

«ԷկոԼուրը» նամակով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը:
Նամակի մեջ մասնավորապես նշված է.
«Հարգելի պարոն նախարար,
2019թ-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Մասրիկ-1 արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը»:
Նշենք, որ, համաձայն Ծրագիրը համավարկավորող ՄՖԿ-ի (Համաշխարհային բանկ) 4.01 գործառնական քաղաքակության փաստաթղթի՝ այս նախագիծը դասակարգվում է Բ կատեգորիայի, հետևաբար, դրա համար պահանջվում է ՇՄԱԳ հաշվետվություն և բնապահպանական կառավարման պլան՝ համաձայն Համաշխարհային բանկի մեթոդակարգերի: Նույն մոտեցումներն ունի նաև մյուս համավարկավորողը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որի պահանջներից են.
Պահանջ 1. Էկոլոգիական և սոցիալական ազդեցությունների գնահատում և դրանց կառավարում
Պահանջ 3. Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման վերահսկում և
կանխարգելում
Պահանջ 6. Կենսաբազմազանության պահպանում և կենդանի բնական ռեսուրսների կայուն կառավարում:
2016թ-ին լույս տեսած Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) և Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) համատեղ «End-of-Life Management: Solar Photovoltaic Panels» հետազոտության մեջ նշվում է, որ մինչև 2030 թվականն աշխարհում ձևավորվելու են շուրջ 1.7 - 1.8 միլիոն տոննա ֆոտոգալվանային թափոններ (կուտակային): Մինչև 2050 թվականը ծառայության ժամկետը լրացած արեգակնային վահանակների ծավալը (կուտակային) կաճի՝ հասնելով շուրջ 60-78 միլիոն տոննայի: Այդ քանակությամբ թափոնների վերամշակումը նոր մարտահրավեր է շրջակա միջավայրի համար։
Նշենք, որ 17.07.2019թ. «Մասրիկ-1 արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ-0000610 եզրակացությունը չի ապահովում վերոնշյալ պահանջների կատարումը և համահունչ չէ մեր երկրի կողմից որդեգրած «կանաչ» տնտեսության ուղղությանը:
Մասնավորապես, «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացրած և փորձաքննական դրական եզրակացություն ստացած «Մասրիկ-1» արևային կայանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության բնապահպանական կառավարման պլանում խոսք անգամ չկա Ծրագրի իրականացման, ինչպես նաև ավարտից հետո առաջացող արևային վահանակների վերամշակման և օգտահանման (ուտիլիզացման), դրանց իրագործման համար պահանջվող գումարների, ֆինանսավորման աղբյուրների և պատասխանատուների մասին: Բացի այդ, «Մասրիկ-1 արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության» եզրակացության մեջ որպես փորձագիտական պահանջ նշված է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից ծրագրի տարածքում պետք է իրականացվեն կենսաբազմազանության դաշտային լրացուցիչ հետազոտություններ: Այդ հետազոտությունների ավարտից հետո այն պետք է ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն և նախատեսվող գործունեության համար հատկացված տարածքների և «էմերալդ» էկոլոգիական ցանցի մեջ ընդգրկված տարածքների համընկման դեպքում այդ տարածքներում պետք է բացառել աշխատանքների իրականացումը։
Առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով՝ խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն, թե
1. ինչ միջոցառումներ է նախատեսում նախարարությունը Ծրագրում արևային վահանակների վերամշակման և օգտահանման (ուտիլիզացման) գործընթացների և դրա համար նախատեսվող բնապահպանական կառավարման պլանում ֆինանսական ծախսերի ներառման ուղղությամբ
2. ավարտվել են արդյոք նախատեսված կենսաբազմազանության դաշտային լրացուցիչ
հետազոտությունները և եթե այո, ապա դրանք արձանագրել են «էմերալդ» էկոլոգիական
ցանցի մեջ ընդգրկված տարածքների համընկնումներ, թե՝ ոչ։
Մայիս 05, 2021 at 18:15
