«ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի տնօրենը հերքման պահանջով դատի է տվել «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանին

«ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի տնօրենը հերքման պահանջով դատի է տվել «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանին

Օգոստոսի 7-ին «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Օսիկյանը հայցադիմում է ներկայացրել «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի և նրա տնօրեն Նազելի Վարդանյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտական տեղեկությունները և 1 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձել՝ «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի գործարար համբավին և Արամ Օսիկյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի համար։ 

Հայցի հիմքում դրված են այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների ուսումնասիրության մասին հանրային լսումների ընթացքում, որոնք կայացել են 2025թ․ հուլիսի 7-ին։

Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում հրապարակված հայցի համաձայն՝ Արամ Օսիկյանն իր հասցեին հնչեցված արտահայտությունները որակել է որպես պատվի ու արժանապատվության արատավորում:

Հայցվոր Արամ Օսիկյանը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոցներ՝ արգելելով Նազելի Վարդանյանին և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ին նշված գործով վիճարկվող բովանդակությամբ նոր հայտարարություններ, տեսանյութեր կամ ելույթներ հրապարակել «ՄԵՏԱ ԳՈԼԴ»-ի, Արամ Օսիկյանի և Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ծրագրի առնչությամբ՝ մինչև դատական գործի վերջնական որոշումը: Վերջինս միևնույն ժամանակ պահանջում է youtube.com «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակը և cvmedia.am առցանց հարթակը կառավարող անձանց մինչև վերջնական դատական ակտի կայացումը ժամանակավորապես հեռացնել կամ հանրամատչելիությունից հանել (դարձնել անհասանելի) հուլիսի 7-ի հանրային լսումների ընթացքում Նազելի Վարդանյանի ելույթը պարունակող տեսագրությունը։

Դատական հայցի համաձայն` Արամ Օսիկյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Նազելի Վարդանյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամանակահատվածում նույն վայրում (խմբ․՝ նկատի ունեն Եղեգնաձորի մշակույթի տանը) հրապարակային ելույթի ընթացքում տեսաուղերձի միջոցով հերքել «ՄԵՏԱ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի և Արամ Օսիկյանի հասցեին հնչեցված զրպարտություն հանդիսացող արտահայտությունները՝ տեսաուղերձը տեղադրելով Նազելի Վարդանյանի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև youtube.com և cvmedia.am հարթակներում։ 

Օգոստոս 20, 2025 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր