էկոլոգիական խնդիրները:
Մոտ 30 հազար բնակիչ ունեցող համայնքը ձևավորվել է Գորիս քաղաքի և Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն ու Քարահունջ գյուղական բնակավայրերի միավորման արդյունքում: Գորիս խոշորացված համայնքում հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացումը հանգեցրել է ջրային ռեսուրսների գերշահագործման, գետերում՝ բնապահպանական թողքի ծավալի նվազման ու ոռոգման սեզոնին ջրի պակասի, ինչն էլ իր հերթին՝ խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանը:
Համայնքը չունի զբոսաշրջությանը սպասարկող բավարար ծառայություններ և ենթակառուցվածքներ, աղբահանությունը պատշաճ չի իրականացվում, առկա չէ կեղտաջրերի մաքրման կայան, գյուղական բնակավայրերում զարգացած չէ ջերմոցային կուլտուրաների մշակումը։
Մյուս խնդիրը գործազրկությունն է. 2019թ. գործազրկության մակարդակը Գորիս քաղաքային բնակավայրում կազմում է 16,5%: Համայնքում քիչ չեն նաև նպաստառու ընտանիքները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտանեկան նպաստի համակարգում փաստագրված տնային տնտեսությունների քանակը 2020թ. սեպտեմբերի դրությամբ կազմել է 543:
Հիդրոէներգետիկայի ոլորտի խնդիրները
Գորիս համայնքում «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից շահագործվում է Որոտանի հիդրոհամալիրը, ինչպես նաև գործում են մի շարք փոքր ՀԷԿ-եր: «ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությունը չի կարող ապահովել մեծ շահութաբերություն, հետևապես այս վիճակով համայնքը չի կարող ակնկալել սոցիալական աջակցություն ՓՀԷԿ-ից։ Մեկ այլ դեպքում ՓՀԷԿ-ի նախագծման աշխատանքներում հաշվի չեն առնվել ոռոգման ջրապահանջները և ոռոգման ռեժիմները: Միևնույն ժամանակ, գետից ոռոգում իրականացնող անձանց իրավունքները խախտված են, քանի որ, ըստ ՀՀ Ջրային օրենսգրքի, գետից էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով ջրառը ստորադասված է ոռոգման նպատակով ջրառին»,- նշեց փորձագետը:
Այս ամենին զուգահեռ ՓՀԷԿ-երի գործունեությունը չի մեղմում համայնքում առկա գործազրկության խնդիրը. մեկ ՓՀԷԿ-ում աշխատում է մինչև 10 անձ:
Համայնքի տարածքում հիդրոէներգիա են արտադրում հետևյալ ՓՀԷԿ/ՀԷԿ-երը՝
1․ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Որոտան» հիդրոէլեկտրակայանների համակարգ։ Հիդրոէլեկտրակայանների համակարգը կազմված է` Սպանդարյան (76 ՄՎտ), Շամբ (171 ՄՎտ) և Տաթև (157.2 ՄՎտ) ՀԷԿ-երից, որոնց գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404.2 ՄՎտ, տարեկան նախագծային արտադրանքը՝ 1.16 մլրդ կՎտ.ժամ: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգը տեղաբաշխված է Որոտան գետի վրա, օգտագործում են ինչպես գետի հունի, այնպես էլ վտակների ջրերը: Համակարգում արտադրվում է հանրապետության հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 60%-ը, իսկ ամբողջ արտադրված էլեկտրաէներգիայի՝ շուրջ 15%-ը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ջրամբարներից «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ին մինչև 2040թ. տվել է տարեկան 1385205,7 հազ․մ3 ծավալով ջրօգտագործման թույլտվություն:
«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն 2019թ․ 12 ամսում արտադրել և իրացրել է 17027705, 9 հազ․ դրամ ապրանքային արժեքով 983, 643,900 Կվտxժամ էլեկտրաէներգիա (2020թ.՝ 543260147 և 2021թ, ութ ամսում՝ 664150266 Կվտ․x ժամ էլեկտրաէներգիա):
2. «Վ.Ա.Լ. ԷՆԵՐԳՈ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Վ.Ա.Լ.» ՓՀԷԿ-ը, որը գտնվում է Գորիս քաղաքի վարչական տարածքում, ունի ցածր տնտեսական շահավետություն: ՓՀԷԿ-ի հիդրոէներգետիկ սարքավորումներն ունեն ցածր տեխնիկական արդյունավետություն։ ՓՀԷԿ-ի նախագծման աշխատանքներում հաշվի չեն առնվել ոռոգման ջրապահանջները և ոռոգման ռեժիմները: ՓՀԷԿ-ի պատվարից վերև 2 և պատվարից ներքև 3 կետերից ոռոգման նպատակով իրականացվում է ջրառ: Չնայած պատասխանատուները պնդում են, որ ինչպես ոռոգման սեզոնին (4 ամիս), այնպես էլ հեղեղների ժամանակ ՓՀԷԿ-ի աշխատանքները դադարեցվում են, այնուամենայնիվ, գետից ոռոգում իրականացնող անձանց իրավունքները խախտված են, քանի որ, ըստ ՀՀ Ջրային օրենսգրքի, գետից էլեկտրաէներգիային արտադրության նպատակով ջրառը ստորադասված է ոռոգման նպատակով ջրառին։
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համաձայն` 2019թ-ին տարվա 12 ամիսների ընթացքում ՓՀԷԿ-ն արտադրել 10064,6 հազ․ դրամ ապրանքային արժեքով 348,700 կվտ․ժ էլեկտրաէներգիա, իսկ 2020թ․ ութ ամսում՝ 176,399 կվտ․ժամ։
3․ «Որոտնա ՀԷԿ» փոքր ՀԷԿ-ը գտնվում է Որոտան բնակավայրում: Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Որոտնա ՀԷԿ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 79603.0 հազար խմ ջրառ՝ գետում ապահովելով 1.1խմ/վ բնապահպանական թողք:
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համաձայն` 2019թ-ին տարվա 12 ամիսների ընթացքում ՓՀԷԿ-ն արտադրել է 239810,0 հզ․ դրամ ապրանքային արժեքով 8,301,000 կվտ․ժ էլեկտրաէներգիա ( 2020թ․ ութ ամսում՝ 5,673,440 կվտ․ժ):
4․«Բենզար էներջի» ՓՀԷԿ-ը գտնվում է Որոտան համայնքում, տարվա բոլոր ամիսների ընթացքում Որոտան գետից վերցնում է 1293.0 հազար մ3 ջուր` ապահովելով 0.03մ3/վ բնապահպանական թողք: ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը 640 մ է, տրամագիծը` 0.8մ: Արված է բավարար ռելուլտիվացիա: Գետի ջուրն օգտագործվում է նաև ոռոգման և խմելու նպատակով: ՓՀԷԿ-ն ամբողջ հզորությամբ չի աշխատում: Ոռոգման սեզոնին (մոտ 5 ամիս` մայիս-սեպտեմբեր) ապահովում է 50կՎտ, մնացած ամիսներին` 150 կՎտ: Ոռոգման ջրառն իրականացվում է ՓՀԷԿ-ից մոտ 500մ վերև: ՓՀԷԿ-ը ոռոգման համար խոչընդոտ չի առաջացնում: ՓՀԷԿ-ից վերև ոռոգում են իրականացնում Որոտան և Շամբ համայնքները: ՓՀԷԿ-ից վերև ջրառ է իրականացնում «Շամբ» ՓՀԷԿ-ը:
Զոր-Զոր գետի վրա կառուցված «Բենզար Էներջի», «Զոր-Զոր ՀԷԿ-1» և «ԶՈՐ-ԶՈՐ-2» ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (3105 մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 25.875%:
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համաձայն՝ 2019թ-ին տարվա 12 ամիսների ընթացքում արտադրել է 23152,3 հզ․ դրամ ապրանքային արժեքով 888,000 կվտ․ժ էլեկտրաէներգիա ( 2020թ․ ութ ամսում՝ 875.766 կվտ․ժ):
5. «Քարահունջ» փոքր ՀԷԿ–ը գտնվում է Քարահունջ բնակավայրում: ՓՀԷԿ-ը շահագործում է «Քարահունջ ՀԷԿ» ՍՊԸ-ն։ ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսներին Գորիս գետից վերցնում է 29.98 միլիոն մ3ջուր` գետում ապահովելով 0.04մ3/վ բնապահպանական թողք:ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ ՀԾԿՀ-ի, 1740,0մ, 1224,0 մ է: Խողովակաշարի տրամագիծը 1,2մ, 1,0մ է: ՓՀԷԿ-ից վերև գտնվող գետահատվածում Ակներ, Գորիս, Վերիշեն, Քարահունջ համայնքների կենցաղային աղբը և կոյուղաջրերը լցվում են գետ՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և նպաստում սարքավորումների կոռոզիային: ՓՀԷԿ-ում աշխատում է 8 հոգի Գորիս և Քարահունջ բնակավայրերից։
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համաձայն` 2019թ-ին տարվա 12 ամիսների ընթացքում ՓՀԷԿ-ն արտադրել է 241870,0 հազ․ դրամ ապրանքային արժեքով 8,380.800 կվտ․ժ էլեկտրաէներգիա ( 2020թ․ ութ ամսում՝ 5,296.81 կվտ․ժ):
6․ «Սեկա» փոքր ՀԷԿ-ը գտնվում է Քարահունջ բնակավայրում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտանի վտակ Վարարակն գետի վրա, շահագործում է «ԿԱՐԱԼԵՎԱՍ» ՍՊԸ-ն։ «Սեկա» ՓՀԷԿ-ը ՋԹ-ով Վարարակն գետից վերցնում է տարեկան 25.4 միլիոն մ3 ջուր` գետում ապահովելով 0.035 մ3/վ բնապահպանական թողք: Ըստ ՀԾԿՀ-ի` ՓՀԷԿ-ի խողովակաշարի տրամագիծն է` 1,2մ, 1,0մ, երկարությունը` 1450,0 մ, 1200,0 մ, երկարությունը` 1450,0 մ, 1200,0 մ: ՓՀԷԿ-ում աշխատում է 10 հոգի Քարահունջից և Գորիսից:
«Սեկա» ՓՀԷԿ-ի ջրառից իրականացվում է ոռոգում ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ նախաձեռնությամբ որպես սոցիալական ծրագիր: Ըստ «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի կայքի՝ 2019թ․ 12 ամսում արտադրել և իրացրել է 194120,0 հազ․ դրամ ապրանքային արժեքով 6,735,800 կվտ․ժ էլեկտրաէներգիա (2020թ. ութ ամսում 4,215,048 կվտ․ժ էլեկտրաէներգիա)։
7․ «Վարարակն» ՓՀԷԿ-ը շահագործում է «Խ և Մ ընկերներ» ՍՊԸ-ն, գտնվում է Գորիս համայնքի վարչական տարածքում։ Ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի` ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը 2263մ է, տրամագիծը` 0.7մ: Ըստ ՋԹ-ի՝ կարող է իրականացնել 16.30 միլիոն մ3 ջրառ` գետում ապահովելով 0.05մ3/վ բնապահպանական թողք: «Վարարակն» ՓՀԷԿ-ը ապահովում է նախագծային հզորությունը` օգտագործելով առավելագույնը 800-700լ/վրկ ջուր: Ջրի սակավության պատճառով, ըստ ՓՀԷԿ-ի պատասխանատուների, հուլիս-օգոստոս ամիսներին ՓՀԷԿ-ի աշխատանքը սովորաբար կանգնում է: ՓՀԷԿ-ում աշխատում է 6 հոգի Գորիս քաղաքից: ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող գետահատվածում ոռոգում չի իրականացվում:
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համաձայն` 2019թ-ին տարվա 12 ամիսների ընթացքում ՓՀԷԿ-ն արտադրել է 128693, 5 հազ․ դրամ ապրանքային արժեքով 4,457,000 կվտ․ժ էլեկտրաէներգիա, իսկ 2020 թվականի ութ ամսում՝ 2․824,81 կվտ․ժ ։
Ջրահեռացման խնդիրները
Համայնքի խնդիրներից է համայնքի բնակավայրերի կոյուղաջրերով ու կենցաղային աղբով ջրային ռեսուրսների պարբերաբար աղտոտումը: Ըստ Գորիսի 2018-2022թթ. զարգացման ծրագրի՝ Վարարակ գետն անմխիթար սանիտարական վիճակում է՝ գյուղական համայնքներից կոյուղաջրերի և ապօրինի աղբաթափման պատճառով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2020թ. Վարարակ գետի ջրի որակը Գորիս քաղաքից վերև և ներքև ընկած հատվածներում գնահատվել է «վատ»՝ 5-րդ դաս՝ պայմանավորված ամոնիում, ֆոսֆատ իոններով, մանգանով, կոբալտով, երկաթով և կախյալ նյութերով: 2021թ. մարտին 106 և 107 (Գորիսգետ) դիտակետերում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ գետի ջրի որակը Գորիս քաղաքից վերև և գետաբերանի հատվածներում չի փոխվել և այն գնահատվել է «վատ»՝ 5-րդ դասի: Գորիս քաղաքից վերև ապրիլ և մայիս ամիսներին գնահատվել է կրկին «վատ»՝ 5-րդ դաս, հունիսին՝ «անբավարար»՝ 4-րդ դաս: Իսկ գետաբերանի հատվածում գետի ջրի որակը երեք ամիսների ընթացքում գնահատվել է 5-րդ դաս:
Գորիս համայնքի մթնոլորտային օդի որակը
Գորիս համայնքիմթնոլորտային օդի որակը հնարավոր չէ գնահատել, քանի որ ինչպես Գորիս քաղաքում, այնպես էլ համայնքի մնացած բնակավայրերում «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը օդի որակի և աղտոտիչների բաղադրության չափումների դիտակետեր չունի և չափումներ չի իրականացնում:
Հողերի աղտոտվածություն
Նույնը վերաբերում է նաև հողերի աղտոտվածությանը, քանի որ ՊՈԱԿ-ը չի իրականացնում նաև հողերում աղտոտիչների բաղադրության չափումներ:
Գորիս համայնքի զարգացման հեռանկարները
Գորիսը զարգացման խոչընդոտները հաղթահարելու մեծ ներուժ ունի, ինչի համար առկա են որոշակի նախադրյալներ: «Գորիս համայնքի սահմաններում և հարակից շրջաններում կան մեծ թվով բնական ու տեխնածին հուշարձաններ: Համայնքն ունի ռազմավարական աշխարհագրական կարևոր դիրք` որպես տրանսպորտային և տնտեսական հանգույց: Կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների առկայություն, տեղեկատվական տեխնոլոգիաները, առկա ու նախատեսվող ինժեներական լաբորատորիաներ, քաղաքին կից անտառային ծածկույթի և տնամերձ այգիների առկայություն: Այս բոլոր ռեսուրսների գրագետ ու ճիշտ օգտագործումը կարող են դառնալ համայնքի զարգացման հեռանկարները»,- նշեց Ռոզա Ջուլհակյանը:
Գորիսի զարգացմանն ուղղված ծրագրերը
2019թ․ Գորիս համայնքում կատարվել է ռազմավարական և տնտեսական նշանակության ճանապարհների հիմնանորոգում, համայնքի ճանապարհների հիմնանորոգում, բարեկարգում, կապտաժների կառուցում Խնձորեսկ բնակավայրում, Վերիշեն բնակավայրում հիմնվել է «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնը: 2020թ․ Գորիս համայնքում իրականացվել է «Կապտաժի և ջրագծի կառուցում` Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում» ծրագիրը, ծրագրի արժեքը՝ 90900 000 դրամ է, պետական բյուջեի համաֆինանսավորման չափը՝ 59 930 193 դրամ։
2021թ․ հաստատվել են հետևյալ ծրագրերը՝
1․ «Գորիս համայնքի «Գորիսի-Վերիշեն- Ակներ ավտոճանապարհի 1379 մ. հատվածի ասֆալտապատման աշխատանքներ», ծրագրի ընդհանուր արժեքը՝ 294928286 դրամ, համայնքի ներդրումը՝ 162210557 դրամ, պետական ներդրումը՝ 132717729 դրամ։
2․ «Գորիս համայնքի Արտաշեսյան փողոցի 960 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներ», ծրագրի ընդհանուր արժեքը՝ 228288968 դրամ, համայնքի ներդրումը՝ 125558932 դրամ, պետական ներդրումը՝ 102730036,0 դրամ։
3․«Գորիս համայնքի «Մաշտոցի փողոցի 230մ հատվածի և Դիտակետի ճեմուղու 450մ հատվածի ասֆալտապատում», ծրագրի ընդհանուր արժեքը՝ 127401713 դրամ, համայնքի ներդրումը՝ 70070942 դրամ, պետական ներդրումը՝ 57330771,0 դրամ։
Համայնքի զարգացման հեռանկարների մասին տեղի բնակչության և ՏԻՄ-ի կարծիքը կներկայացվի հաջորդ հրապարակման մեջ: Համայնքի սոցիալական վիճակի ամբողջական գնահատումը տես այս հղումով:
«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Փետրվար 16, 2022 at 16:31