Ավարտվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ֆինանսավորումը

Ավարտվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ֆինանսավորումը

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ֆինանսավորման գործարքն ավարտին հասցվեց: Այս մասին հայտնում են «Ամերիաբանկի» մամուլի կենտրոնից: «Ամերիաբանկը» կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:

Կայանը կառուցող «Fotowatio Renewable Ventures» (FRV) ընկերությունը, որը «Abdul Latif Jameel Energy» ընկերության անդամն է և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար, ծրագրի իրականացման համար աջակցություն կստանա Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Եվրամիությունից (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև 384 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: 

Ինչպես հայտնի է, Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ՝ 55 ՄՎտ հզորությամբ արևային կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ բնակավայրում, որի համար ՀՀ կառավարության 2019թ. մարտի 29-ի 326-Լ որոշմամբ օտարվել է 32,6591 հա հողատարածք:

Հիշեցնենք, որ 2018թ. FRV-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կնքեցին կառավարության աջակցության ծրագիր` Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի աջակցությամբ արևային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տիրապետման և շահագործման նպատակով

Ըստ հաղորդագրության՝ «Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով: Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որի հետ կնքված էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն էլ՝ արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին: 

«Կայանը կարող է արտադրել այնքան էներգիա, որքան պահանջվում է Հայաստանի ավելի քան 20,000 տնային տնտեսություն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Ծրագիրը թույլ կտա նաև տարեկան մոտ 40,000 տոննայի չափով կրճատել ածխածնի արտանետումը»,- նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն ասել է, թե Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման համար: «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»,- ընդգծել է նա:

Կայանի կառուցման հետ կապված մեծ ակնկալիքներ ունեն նաև Մեծ Մասրիկի բնակիչները: Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը «ԷկոԼուրի» հետ զրույցում հայտնել էր, թե արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը հնարավորություն է ստեղծում համայնքի առաջ ծառացած զբաղվածության և սոցիալական այլ խնդիրները լուծել: Վերջինս նաև տեղեկացրել էր, թե կայանը կառուցող ըկերության հետ համայնքից 180 հոգու բանվորական աշխատանքներում  ներգրավելու պայմանագիր ունեն:

Հավելենք, որ կայանի տարածքը կազմելու է 128.3 հա: Այն կառուցվելու է 9.2 կմ երկարությամբ 110 կՎ բարձրավոլտ օդային գիծ՝ «Մասրիկենթակայանից մինչ «Կապուտակ» և «Ակունք» օդային հաղորդագծերի խարսխային հենարանները

Թե ինչպիսին կարող են լինել այս ծրագրի ռիսկերը՝ բավարար չափով քննարկված ու ներկայացված չէ: Մասնավորապես, հարցը վերաբերում է կայանի շահագործման հետևանքով առաջացող թափոններին և կայանի համար համայնքից վերցված արոտավայրերին

Մարտ 26, 2021 at 17:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր