Էնդոկրին համակարգը խաթարող նյութերի վտանգավորությունն անհերքելի է․ ԱՀԿ-ն և ՄԱԿ ՇՄԾ-ն ահազանգում են

Էնդոկրին համակարգը խաթարող նյութերի վտանգավորությունն անհերքելի է․ ԱՀԿ-ն և ՄԱԿ ՇՄԾ-ն ահազանգում են

Նոյեմբերի 17-ին՝ Քիմիական նյութերի վերաբերյալ գլոբալ շրջանակային ծրագրի (GFC) առաջին միջազգային համաժողովի ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (ՄԱԿ ՇՄԾ/UNEP) կողմից հրապարակել են «Էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող քիմիական նյութերի վերաբերյալ գիտական ​​տվյալների վիճակը՝ 2026 թ․» զեկույցը, որի համաձայն՝ էնդոկրին խաթարիչները, այդ թվում՝ պլաստմասի մեջ լայնորեն կիրառվող քիմիական նյութերը՝ բիսֆենոլներն ու ֆտալատները, ինչպես նաև՝ մի շարք թունաքիմիկատներ, լուրջ վնաս են հասցնում մարդու էնդոկրին համակարգին՝ ազդելով օրգանիզմի բնական հորմոնների վրա։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի համար» (ՀԿՀԱԱՇՄ) կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում ասվում է



Անհերքելի ապացույցները ցույց են տալիս էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող քիմիական նյութերի վտանգավորությունը, սակայն մարդու առողջության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը տասնամյակներով հետ է մնում գիտությունից

Էնդոկրին խաթարիչների վերաբերյալ տարիների հետազոտությունների արդյունքներն ամփոփող նոր, համապարփակ գիտական ​​ուսումնասիրությունը ներկայացնում է անհերքելի ապացույցներ, որ այն միացությունները, որոնք ազդում են մեր օրգանիզմի բնական հորմոնների վրա, ամենուրեք են և կապված են լուրջ հիվանդությունների աճի հետ, մինչդեռ քիմիական կարգավորումները տասնամյակներով ետ են մնում գիտական ​​ապացույցներից՝ սպառնալիք ստեղծելով ամբողջ աշխարհում երեխաների և ընտանիքների համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱԿ ՇՄԾ/UNEP) կողմից այսօր՝ Քիմիական նյութերի վերաբերյալ գլոբալ շրջանակային ծրագրի (GFC) առաջին միջազգային համաժողովի ժամանակ հրապարակված «Էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող քիմիական նյութերի վերաբերյալ գիտական ​​տվյալների վիճակը՝ 2026թ․» զեկույցում ընդգծվում է, որ էնդոկրին խաթարիչները (ԷԽ–ներ) գլոբալ խնդիր են։ Աշխարհի բոլոր տարածաշրջաններից ստացված տվյալները վկայում են առողջությանը սպառնացող վտանգների մասին, իսկ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ «էնդոկրին համակարգի գործառույթի խաթարումը նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների գլոբալ բեռի զգալի մասի ձևավորմանը»։

«Սա կարևորագույն զեկույց է, որն անհերքելի ապացույցներ է գտնում այն ​​մասին, որ մոլորակի վրա գրեթե յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ենթարկվում է ԷԽ-ների ազդեցությանը: Կան նաև համոզիչ ապացույցներ, որոնք շատ դեպքերում հաստատում են ազդեցության և առողջության համար անբարենպաստ հետևանքների միջև պատճառահետևանքային կապերը», - ասաց Լաուրա Ն. Վանդենբերգը, փիլիսոփայության դոկտոր, զեկույցի համահեղինակ և Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանի շրջակա միջավայրի հիգիենայի գիտությունների պրոֆեսոր: «Այդ անբարենպաստ հետևանքները ներառում են հիվանդություններ և խանգարումներ, որոնք ազդում են աշխարհի հարյուր միլիոնավոր մարդկանց վրա: Հանրային առողջության պաշտպանությանը նվիրված քաղաքականության մշակողներից պահանջվում են անհապաղ գործողություններ»:

Էնդոկրին խաթարիչները հանդիպում են բազմաթիվ քիմիական խմբերում, այդ թվում՝ պլաստմասսայում պարունակող շատ քիմիկատներում: Օրինակ՝ բիսֆենոլներն ու ֆտալատները, որոնք հայտնի են որպես ԷԽ-ներ և կոչվում են «ամենուրեք և բոլորի համար» քիմիկատներ, տասնամյակներ շարունակ լայնորեն օգտագործվել են պլաստմասսայում: ԱՀԿ/ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի զեկույցը պարզում է, որ այս և պլաստմասսայից ստացված այլ ԷԽ-ները կապված են լուրջ առողջական խնդիրների, այդ թվում՝ երեխաների մոտ էնդոկրին համակարգի խանգարումների, անպտղության և մի շարք քաղցկեղների, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղի, վահանաձև գեղձի քաղցկեղի և էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման ռիսկերի աճի հետ: Զեկույցում նշվում է, որ ԷԽ-ներից վերարտադրողական առողջությանը և զարգացմանը սպառնացող վտանգների վերաբերյալ ապացույցները «հատկապես համոզիչ են»: Ավելի քան 20 երկրից IPEN–ի անդամ խմբերը վերջերս հրապարակել են իրենց երկրներում բիսֆենոլների և ֆտալատների վերաբերյալ հետազոտությունների արդյունքները:

Զեկույցում նաև նշվում է, որ շատ թունաքիմիկատներ էնդոկրին խաթարիչներ են, և կոչ է արվում կատարել Քիմիական նյութերի վերաբերյալ գլոբալ շրջանակային ծրագրի և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի (UNEA) հետ կնքված պարտավորությունները՝ մինչև 2035 թվականն աստիճանաբար հրաժարվել բարձր վտանգավորության թունաքիմիկատների օգտագործումից: «Այս զեկույցում ԷԽ-ների վերաբերյալ բարձրացված գլոբալ մտահոգությունները հստակորեն մատնանշում են գլոբալ լուծումների անհրաժեշտությունը», - ասել է IPEN-ի գիտական ​​խորհրդատու, գիտությունների թեկնածու Սառա Բրոշեն: «GFC-ն կարող է կարևոր դեր խաղալ գործողություններն արագացնելու գործում՝ ապահովելով, որ ԷԽ-ները մնան մտահոգության առարկա և որ բավարար ֆինանսավորում հասանելի լինի այս վտանգավոր նյութերի պատճառով առաջացող հսկայական, գլոբալ առողջապահական սպառնալիքները լուծելու համար»:

Նոր զեկույցը ԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ 2012թ․–ին հրապարակված «Գիտության վիճակը» (State of the Science) զեկույցի թարմացված տարբերակն է, որում զգուշացվում էր, որ կարգավորող նորմերը զգալիորեն ետ են մնում գիտական ​​առաջընթացից։ Ցավոք, նոր զեկույցը ցույց է տալիս, որ գրեթե ոչինչ չի փոխվել։ Կարգավորման ներկայիս մոտեցումները շարունակում են մնալ հնացած, հատվածական և անկարող՝ դիմակայելու արդյունաբերությունում կիրառվող վտանգավոր (այսպես կոչված՝ «անհաջող») փոխարինման գործելակերպին։ Դրա էությունն այն է, որ քիմիական կորպորացիաները կարգավորման ենթակա քիմիական նյութը փոխարինում են մեկ այլ՝ դրան բաղադրությամբ մոտ, սակայն նույնքան վտանգավոր նյութով։

Բացի այդ, կարգավորումները թերի են՝ պայմանավորված արդյունաբերության կողմից ապատեղեկատվական արշավների կիրառմամբ, կասկածելի լոբբիստական ​​մարտավարությամբ և գիտական տվյալների մանիպուլյացիաներով։ Զեկույցում նշվում է, որ թույլ կարգավորումները համաշխարհային մակարդակով վտանգի են ենթարկում մարդու առողջությունը և ցույց է տալիս, որ մինչ արդյունաբերությունը շահույթ է ստանում, հանրությունը վճարում է ԷԽ-ների ազդեցության հետևանքների գինը։ Զեկույցը բացահայտում է արդյունաբերությանը շահույթ բերող ԷԽ-ների կողմից հասարակության վրա հսկայական տնտեսական բեռի առկայությունը՝ նշելով, որ առողջապահության հետ կապված համաշխարհային ծախսերը «կարող են տարեկան գերազանցել 1 տրիլիոն եվրոն, մինչդեռ շրջակա միջավայրի և սոցիալական ծախսերը, հավանաբար, զգալի են», ընդ որում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ծախսերը կապված են ԷԽ-ների պատճառով առաջացած առողջապահական ծախսերի, արտադրողականության կորստի, հաշմանդամության և վաղաժամ մահացության հետ։

«Թեև քիմիական արդյունաբերությունը հերքում է գիտական ​​տվյալները, ապացույցներն ակնհայտ են. նրանց արտադրանքը գոյաբանական սպառնալիք է ներկայացնում մեր կյանքի և այն առողջ միջավայրի համար, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս,- նշեց Յույուն Իսմավատին՝ IPEN-ի համանախագահն Ինդոնեզիայի Nexus3 կազմակերպությունից,- էնդոկրին խաթարիչները նպաստում են քիմիական աղտոտման գլոբալ ճգնաժամին և արդեն իսկ կապված են անպտղության ու առողջության հետ կապված այլ լուրջ խնդիրների հետ։ Քաղաքականություն մշակողները պետք է հաշվի առնեն այս համապարփակ և անհերքելի ապացույցներն՝ առաջնահերթություն տալով էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող նյութերի նկատմամբ գլոբալ վերահսկողության սահմանմանը»։

IPEN-ը նախկինում հրապարակել է երեք զեկույց՝ համագործակցելով «Էնդոկրինային հարցերով ընկերության» (Endocrine Society) հետ, որը հորմոնների հետազոտմանը և էնդոկրինոլոգիայի կլինիկական պրակտիկային նվիրված՝ աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենաակտիվ կազմակերպությունն է։ Այդ շարքը սկսվել է «Ներածություն էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող քիմիական նյութերի վերաբերյալ» (2014 թ.) զեկույցով, որին հաջորդել են «Պլաստմասսան, էնդոկրին խաթարիչները և առողջությունը» (2020 թ.) և վերջերս հրապարակված «Էնդոկրին համակարգի գործառույթը խաթարող քիմիական նյութեր. սպառնալիքներ մարդու առողջության համար» (2024 թ.) զեկույցները։

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի հետ համատեղ զեկույցում IPEN-ի Կանանց խմբակցությունը զեկուցել է թունունակ քիմիական նյութերի, այդ թվում՝ էնդոկրինային խաթարիչների կողմից կանանց առողջությանը սպառնացող վտանգների մասին։

«IPEN-ը հատկապես մտահոգված է էնդոկրինային խաթարիչների կողմից խոցելի իրավիճակներում գտնվող խմբերի, այդ թվում՝ կանանց, երեխաների, աշխատողների և այլոց համար ներկայացվող սպառնալիքներով», - ասել է Գոհար Խոջայանը, IPEN-ի համանախագահը «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի համար» (ՀԿՀԱԱՇՄ) կազմակերպությունից։ «Այս զեկույցը պետք է լինի արթնացման կոչ՝ անհապաղ գործողություններ ձեռնարկելու համար՝ լուծելու մեր օրգանիզմներում, մեր տներում և աշխատավայրերում, ինչպես նաև ամբողջ մոլորակում տարածված այս վտանգավոր քիմիական նյութերի խնդիրը»։

ԱՀԿ/ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի զեկույցը ցույց է տալիս, որ վաղուց ժամանակն է համաշխարհային գործողություններ ձեռնարկել էնդոկրին խաթարիչների դեմ: Ամփոփ զեկույցում նշվում է, որ գործողությունները հնարավոր են, և առկա են ավելի անվտանգ այլընտրանքներ, և կոչ է արվում մշտադիտարկման և թափանցիկության՝ ԷԽ–ների ազդեցության նվազեցման նպատակով ավելի հիմնավոր որոշումներ կայացնելու և ավելի խիստ կարգավորիչ գործողություններ ձեռնարկելու համար։ Այն խորհուրդ է տալիս հատուկ ուշադրություն դարձնել այն պլաստմասսաներին, որոնք պարունակում են հայտնի ԷԽ–ներ, ինչպիսիք են ֆտալատները և բիսֆենոլները, և կոչ է անում գլոբալ արձագանքի՝ Պլաստմասսայի մասին լուրջ պայմանագրի միջոցով, որը ներառում է մտահոգություն պատճառող քիմիական նյութերի ցանկը և հաշվի է առնում էնդոկրին խանգարումներն իր չափանիշներում: Այն նաև կոչ է անում սահմանափակումներ մտցնել թունաքիմիկատների օգտագործման նկատմամբ, որոնց օգտագործումը գնալով աճում է և մասնագիտական ​​ազդեցության և շրջակա միջավայրի վնասի հիմնական աղբյուր է:

Նոյեմբեր 18, 2026 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր