

Հայաստանում փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ:
Հիշեցնենք, որ սակագինն անփոփոխ կմնա միայն սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար: Այս բաժանորդների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն 43.48 դրամ:
Փետրվարի 1-ից աստիճանական անցում ենք կատարում էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելին՝ այս շուկայի ազատականացմանը:
Հիշեցնենք, որ բարձրացել է նաև ջրի սակագինը: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Նոր սակագները գործում են 2022 թվականի հունվարի 1-ից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն էլ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, այն ընդունվել է ուսումնասիրության։
Փետրվար 01, 2022 at 15:48