ԷկոԼուրը ՀՀ ՇՄ նախարարությանն առաջարկում է մերժել ՋԹ-ի տրամադրումը «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար

ԷկոԼուրը ՀՀ ՇՄ նախարարությանն առաջարկում է մերժել ՋԹ-ի տրամադրումը «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար

ԷկոԼուրը ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարություն է ուղարկել կարծիք՝ առաջարկելով մերժել ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) տրամադրումը Ձորագետ գետի վրա «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար:

ԷկոԼուրի կարծիքում նշված է.

«Հարգելի պարոն նախարար,

առաջարկում ենք մերժել Լոռու մարզի Ձորագետ գետի վրա «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ»-2 փոքր ՀԷԿ-երի հիդրոկասկադի կառուցման համար «Լոռվա- Ամրոց» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության հայտերը հետևյալ հիմնավորմամբ.

1.  ՀՀ կառավարությունը 2021թ-ի ապրիլի 8-ին ընդունեց «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» 488-Ն որոշումը, որով մերժվում է փոքր ՀԷԿ-ի կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրել այն դեպքում, երբ փոքր ՀԷԿ-ը կառուցվելու է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի վրա: Սույն որոշմամբ հաստատված 25 գետերից մեկը Դեբեդի վտակ Ձորագետ գետն է:

2. Ձորագետ գետի վրա արդեն իսկ կառուցված է 4 փոքր ՀԷԿ՝ «Կաթնառատ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 3450մ), «Ձորագետ 5»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 1850մ), «Ձորագետ 6» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը 2360մ)  և «ՁորաՀԷԿ» (դերիվացիայի երկարությունը 2450մ):  Կառուցման փուլում է գտնվում «Ձորագետ 4» փոքր ՀԷԿ-ը (դերիվացիայի երկարությունը 3800մ): Գործող 4 և կառուցման փուլում գտնվող «Ձորագետ 4»-ը խողովակաշարի մեջ են վերցնում Ձորագետ գետի 13910 մ հատված, կամ՝ գետի 20.76 %-ը: Նոր փոքր ՀԷԿ-երից «Լոռի բերդ 1»-ի դերիվացիոն խողովակաշարի երկարությունը լինելու է 9100մ, տրամագիծը՝ 3000մմ, «Լոռի բերդ-2»-ինը՝ 10500մ, տրամագիծը՝ 2800 մմ: Այս փոքր ՀԷԿ-երի կառուցման դեպքում խողովակաշարի մեջ կվերցվի Ձորագետի 33,510 մ հատված, կամ՝ գետի 50.01%-ը: ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածով նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են այն գետերի վրա կառուցվելու դեպքում, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է: Տվյալ դեպքում «Լոռի բերդ-1» և «Լոռի բերդ-2» փոքր ՀԷԿ-երի կառուցումը կգերազանցի ՀՀ ջրային օրենսգրքով սահմանված գետի 40% ծանրաբեռնվածության շեմը: Նշենք, որ այս հաշվարկը վերաբերում է բացառապես Ձորագետի վրա կառուցված ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածությանը և ոչ այլ ջրօգտագործողներին, որոնք իրենց հերթին ծանրաբեռնում են գետը, և դա ևս պետք է հաշվի առնել:

3. Ձորագետ գետը դասվում է ձկնատնտեսական ջրային օբյեկտների շարքին՝ համաձայն 1991թ. դեկտեմբերի 19-ին ընդունված ՀՀ նախարարների խորհրդի «Հայաստանի Հանրապետության որոշ ջրային օբյեկտներ ձկնատնտեսական ջրավազանների կարգին դասելու մասին» թիվ 687 որոշման հավելվածի: Սակայն Ձորագետի վրա գործող փոքր ՀԷԿ-երը խիստ բացասական ազդեցություն են ունեցել գետի ձկնաշխարհի վրա: «ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՁԿՆՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՁԿՆԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» գիտական աշխատության համաձայն, ինչպես նաև ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացված «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքների  համաձայն, Ձորագետի վրա կառուցված հիդրոէներգետիկ և հիդրոտեխնիկական կառույցները խոչընդոտում են ձկների միգրացիային: Արդյունքում Դեբեդում բնակվող ձկնատեսակները (կարմրախայտը Salmo trutta fario, արևելյան տառեխիկը Alburnoides eichwaldii, Կուրի բեղաձուկը Barbus cyri, Սևանի կողակը Capoeta sevangi, Կուրի կողակը Capoeta capoeta capoeta, Կուրի սպիտակաձուկը Alburnus filippii, մուրծին Luciobarbus mursa, քառթակը Gobiosp., Կուրի լերկաձուկը Oxynoemacheilus brandtii, արծաթաձկնիկը Leucaspius delineatus, բրամը Abramis brama, արծաթափայլ կարասը Carassius gibelio, ծիածանախայտը Parasalmo mykiss, կարպը Cyprinus carpio) որոնց մեծ մասին բնորոշ են սեզոնային միգրացիաները հատկապես բազմացման շրջանում, հնարավորություն չունեն բարձրանալ Ձորագետի հոսանքն ի վեր՝ այստեղ բնակվելու և բազմանալու համար: Արդյունքում Ձորագետը կորցրել է տնտեսական արժեք ունեցող ձկնատեսակներ, և կարող է իսպառ կորցնել ձկնաշխարհը նոր ՓՀԷԿ-երի կառուցման արդյունքում: ՀՀ ջրային օրենսգրքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ, ջրօգտագործման թույլտվություն տալու որոշումը կայացնելիս, լիազոր մարմինը պետք է հաշվի առնի սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունները: ՓՀԷԿ-երի կառուցմամբ կխախտվի Ձորագետի էկոլոգիական հավասարակշռությունը:

4. «Լոռի բերդ-1» փոքր ՀԷԿ-ի խողովակաշարի որոշակի հատված անցնելու է «Գետնանձավ» անձավային թունել» կոչվող բնության հուշարձանի մոտով, որը գտնվում է Ձորագետ գետի ձախ ափից 40-50մ հեռավորության և 35-40 մ բարձրության վրա: ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի  համաձայն՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է գետերի վրա՝ բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում»:

Ապրիլ 19, 2021 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր